Քաղաքականությունը նույնացվել է Պուտին հայհոյելու հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արդեն գրեթե տարիուկես է, Հայաստանի հանրության մի ստվար մասի՝ մեկ այլ ոչ նոսր շերտ «ապրեցնում» է նրանով, որ հեսա, ուր որ է Արեւմուտքը Պուտինի ու Ռուսաստանի հարցերը լուծում է եւ մենք շունչ կքաշենք:
Ով փորձում է «ապրել» ոչ թե այդ «սպասումով» կամ «հույսով», այլ տարբեր կողմերից ձգտել հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչպիսին է հրապարակային քարոզչական պատկերի եւ կուլիսների բովանդակության հարաբերակցությունը, «ռուսաստրուկ» է, «Պուտինի վկա», «ԿԳԲ գործակալ», եւ այլն:
Քաղաքականությունից խոսելը Հայաստանում նույնացվել է Ռուսաստան կամ Պուտին, կամ երկուսը միասին հայհոյելու հետ:
Է, ում սիրտն ինչքան ուզում է թող հայհոյի եւ կարող է հայհոյել, պարզապես, երբ տեղի է ունենում դրա եւ քաղաքականության իդենտիֆիկացիա, սա ուղիղ ճանապարհ է դեպի… մեղմ ասած ոչ մի տեղ:
Եվ այդ հարցում Հայաստանի առնչությամբ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, չբարձրաձայնված: Իհարկե ոչ միայն Հայաստանի հարցում, բոլոր այն երկրների, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների տիրույթում: Դրանցից ոչ մեկում՝ նրանցից որեւէ մեկը չի ձգտում «տեսնել»

իրողությունների եւ իրավիճակների գնահատման ինքնուրույն կարողությամբ քաղաքական վերնախավեր եւ ինստիտուտներ: Որովհետեւ, այդ պարագայում դրանք կարող են ունենալ ոչ միայն «այո» պատասխաններ, այլ նաեւ՝ «ոչ»: Իսկ մեր մասշտաբի երկրների համար պետական սուբյեկտությունը եւ սուվերենությունը, խոշոր հաշվով, «այո»-ների եւ «ոչ»-երի փաստարկվածությունն է:
Պարզապես, մի երկրի հարցում հաջողվում է իրագործել «կոնսենսուսը», մեկ այլ երկրի հարցում՝ ոչ, որովհետեւ ձեւավորվում են քաղաքական վերնախավեր, որոնք ոչ թե Ռուսաստանի կամ Արեւմուտքի «ոչնչանալու» հույս ներշնչելն են համարում հանրությանն իրենց հիմնական ասելիքն ու անելիքը, այլ այս կամ այն դեպքում հանրային-պետական կյանքի առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ բովանդակային խոսակցությունը՝ թե արժե-մշակութային, թե տնտեսական, թե քաղաքական եւ պաշտպանական թեմաներով:
Մեր երկրի հարցում, ցավոք, «կոնսենսուսը» իրագործելն առայժմ հաջողվել է ու հաջողվում է:
Կձեւավորվի՞ փաստարկված, զգայականությունից, «ճաշակից» ու «համակրանքից» առավելագույնս ֆիլտրված քաղաքական վերափոխման կայուն հոսք, կարիք չի լինի « պարապ ու դատարկ հույսով» սպասել սրա կամ նրա «ոչնչացմանը», առավել եւս, որ ոչ մեկի «ոչնչացում» էլ չի լինի, լինելու է ավելի փոքրերի ոչնչացման գնով ընդամենը ազդեցության գոտիների եւ մեխանիզմների վերաբաժանում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր