Թե՜ Էրդողանի, թե՜ ընդդիմության թուրքերը նույն թուրքերն են

«Գեոպոլիտիկ» տելեգրամյան ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանի գրառումը

Չեմ հիշում` որ գրքում կամ ֆիլմում եմ հանդիպել 20-րդ դարասկզբին Երիտթուրքական հեղափոխության և երիտթուրքերի հետ հայերի կապած մեծ հույսերի վերաբերյալ մի շատ պատկերավոր նկարագրության, բայց գրվածը կարծես վերաբերում է նաև մեր օրերին, երբ տարբեր շրջանակների կողմից հայ հասարակությանը փորձ է արվում համոզել, որ վատ թուրքերին` Էրդողանի գլխավորությամբ, փոխարինելու կգան լավ թուրքերը, ինչը ավելի լավ կլինի հայերի համար, և որ ներկայիս ընդդիմադիրները ուրիշ թուրքեր են, արևմտամետ են, հակահայ չեն և այլն։ Իհարկե, այս ամենը ոչ այլ ինչ է, քան զառանցանք։
Նախ, այս պահի դրությամբ Էրդողանի պարտությունը իրատեսական չէ։ Սա ֆիքսենք։ Հետո, ընդդիմության ենթադրյալ հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու։ Ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուի կողքին գտնվում և նրան աջակցում է Ահմեդ Դավութօղլուն, որի հեղինակած «Ռազմավարական խորք» գիրքը լիովին արտացոլում է այն քաղաքականությունը, որը որդեգրել է Թուրքիա պետությունը և որից չի շեղվելու հետագայում` անկախ նրանից, թե ով կլինի իշխանության։ Նույն Դավութօղլուն շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Թուրքիայի համար սա լավագույն պահն է Հայաստանից առավելագույնը ստանալու համար։ Ինչու՞ է ոմանց թվում, որ ավելի արևմտամետ Թուրքիան չի վարելու հակահայկական քաղաքականություն։
Թուրքիայում ընդդիմության հաղթանակը ստիպելու է Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ, իսկ Անդրկովկասում ռուսական քաղաքականության փոփոխությունն իր վրա ուղիղ կերպով առաջինը զգալու է Հայաստանը։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսաստանը պարզապես ստիպված է լինելու կտրուկ և ագրեսիվ քայլերի գնալ Հայաստանում։ Խոսքը պատերազմի կամ ռազմական գործողությունների մասին չէ, այլ տարածաշրջանում նոր դիրքավորման անհրաժեշտությունից բխող քաղաքական որոշումների։ Դա է ստիպելու ռուսական շահը։
Ժամանակին էլ մեր նախնիներին համոզել են, որ 1908 թվականին իշխանության եկող թուրքերը ավելի լավն են, քան հները։ Ավելին` հայերը նաև աջակցել են երիտթուրքերին, իսկ արդյունքը իրեն ուշացնել չի տվել։ Թե՜ Էրդողանի, թե՜ ընդդիմության թուրքերը նույն թուրքերն են, որոնց պատկերացումները և ծրագրերը Հայաստանի և Թուրքիայի` դեպի արևելք ծավալվելու քաղաքականության վերաբերյալ նույնն են, պետք չէ մոլորությունների մեջ ընկնել և սին հույսեր ունենալ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր