Փաշինյանի հերթական լկտի փորձը

ՀԱԿ անդամ Արտակ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկվա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր ամենամեծ պրոբլեմը, որին բախվել են, այն էր, որ Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տեղյակ էին ընդամենը մի քանի հոգի, ոչ այլ ինչ էր, քան պատերազմի տանելու ու այն տանուլ տալու մեղքը հերթական անգամ ուրիշի կամ ուրիշ երևույթի վրա բարդելու փորձ։
Մինչ այդ մեղավոր էին կարգվել դասալիքները, զինվորական հրամանատարությունը, չկամավորագրվածները, ընդդիմադիրները, հինգերորդ շարասյունը, Ռուսաստանը, եղանակային պայմանները, անգամ մի կին ատամնատեխնիկ և այսպես շարունակ։ Բոլորն ու ամեն ինչը, բացի իրենցից՝ խեղճ ու կրակ գործող իշխանությունից, ում դեմ աշխատում են բոլորն ու ամեն ինչ։
Այս անգամ հերթը ժողովրդավարության իբր բացակայության պատճառով Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով ընդամենը մի քանի հոգու տիրապետելու փաստինն է։
Անշուշտ սա անհեթեթություն է։ Անշուշտ հարցին փորձագիտական մակարդակով, բոլոր նյուանսներով չպետք է մի քանի հոգուց շատերը տիրապետեին։ Դա չհասկանալը քաղաքական տգիտություն է։ Վարչապետի մակարդակով նման պնդում անելը կա՛մ քաղաքական աննախադեպ տգիտության արդյունք է, կամ աննախադեպ սրիկայություն, հասարակությանը մոլորեցնելու համար արված աննախադեպ մանիպուլյացիա։
Ամեն դեպքում՝ աննախադեպ։ Թողնելով ընթերցողի երևակայությանը, թե սրանցից որ դեպքն է, առաջարկում եմ հարցին նայել այլ պրիզմայով՝ ենթադրելով, որ ընդամենը մի քանի հոգու հարցին փորձագիտական մակարդակով տիրապետելը իսկապես վատ է։
Փորձենք հասկանալ, թե նման դեպքում ինչ պետք է աներ «ժողովրդական ղեկավարը»՝ վարչապետի աթոռին նստելուց հետո։
Ճի՛շտ է։ Տեսնելուց հետո, որ հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը մի քանի հոգի, իրեն մեջտեղից պետք է ճղեր, որ այդ փոքրաքանակ մարդկանց հետ շարունակական հանդիպում-քննարկումներ ունենար ու փորձագիտական մակարդակի ողջ ինֆորմացիան ու տրամաբանությունը կորզեր՝ իմանալու, սովորելու համար։ Էլ չասենք, որ ըստ իր տրամաբանության, հետո այդ ամենը հանրությանը պատմելու, բոլոր բնակիչներին գերտեղեկացված փորձագետներ սարքելու համար։
Դա պետք է աներ՝ մի կողմ թողնելով ցանկացած անձնական ու քաղաքական տարաձայնություն, հարաբերություն. չէ՞ որ սեղանին դրված էր պետության համար ամենակարևոր հարցը, հարց, որի ճիշտ չլուծումն, ինչպես տեսանք, բերեց Արցախի կորստին, Հայասատանի ճանաչված տարածք թշնամու ներթափանցմանը, հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, հազարավոր դժբախտացած ընտանիքների, հազարավոր տուն ու տեղ կորցրած ընտանիքների, բանակի ջախջախմանը, պետության հեղինակության կորստին, բարոյահոգեբանական մթնոլորտի անկմանը և այլն։ Կարճ ասած՝ պետության կատարյալ ձախողման։
Իսկ հանդիպե՞ց Նիկոլն այդ փորձագիտական շրջանականերին։ Այս հարցի պատասխանը գտնելու համար բավական է հիշել, որ մի հանդիպում եղավ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ հենց Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որից հետո Փաշինյանը մեծամիտ ու ինքնահավան կեցվածքով հայտարարեց, որ համդիպմանը ոչ մի նոր բան չի իմացել։ Ուղղակի չփորձեց անգամ «քրքրել» Տեր-Պետրոսյանին ու նյուանսները կորզել։
Ահա սա է։ Չկա ուրիշ բան։ Ընդամենը հերթական լկտի փորձն է պատասխանատվությունը սեփական անձի վրայից գցելու՝ հույսը դնելով հանրության հիմարության վրա։
էնպես որ մեր հերթն է որոշել, մենք հիմա՞ր ենք, թե՞ ոչ, ուտու՞մ ենք վարչապետի շարունակաբար շաղ տված կուտը, թե՞ ոչ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր