Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում

Երեկ հարազատներիցս մեկն ասում էր՝ ավտոբուսի մեջ Փաշինյանի որդի Աշոտին է տեսել:
Միանգամից մի քանի միտք սկսեցին տանջել ինձ:
Աշոտի վնասվածքը փաստորեն լուրջ չէ ու դա լավ է, բայց այդ դեպքում՝ ո՞րն էր որդեկորույս մորը կալանավորելու, նրան ցուցադրաբար պատժելու ու կրքեր բորբոքելու պատճառը:
Հիմա՝ ավելի լուրջ խնդրի մասին:
Փաստորեն, հայտնի միջադեպից հետո, Աշոտը դարձյալ շրջում է առանց թիկնապահների՝ հասարակական տրանսպորտով:
Դե, իշխանական PR-ը հեքիաթ կպատմի «ժողովրդական» վարչապետի ու նրա նույնքան «ժողովրդական» ընտանիքի մասին:
Չէ, սիրելիներս, ձեր վարչապետը վաղուց «ժողովրդական» չէ ու այդ բառը նրա համար ձև է՝ զուրկ բովանդակային որևէ բաղադրիչից:
Նիկոլի չափ Հայաստանում որևէ մեկն իշխանություն չի սիրել, այն պահելու համար նա պատերազմ է սադրել, անհրաժեշտ պահի պատերազմ չի կանգնեցրել, 4000-ը նրա համար ոչ թե ողբերգության խորհրդանիշ է, այլ սոսկական թվաբանություն ու հենց այդ տրամաբանությամբ՝ նա համարեց, որ արտահերթ ընտրություններից հետո նա «մաքրել» է հաշիվները պատերազմի հետ ու հիմա «կարմիր լաթ» տեսած ցլի պես կատաղում է, երբ կան մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի, պարտության, դրանում իր պատասխանատվության մասին:
Ժողովուրդը դեռ կառերեսվի «ժողովրդական» Նիկոլի հետ, երբ իշխանությունը կորցնելու պահին նրան երազներում այցի գա Քոչարյանն՝ իր «արժեքավոր» խորհուրդներով: Այդ օրը սարերի հետևում չէ:
Նիկոլն ու նրա ընտանիքը թքած ունեն պետության վրա: Հակառակ պարագայում՝ Աշոտը չէր «հանդգնի» առանց պետական պահպանության շրջել՝ հայտնի միջադեպից հետո:
Խնդիրը խորքային ու վերաբերում է ոչ այնքան Աշոտի, որքան երկրի անվտանգությանը, որովհետև նրա հայրը, դժբախտաբար, դեռ վարչապետ է:
Պետք է համապատասխան կառույցները, հատկապես՝ ՊՊԾ-ն, հետևություններ անեն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն, քայլեր իրականացնեն:
Այս կառույցների ղեկավարները տիրապետում են օպերատիվ տվյալների ու շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանին կամ այդ ընտանիքի որևէ անդամի տեսնելիս՝ հասարակության յուրաքանչյուր երրորդ անդամը գուցե չկարողանա զսպել էմոցիաները: Ընտանիքապետության, դրա «տաղանդավոր» կառավարման հետևանքով:
Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում, եթե անգամ հայտնի մի ընտանիք նման դիվային հաշվարկ ունի:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր