Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. այսօր Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Իհարկե, բոլորս կարող ենք դատափետել Ալիևին՝ զուգահեռաբար գեներացնելով հայրենասիրական նարատիվ, բայց Ադրբեջանի նախագահը նկարագրում է այն իրավիճակը, որը ստեղծվել է բանակցային գործընթացում:
Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը(ինչն անխուսափելի էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո), այլև Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը, այլ խոսքով՝ ԼՂ-ի ինտեգրումն ունիտար Ադրբեջանին՝ առանց որևէ սուբեկտության հեռանկարի:
Սա է իրականությունը ու Արցախը «փուռը տալու» ճանապարհին Փաշինյանն ու նրա թիմը գեներացնում էին Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության թեզը՝ իբրև թե «հերոսաբար» դիմադրելով ռուս- ադրբեջանական «դավադրությանը»՝ արտատարածքային միջանցք հանձնելու պահանջով:
«Ինքնիշխանության» վերջին արարը Փաշինյանը «բեմականացրեց» օրեր առաջ: Նրա «հայրենասիրության» հասցեատերը ոչ Ալիևն էր, ոչ Պուտինը:
Փաշինյանը «հերոսաբար» ցույց էր տալիս մեր

հասարակությանը, թե հանուն ինչի «զոհաբերեց» Արցախը:
Ներկայացումն անկատար մնաց, որովհետև պարզվեց՝ Պուտինն ու Ալիևը խոսում էին «տրանսպորտային միջանցքի» մասին, որը չի ենթադրում հավակնություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Ստացվում է՝ Փաշինյանը «հերոսաբար» պայքարում է մի «սպառնալիքի» դեմ, որը չունի այն նկարագրությունը, որի մասին խոսում են նրա թիմը, «հաստիքային» արևմտամետները:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն, անշուշտ, ունի Հայաստանի սուվերենիտետի սահմանափակման որոշակի ռիսկեր, բայց դրանք ստեղծել է Փաշինյանն՝ իր ստորագրությամբ:
Փաշինյանն իր ստորագրությունը չեղարկելու հնարավորություն չունի, բայց կարող էր ու Արցախի համար չապահովեց սուբեկտություն, ոչ թե Ադրբեջանի «անբաժանելի մաս», այլ «բաղկացուցիչ» լինելու հնարավորություն:
Ուներ հնարավորություն, բայց բաց թողեց…
Հիմա Փաշինյանի գերխնդիրը տարածաշրջանը ռուսական ազդեցությունից ազատելու «գլոբալ ծրագրին» աջակցելն է:
Դրանից հետո, Արևմուտքը տարածաշրջան, իհարկե, չի գա, բայց Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում՝ որպես «հայկական ժողովրդավարության բաստիոնի» «բացառիկ ցուցանմուշ»:
Ի դեպ, Փաշինյանը գիտի՝ ինչ ավեր է բերում Հայաստանի գլխին ու դրա համար է պարբերաբար

կասկածի տակ դնում Հայաստանի պետականության գոյության հնարավորությունի: Նա մեր քաղաքացիներին հասկացնում է՝ իրենց «գլխի ճարը» տեսնել:
Ինչպես Փաշինյանը տեսավ իր «գլխի ճարը»՝ Արցախի փլատակների, Հայաստանի պետականության ճգնաժամի հաշվին:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր