Ուկրաինական պատերազմը համատարած պրոպագանդա է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Առ այսօր սոցցանցերում տարածվում է միտք՝ հարցուպատասխանի տրամաբանությամբ, թե՝ ինչու՞ է Արեւմուտքը այդպես աջակցում Ուկրաինային, ու գալիս է պատասխանը՝ որովհետեւ տեսնում է, որ ուկրաինացիները միահամուռ են, եւ ավելացնում են՝ ի տարբերություն մեզ, հայերիս:
Ներեցեք, բայց սա այլ բան, քան անարգանք հայ ժողովրդի հասցեին, որը 44 օր միայնակ կանգնել է ահռելի ռազմա-քաղաքական կոալիցիայի դեմ: Այդ 44-օրյա պատերազմում ռազմա-քաղաքական ուժերի տարբերությունը մեղմ ասած բազմապատիկ ավելի էր, քան ուկրաինական պատերազմում եղածը՝ եւ շնորհիվ հենց արեւմտյան աջակցության:
Ուկրաինացի ժողովրդին ծանոթ չեմ, տարբեր անձանցից, որոնք ավելի սերտ են առնչվել ուկրաինացիներին, լսել եմ տարբեր կարծիքներ: Կռվում են հերոսաբար, բայց մեղմ ասած մեծ հարց է, թե անգամ հարաբերական «միահամուռությունը» ինչ վիճակում կլիներ առանց արեւմտյան ուժային ու քաղաքական, տնտեսական ահռելի աջակցության: Եվ, եթե խոսում ենք այդ աջակցության մասին, ապա ոչ թե դա է «միահամուռության» արդյունք, այլ «միահամուռությունն» է արդյունքը այն ամբողջական ազդեցության, որ Արեւմուտքը այս պատերազմում հաստատել է Ուկրաինայի վրա:

Իսկ հաստատել է, որովհետեւ Ուկրաինան աշխարհաքաղաքական առանցքային խաղաքարտ է, ու այստեղ պետք է փնտրել աջակցության «գաղտնիքը», այլ ոչ թե ուկրաինացի ժողովրդի որակների մեջ: Կրկնեմ, ընդգծեմ, սա այդ որակների հանդեպ կասկածի արտահայտում չէ: Խոսքն այն մասին է, որ, երբ դրվում են աշխարհաքաղաքական խորքային խնդիրներ ու նպատակներ, այդ նպատակատերերն ունեն ցանկացած ժողովրդի անհրաժեշտ «որակի» եւ «կոնդիցիայի» բերելու ու պահելու հսկայական գործիքակազմ եւ տեխնոլոգիաներ:
Էլ չասած այն մասին, որ ուկրաինական պատերազմը համատարած պրոպագանդա է՝ մի կողմից ռուսական, մյուս կողմից՝ արեւմտյան: Հետեւաբար, անել եզրակացություններ որեւէ պրոպագանդայի ներքո, այն էլ դրանցով սեփական հանրությանը ինչ-ինչ նպատակներով թերարժեվորելու գնով, կրկնեմ՝ մեղմ ասած անարդար է, եթե ոչ՝ անարգանք ծանրագույն վիճակում գտնվող հանրության համար, որը առնվազն ինտուիտիվ մակարդակում այսօր թերեւս միակ ողջախոհ սուբյեկտն է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում:
Եվ այս ամենը իհարկե կլիներ թերեւս ավելի շուտ ծիծաղելի, եթե խոսքը չվերաբերեր ուկրաինացի ժողովրդին պատուհասած ողբերգությանը՝ որից առաջ գործնականում վեց ամիս բարձրագույնից մինչեւ տարբեր գերատեսչական մակարդակներով բաց ու փակ բանակցություն էին վարում ԱՄՆ ու Ռուսաստանը, եւ հայ ժողովրդին առաջ կանգնած ծանրագույն եւ բազմաշերտ մարտահրավերներին:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր