Site icon politcom

Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը

Երեկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին:
Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է:
Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով՝ կարգավիճակի ճշգրտման հարցը թողնելով ապագային:
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանվող Փուլային տարբերակն, ըստ էության, ճանաչում էր ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը, փաստացի անկախություն էր երաշխավորում Արցախի համար՝ միջազգային ամուր երաշխիքներով:
1998-ի հեղաշրջումից հետո, ԼՂ-ն բանակցային գործընթացում սուբյեկտից վերածվեց օբյեկտի ու այդ հանգամանքը որոշակի արտացոլում գտավ Մադրիդյան սկզբունքներում, որոնք, ինչպես կանխատեսվում էին, ավելի ոչ բարենպաստ էին հայկական կողմի համար, քան էր 1997-ի Փուլային տարբերակը:
Այնուամենայնիվ, թե Մադրիդյան սկզբունքները, թե դրա տարբեր մոդիֆիկացիաները, այդ թվում՝ Լավրովի, պլանը, իրականություն դառնալու պարագայում՝ հստակ երաշխավորում էին ԼՂ-ի քաղաքական սուբեկտությունը, նրա ժողովրդի անվտանգությունը:
Մադրիդյան սկզբունքներին «պատերազմ» հայտարարած Փաշինյանն՝ իր անհեռատես քաղաքականությամբ, 44-օրյա պատերազմի հետևանքով, ոչնչացրել է ԼՂ սուբեկտության հեռանկարը՝ այն, ըստ էության, դարձնելով Ադրբեջանի ներքին հարց կամ լավագույն դեպքում՝ ռուս- ադրբեջանական սակարկության թեմա:
Սրան գումարած՝ Փաշինյանի այդ քաղաքականությունը չի երաշխավորում անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, որպես ալիբի, նշում են նրա կողմնակիցները:
Եվ այս անհեռատես քաղաքականության համար վճարել է հայ ժողովուրդը՝ իր հազարավոր զավակների կյանքերի գնով:
Ահա, թե ինչը չի ներվելու Փաշինյանին:
Ինձ պես ռացիոնալ մտածող հազարավոր մարդիկ չեն ակնկալել, որ Փաշինյանը հասնելու է ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, մեր ակնկալիքը շատ հստակ է եղել, որ նա արձանագրելու է իր ստացած ժառանգությունը ու ԼՂ խնդիրը լուծելու քաղաքական կամք ու խիզախություն է դրսևորելու:
Նա ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version