Խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին:
Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է Վաշինգտոնի միջնորդությամբ տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության, օրակարգի մասին:
«Էթնիկ փոքրամասնություն» կոչվածը բացառում է ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության որևէ հեռանկար՝ ենթադրելով Արցախի հայության «ինտեգրում» Ադրբեջանին` որպես ունիտար պետություն:
Ավելորդ է ասել, որ սա հայաթափության ամենակարճ ճանապարհն է:
Սակայն առավել մտահոգիչ է ամերիկացի դիվանագետի այլ ձևակերպում, թե «կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանն Արցախում հայերին «հանդուրժելու» դիմաց՝ պահանջում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան:
Սա, թերևս, խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկն է:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր