Ազգային աղետից «5 պակաս» ռեժիմում ենք. գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը: Փաստացի Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, ինչն ինքնին կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը:
Ես չեմ տրվելու ոմանց գայթակղությանը ու անարգանքի սյունին չեմ գամելու ոչ Ռուսաստանին(Լաչինի միջանցքում ադրբեջանական բեսպրեդելը թույլ տալու համար), ոչ Արևմուտքին(Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու, անատամ հայտարարություններ անելու համար):
Ալիևին հաջողվել է՝ իր ագրեսիվ քաղաքականության շուրջ ապահովել միջազգային լռելյայն լոյալություն ու, ցավոք, դա փաստ է:
Եթե մենք մեզ ճանաչում ենք՝ որպես պետություն և պատասխանատու հասարակություն, պարտավոր ենք մեր մասին խոսել, հասկանալ, թե կատարվածում որքան է մեր մեղքը ու որտեղ են սկսվում աշխարհաքաղաքական կենտրոնների գլոբալ օրակարգերը, որոնք կարող են ոտնատակ տալ մեր շահերը:
Ղարաբաղը կորցնելուց «5 պակաս» ռեժիմում ենք, բայց այս ավերը, որի հիմնական պատասխանատուն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է, այսօր կամ երեկ չի սկսվել:
1998-ին կորցրեցինք արժանապատիվ խաղաղության հասնելու բացառիկ ու թերևս՝ միակ իրական հնարավորությունը:

Սա Լևոն Տեր-Պետրոսյանի պարտությունը չէր, սա Ռացիոնալ Հայաստանի պարտությունն էր, հայկական «թերմիդորականության» հաղթանակը, մի քստմնելի պետական հեղաշրջում, որն արվեց Արցախի դրոշով՝ Արցախի շահերի դեմ:
Երրորդ հանրապետության վերջին թելը կտրվեց 1999թ-ի հոկտեմբերի 27-ին: Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը չսպանվեին, մի քանի ամսում Ռոբերտ Քոչարյանը կեռացվեր իշխանությունից ու գուցե հնարավոր լիներ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը:
Հետո եկավ քրեաօլիգարխիկ համակարգի 20-ամյակը, երբ Արցախն ընդամենը պատրվակ էր՝ իշխանություն պահելու, հարստանալու, հարստահարելու համար:
Դրա համար Քոչարյան- Սարգսյան զույգին պետք էր ստատուս-քվոյի թվացյալ պահպանում՝ ներսում «ոչմիթիզականության» գռեհիկ քարոզչությամբ, ռեալ պոլիտիկի ռեժիմում՝ Հայաստանի դիրքերի թուլացմամբ, որովհետև դիվանագիտական միջավայրն ու ուժերի հարաբերակցության բալանսը փոխվում էին՝ ի օգուտ Ադրբեջանի:
Քոչարյան- Սարգսյան զույգի կառավարման անտաղանդ խզբզոցն էր Նիկոլ Փաշինյանը՝ իր «թավշյա հեղափոխությամբ»:
Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան քաղաքականությունը՝ բնույթով ամբարտավան ու անպատասխանատու, կոչված էր հանրությանը համոզելու, որ դրա հեղինակը ավելի ոչմիթիզական է, քան իր երկու ղարաբաղցի նախորդները:
Ոչմիթիզականության այս խայտառակ մրցավազքը

Բաքվին թույլ տվեց՝ պատերազմի շուրջ ձևավորել միջազգային կոնսենսուս:
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չսթափվեց, այլ ընկավ մյուս ծայրահեղության մեջ՝ չկայացած «Տիգրան Մեծից» վերածվելով անսկզբունք պացիֆիստի:
Ռուսաստանին ու Արևմուտքին մեղադրելուց առաջ քննարկեք Հայաստանի ղեկավարի վարքագիծը: Ինչի՞ դիմաց էր նա իջեցնում ԼՂ կարգավիճակի նշաձողը, Պրահայում ի՞նչ երաշխիքների դիմաց էր անվերապահորեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂ տոտալ շրջափակման ու հայաթափության հեռանկարի շուրջ միջազգային կոնսենսուս ստանալո՞ւ:
Ի՞նչ մանկամիտ «ռոմանտիկ» ակնկալիքներ էր տածում Արևմուտքից, երբ ակնհայտ է, որ տարածաշրջանային խնդիրները լուծվելու են ռուսական, թուրքական, իրանական շահերի խաչմերուկում:
Ելքեր, անշուշտ, կան, բայց դրանք անհասանելի են «քայլող» պատուհասների համար: Գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր