Արմեն Գրիգորյանի «բացահայտումը» կամ դիլենտանտ իշխանության ոդիսականը

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրմանը նախօրեին Հանրայինի հետ զրույցում անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը պնդել է՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հետևաբար հենց Ռուսաստանն էլ պետք է ճանապարհը բացելու խնդիրը լուծի։
«Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են Ռուս խաղաղապահները, պատկանում է, որովհետև նոյեմբերի 9 -ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը», – Նշել է Գրիգորյանը:
Նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց հայտարարության մեջ որևէ խոսք չկա, որ միջանցքը պատկանում է Ռուսաստանին։
Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված Արմեն Գրիգորյանի այս անգրագետ «բացահայտումը»:

Առաջին տրամաբանական եզրակացությունն այն է, որ այս իշխանությունը, մեղմ ասած, դիլետանտ է՝ արկածախնդրության բաղադրիչով: Մի ժամանակ էլ Փաշինյանը կարգավորման Մադրիդյան սկզբունքները փոխարինել էր իր մոգոնած Մյունխենյան սկզբունքներով ու «սուր» էր ճոճում միջազգային հանրության դեմ:
Հետևանքները հայտնի են:
Եթե Հայաստանի իշխանությունը նման գրագիտությամբ և որակով է բանակցում, թերևս հենց այսպիսի աղետալի վիճակում պետք է գտնվեին Հայաստանն ու Արցախը:
Երկրորդ հետևությունն այն է, որ Փաշինյանը հանճարեղ մի պլան է մոգոնել, որպեսզի գժտեցնի Ռուսաստանին ու Ադրբեջանին: Այս վարկածի հաջողության միակ, բայց անհաղթահարելի պրոբլեմն այն է, որ Գրիգորյանի պնդումն ավելի շատ ընդհանուր օրակարգ կձևավորի Մոսկվայի ու Բաքվի համար, որոնք կշտապեն միասնական ուժերով ծաղրել Գրիգորյանին:
Եվ վերջապես՝ Գրիգորյանը, թերևս, նպատակ է ունեցել հասարակության շրջանում հակառուսականության նոր ալիք հրահրել՝ ցույց տալու համար, թե ինչպես են ռուսներն իրենց «պատկանող» Լաչինը «նվիրում» ադրբեջանցիներին: Այս դեպքում գործ ունենք գավառական «շուստրիության» հետ, ինչի համար հատուցելու են ոչ թե Գրիգորյանը կամ Փաշինյանը, այլ Հայաստանը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր