Խաղի մեջ լինելը մենք շփոթում ենք խաղացող լինելու հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Միանգամայն կանխատեսելի է մեր վարքը ադրբեջանական նոր սադրանքի պարագայում: Հիմա եւ առաջիկա օրերին Հայաստանում բուռն կերպով կծավալվի պայքարը՝ արեւմտամետության եւ ռուսամետության, կամ հակաարեւմտականության եւ հակառուսականության տրամաբանությամբ: Բաքուն ռուսների ասելով կամ համաձայնությամբ է փակել Լաչինի միջանցքի սկզբնամասը, թե՞ ռուսների դեմ է արել դա:
Բաքուն դա արել է նախ Թուրքիայի ուղիղ հավանությամբ, ինչի մասին է խոսում այն, որ տեղի է ունենում ապրիլի 23-ին: Սա Էրդողանի «խորհրդանշանապաշտության» հերթական ակնառու դրսեւորումներից է:
Միաժամանակ, քայլն արված է այն ստույգ հաշվարկի շրջանակում, որով արվել էր «էկոակտիվիստների» գործողությունը: Այն է, դա մի գործողություն է, որի շահառություն առկա է ուժային գործնականում բոլոր կենտրոնների մոտ, ինչի շնորհիվ էլ մենք տեսնում ենք, որ Ալիեւի հանդեպ չի եղել որեւէ կոնկրետ քայլ, որը կենթադրեր պատասխանատվություն Արցախի շրջափակման համար:
Հասկանում եմ իհարկե, որ ամենից շահութաբերը՝ թե ծափերի, թե գուցե անմիջական նյութական իմաստով, որեւէ այսպիսի դեպքում «մետերի» կամ «հակաների» դաշտում ծավալվելն է: Որովհետեւ հակառակը պահանջելու է բավականին բարդ ու ծանր, եւ պատասխանատու առերեսում վերը նկարագրված հանգամանքի հետ, այն է՝ Բաքվի այս քայլերի՝ գործնականում միջազգային լայն եւ նվազագույն լայն մի «լոյալության»:
Որովհետեւ ընդունել սա, նշանակում է ստանձնել որոշակի պատասխանատվություն այդ հանգամանքը պայմանավորող բովանդակության հետ առերեսվելու եւ ըստ այդմ այդ բովանդակության հանդեպ դիրքորոշում ձեւավորելու կամ արտահայտելու համար: Դրա փոխարեն միշտ ավելի կոմֆորտ է՝ կամ մեղադրել գործող քաղաքական ղեկավարությանը արեւմտամետ եւ հակառուս լինելու համար, կամ մեղադրել՝ ոչ բավարար արեւմտամետ եւ ոչ բավարար հակառուս լինելու համար:
Քանի որ քաղաքական ղեկավարությունն էլ գործնականում չունի ավելիի էական ներուժ, իր հերթին իշխանության պահպանման խաղը կառուցում է այս երկու ծայրահեղությունների վրա խաղալով:
Հանրագումարում, սահմանափակում է Հայաստանի արդյունավետ խաղացող լինելու հնարավորությունը, եւ մենք մնում ենք խաղի մեջ, քանի որ մեր լինելը պահանջված է այլ խաղացողնների համար, բայց խաղի մեջ լինելը մենք շփոթում ենք կամ ըստ նպատակահարմարության մատուցում ենք իբրեւ խաղացող լինելու վկայություն:
Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, որի հետ առերեսվելու պատասխանատվության ու ցանկության բացակայության դեպքում, մենք շարունակելու ենք մնալ պարզունակ ծայրահեղությունների աքցանում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր