ժամանակն է, որպեսզի մեր պսևդոարևմտամետները ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից

Բրյուսելից ու Վաշինգտոնից վերջին ժամերին հնչած հայտարարությունները լավագույնս բացահայտում են Հայաստանի հաստիքային արևմտամետների թեզերի սնանկությունը, Հայաստանի իշխանության միակողմանի ու պատրանքային քաղաքականության ձախողումը:
Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ «հիմա վճռական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»:
«Նախկին ԼՂԻՄ» ձևակերպումն ինքնին հուշում է, որ հնարավոր երկխոսությունը լինելու է ասիմետրիկ, չի շոշափելու ԼՂ սուբեկտության օրակսրգը ու մեծ հաշվով՝ տեղավորելու է Բաքվի, այսպես ասած, ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի քաղաքականության համատեքստում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության տեքստում առհասարակ բացակայում է ԼՂ-ի մասին հիշատակումը ու երախտագիտություն է հայտնվում «վարչապետ Փաշինյանին խաղաղությանը նվիրվածության համար» և ողջունվում են «նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ»։
Պատկերացնո՞ւմ եք, դեռ պետք է գոհ լինենք Ալիևից, որ նա պատրաստվում է համաներել ԼՂ ժողովրդին ու ղեկավարությանը:
Երբ մեր հաստիքային արևմտամետներն անընդհատ խոսում էին Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության անհրաժեշտության մասին, ես տարբեր բանավեճերում նրանց երկու հարց էի տալիս.

ա) արդյո՞ք անվտանգության համակարգի հարցում մենք ունենք այլընտրանքային առաջարկություններ,

բ) արդյո՞ք վստահ ենք, որ մեր ակնկալիքները, որոնց չբավարարման հետևանքով դժգոհ ենք Մոսկվայից, բավարարվելու են մեր արևմտյան գործընկերների կողմից:

Ի պատասխան լսում էի զանազան հեքիաթներ, առասպելներ՝ արևմտյան «փրկիչների» մասին:
Այսօր ժամանակն է, որպեսզի մեր պսևդոարևմտամետները ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից՝ ամիսներ շարունակ Հանրայինի ու այլ եթերներում նրան խաբելու, պատրանքներով կերակրելու համար:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր