Անդրադարձ Փաշինյանի ելույթին


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք ամենեւին էլ իշխող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից»,- խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Այս հայտարարությունը հիշեցնում է մի պատմություն, կապված դեռեւս խորհրդային տարիներին իրականացվող՝ ԽՍՀՄ-ԱՄՆ հեռուստակամուրջների հետ: Դրանք, եթե չեմ սխալվում, իրականացվում էին գորբաչովյան «պերեստրոյկայի» տարիներին: Խորհրդային կողմից հեռուստակամուրջը վարում էր Պոզները, իսկ ամերիկյան կողմից՝ Ֆիլ Դոնահյուն:
Եվ ահա, քննարկումներից մեկի ժամանակ խորհրդային ստուդիայում նստած կանանցից մեկը զգայականությամբ հայտարարում է, որ ԽՍՀՄ-ում իշխանությունը պատկանում է հասարակ մարդկանց, կթվորուհիների եւ այլն, դե խորհրդային գաղափարաբանության շրջանակում: «Չէէ, մերոնք իրավաբաններ են, տնտեսագետներ», ամերիկյան կողմից հնչում է Դոնահյուի արձագանքը:
Հեղափոխական «գաղափարաբանությունը» գուցե ստիպում է կառավարող վերնախավի փոխարեն ներկայանալ իբրեւ «մանդատ ստացած միջին վիճակագրական քաղաքացի», բայց պետությունների համակարգային, ինստիտուցիոնալ զարգացումըւ պահանջում է հենց հմուտ հատկանիշներով եւ «միջին վիճակագրականությունից» ավելի բարձր թե աշխարհայացքա-արժեհամակարգային, թե մասնագիտական-ինտելեկտուալ որակներ ունեցող կառավարիչների դաս:
Դրա, այլ ոչ թե «միջին վիճակագրականության» շնորհիվ է օրինակ ԱՄՆ դարձել առաջատար գերտերություն: Արդիական պետություններ ձեւավորվում են դրա շնորհիվ:
Բոլորովին չունեմ «միջին վիճակագրական քաղաքացի» կատեգորիայի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Բայց, հենց իրենք՝ միջին վիճակագրական քաղաքացիները պետական կառավարման ղեկը վստահում են նրանց, որոնք մեղմ ասած ավելի բարձր են մի շարք որակական հատկանիշներով: Այլապես, բերելով հենց կառավարող շրջանակում ընդունված մոդելային օրինակը, պատկերը նման է նրան, երբ հասարակական տրանսպորտի վարորդը ասի՝ ես ավտոբուսի վարորդ չեմ, այլ միջին վիճակագրական ուղեւոր, որին ղեկը վստահել են մնացյալ ուղեւորները:
Ի վերջո, միայն այդ բարձր հատկանիշներով օժտված վերնախավն է նաեւ ունակ հասկանալու եւ արժեվորելու քաղաքացիների պետության իրական անհրաժեշտությունը, որպեսզի որեւէ կառավարող կարգավիճակ չհանգի կյանքի ու մահվան հարցի եւ այդ հարցին բախվելով չփշրվի իշխանության ընտրության մեխանիզմը, ինչպես պատահում է «կթվորուհիների» կառավարման «գաղափարաբանությամբ» համակարգերում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր