Ամոթալին՝ խորհրդարանում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Եթե չեմ սխալվում, Ազգային Ժողովում համազգեստով ծառայություն իրականացնողները Պետական պահպանության ծառայության տղաներն են: Քաղաքական ինչ որ հավակնությունների ու չգիտես էլ ինչերի հետեւանքով, այդ տղաները հայտնվում են իրենց համար նվաստացուցիչ պայմաններում՝ ընկած պատգամավոր են քաշում, քաշքշում, որպեսզի կատարեն դահլիճից դուրս հանելու հրահանգը:
Չգիտեմ, թե կանոնակարգով ով է «կարել այդ կոստյումը» եւ ում «հագով», բայց, որ այդ «կոստյումը» «թափ տալու» անպատիվ գործը թողնվում է Պետական պահպանություն իրականացնելու կոչված ինստիտուտի աշխատակիցների վրա, դա ամենացավալին, ամոթալին ու խայտառակն է, որ կատարվում է խորհրդարանում:
Նրանք չեն կարող չենթարկվել այն կանոններին, որ սահմանվել են իրենց գործունեության համար: Կարող են հնչել չենթարկվելու կոչեր, բայց դա փաստացի կնշանակի ապստամբություն եւ կլինի այլ «օպերա»՝ օգուտի ու վնասի մեղմ ասած անորոշ հարաբերակցությամբ: Բայց, որ այս պարագայում կարեւորագույն կառույցը հայտնվում է ինչ որ ուժերի, եւ առավել եւս անձանց քաղաքական հավակնության «գործակատարի» կարգավիճակում, սա է լրջագույն խնդիրը խորհրդարանում տեղի ունեցողի համատեքստում:
Այլապես՝ մեծամասնություն ու ընդդիմություն շատ վաղուց արդեն դարձել են «քաղաքական սիամական երկվորյակներ», ըստ այդմ բացարձակ իմաստ չեմ տեսնում քննարկել, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է սադրող, ով՝ պատասխանող կամ արձագանքող: Նրանք իրենց հայտնի դիմակայությամբ ապահովում են իրենց քաղաքական գոյության նվազագույն «կոմֆորտ զոնան», մնացյալը զեղումներ են երկրպագուների համար:
Ի դեպ, երկրպագուների մասին: Դրոշակներով եւ շեփորներով մեկնաբանություն բաժնում հայտնվելը խորհուրդ չի տրվում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր