«Ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել», – ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան փորձագետների, վերլուծաբանների ու իրավապաշտպանների պնդումներին, թե իր լծակներն օգտագործելով կարողանում է շրջել Երևանի տարբեր վարչական շրջաններում, մարդկանց խնդիրներին է ծանոթանում, նրա այցերը լուսաբանվում են, և սա քաղաքապետի մյուս թեկնածուների հնարավորությունների համեմատ արդար չի լինելու։ «Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, թույլ քննադատություն է»,- ասել է նա:
Գործող իշխանության և նրա ներկայացուցիչների ցինիզմը չափ ու սահման չունի. սա ապացուցված փաստ է:
Մյուս կողմից, ո՞րն է Ավինյանի «լավ աշխատանքը»՝ կեղծ ակտիվի՞զմը, Երևանի ծառերի «կոտորա՞ծը», քաղաքապետարանը «փոխքաղաքապետարան» դարձնե՞լը…
Պարոն Ավինյան, մի մեծամտացեք, Ձեզ մեղադրում են վարչական ռեսուրսը չարաշահելու և ընտրությունների արդյունքներն, ըստ էության, կանխորոշելու մեջ:
Դուք այնքան ցածր վարկանիշ ունեք, որ անգամ բացարձակ իշխանության պարագայում՝ թքած ունեցաք օրենքի վրա ու հրաժարվեցիք Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու լեգիտիմ պահանջից:
Եթե այդքան վստահ եք Ձեր հաղթանակի հարցում, հրաժարվեք պաշտոնից ու մյուս թեկնածուների հետ հարաբերական հավասարության պայմաններում մասնակցեք ընտրություններին:
Չնայած պաշտոնն էլ Ձեզ չի փրկի: Երևանում տրվելու է մեծ իշխանափոխության մեկնարկը: Ժողովուրդն ընտրությունների օրը կտա Ձեր «լավ աշխատանքի» գնահատականը:
Լիլիթ Սիլանյան