Ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են

Երեկ, ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրականացրեց քաղաքական ակցիա։
Ակցիայի նպատակն էր թույլ չտալ, որպեսզի վարչապետը ԱԺ ամբիոնից ելույթ ունենա, քանի որ, ըստ պատգամավորի, շարունակ ստում է և դրան պետք է վերջ տրվի։
Ինչևէ, չանդրադառնալով քաղաքական ակցիայի բովանդակությանը և բուն նպատակին, նշենք մի շատ կարևոր հանգամանք։ Քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ ակցիներ շատ հաճախ են իրականացվում և բնավ տարօրինակ չեն դիտվում դեմոկրատիայի տեսանկյունից:
Լեհաստանի պառլամենտում դեռևս 2017 թվականին տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ այսպիսի մի բողոքի ակցիա էր իրականացրել ոչ թե մեկ պատգամավոր, այլ մի ամբողջ ընդդիմություն՝ փակելով ոչ թե ամբիոն, այլ նաև նախագահությունը։ Մի քանի ժամ անց, «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությունը թողնելով դահլիճը և ակցիայի ակտիվիստներին, նիստը տեղափոխեց մեկ այլ դահլիճ, որտեղ իրականացրեց իր հերթական նիստը։ Բայց զարմանալին այն էր, որ ընդդիմադիր պատգամավորները հետո դիմեցին դատախազություն, քանի որ կասկածի տակ էին դրել քվեարկության իրավաչափությունը՝ հիմնավորելով, որ քվեարկության դահլիճը հագեցած չի եղել համապատասխան տեխնիկայով և ձայների հաշվարկման սարքավորումներով։
Հիմա կարո՞ղ ենք մեր պետությունը համարել իրավական, որտեղ քաղաքական իրավունքները բռնաբարվում են և այլևս որպես բարձրագույն արժեք չեն դիտարկվում, իսկ լեգիտիմ և օրենքով չարգելված ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են բռի գործիքակազմերով։

Լիլիթ Սիլանյան

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր