Վաշինգտոնյան ռաունդ՝ առանց շոշափելի արդյունքների

Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյան- Բայրամով բանակցությունների վաշինգտոնյան ռաունդը մեծ արդյունավետություն չունեցավ:
Կողմերը նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունեցին՝ սահմանափակվելով միասնական մի հաղորդագրությամբ:
Կարծում եմ՝ Վաշինգտոնի բանակցություններն առնվազն երկու պատճառներով դատապարտված էին նման արդյունքի.

1) Հայ- ադրբեջանական ուղղակի երկխոսության ինստիտուտը չի կարող արդյունավետ աշխատել՝ գոնե այն պատճառով, որ Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունի ուժային դիսբալանս, ինչի հետևանքով Ադրբեջանը փորձում է Երևանին պարտադրել իր օրակարգն ամբողջությամբ,

2) մեզ կարող է դուր գալ կամ ոչ Ռուսաստանի քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ առանց Մոսկվայի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման: Ռուսաստանն ոչ միայն Հարավային Կովկասի հիմնական մոդեռատորն է, այս հակամարտության առանցքային միջնորդը, այլ նաև՝ ըստ էության, այս հակամարտության կողմ ու մասնակից է, ինչը բխում է նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից:

Իհարկե, ասվածից չի բխում, թե բանակցությունների մոսկովյան ռաունդը հաջողելու է: Առհասարակ, դժվար է պատկերացնել հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, երբ այդ ուղղությամբ չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր: Այդպիսք չեն կարող լինել Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության, միջազգային քաոսի պայմաններում:
Այս վիճակն, իհարկե, նոր ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության, Արցախի հայաթափության համար:

Հ.գ- Ի դեպ, Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,800 ք/կմ տարածքով։ Պատկերացնո՞ւմ եք մեր դիվանագիտության անզորությունը, որն, ըստ էության, զիջել է Արցախի սուբեկտության հեռանկարը ու հիմա կռիվ է տալիս 29,800 ք/կմ-ի համար՝ ակնարկելով, որ անգամ դա երաշխավորված չէ:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր