Մի տեսակ արժանահավատ չեք

Քաղաքագետ Արման Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի երկու օր առաջ արածս գրառումը շատ բուռն արձագանքի արժանացավ ֆեյսբուքում։ Երևի կարիք կա էդ արձագանքին արձագանքելու, որովհետև մի քանի չեզոք ու իմ անձի նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված մարդիկ նույնպես իրենց հիասթափությունն են հայտնել էդ գրառման վերաբերյալ։

Ուրեմն էս երևույթը հաճախակի քննարկման առարկա է ԱՄՆ-ում։ Մասնավորապես` այս կամ այն հարցում երբեմն լինում է որոշակի գերիշխող տեսակետ, հաճախ շատ վնասակար, վտանգավոր, կեղծիքների մեջ ընկղմված տեսակետ։ Էդ տեսակետի պահապանները սովորաբար աչքի են ընկնում ամբարտավան ագրեսիվությամբ։ Նրանց համար կեղծիքն ու երեսպաշտությունը երկրորդ էություն է (second nature), ինչպես ամերիկացիք են ասում։ Ոչ մի ձախողում ու խայտառակություն նրանց հեղինակությունը չի սասանում։ Նրանք նաև չեն խորշում ընդդիմխոսներին պիտակներ փակցնելուց, դավաճանության ու այլ զարհուրելի մեղքերի մեջ մեղադրելուց։ Ընդդիմախոսները սովորաբար նույն կերպ չեն պատասխանում, նախընտրելով մնալ առարկայական բանավեճի սահմաններում։ Չեզոք դիտորդները սովորաբար կողքից նայում են էս ամեն ինչին, լռելյայն հանդուրժելով գերիշխող տեսակետի պաշտպանների այլանդակությունները։ Բայց բավական է ընդդիմախոսներից որևէ մեկը մի կոպիտ բան ասի, դա դառնում է «հայոց հարց»։ Գերիշխող տեսակետի պաշտպանները գործի են դնում իրենց ահեղ զինանոցի ամբողջ զորությունը, անարգանքի սյունին գամելով չափերն անցած ընդդիմախոսին։ Չեզոքները հանկարծ հիշում են, թե որքան կարևոր է քաղաքակիրթ երկխոսության նորմերի պահպանումն ու սկսում են հայրական տոնով քաղաքավարության դասեր տալ կարգազանց ընդդիմախոսին։ Արդյունքում տեղի է ունենում մի շատ տխուր բան. խոսակցության թեման փոխվում է, ընդդիմախոսի բերանը փակվում է, և ոչ միայն մոռացվում է կարգազանց ընդդիմախոսի ասելիքի էությունը, այլ նաև շատ սահուն կերպով ձևավորվում է տրամաբանության բոլոր կանոնները ոտնահարած ենթագիտակցական մի մթնոլորտ, որտեղ կեղծիքների ու ստի մեջ թաղված դոմինանտ տեսակետը նախընտրելի տեսակետն է դառնում, դե քանի որ ընդդիմախոսները շատ կոպիտ են, արմատական են, յոլա չեն գնում ոչ մեկի հետ, և այլն։

Իմ գրառմանը հետևած աղմուկը այս մոդելի դասական դրսևորում էր։ Հայաստանում մոլեգնող ու վերջին տարիներին գերիշխող դարձած «արևմտամետ» աղանդի պահապաններն աչքի են ընկնում աննախադեպ լկտիությամբ ու ագրեսիվությամբ։ Եվ դա այն դեպքում, երբ նրանց տեսակետները շատ հարցերում ոչ այլ ինչ են, եթե ոչ փաստերի ու տրամաբանության բռնաբարություն։ Նրանք իրականում էդ դաշտ չեն էլ մտնում, նրանցը լոզունգներ են, պոզաներ ու մեղադրանքներ, ինչը բացարձակապես անհամատեղելի է նորմալ բանավեճի հետ։ Երբ նրանց ասածին ինչ-որ բան ես հակադրում, նրանք չեն փորձում իրենց տեսակետը պաշտպանել, նրանք քեզ կպցնում են պուտինականի ու կրեմլի ագենտի պիտակ ու իրենց գործն ավարտված համարում։ Դա անելիս նրանք հազվադեպ են հանդիպում հակազդեցության չեզոքների ու քաղաքակիրթ բանավեճի նորմի պահապանների կողմից։ Բայց բավական է մի անգամ պարտքը նույն ոճով վերադարձնես, խոսակցությունն անմիջապես դառնում է այն մասին, թե` օյ, ինչպես կարելի էր։ Ինչպե՞ս կարող էր գիտության մարդը, իրեն մտավորական համարող մարդը նման բառապաշար օգտագործել։ Ինչպե՞ս կարող էր նա իր հակառակորդներին բույս անվանել, չնայած իսկապես բույս է պետք լինել չհասկանալու համար, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսվի։

Հետևաբար, դիմում եմ հատկապես ձեզ, պարոնայք ու տիկնայք չեզոքներ ու քաղաքակիրթ բանավեճի նորմի պահապաններ։ Երբեմն էլ արձագանքեք, երբ հաստիքային արևմամետներն են բերաններն աջուձախ շաղ տալիս։ Այլապես մի տեսակ արժանահավատ չեք։ Այլապես մի տեսակ երկակի ստանդարտ կա ձեր վերաբերմունքի մեջ։ Դիմում եմ ձեզ նաև` պահանջելով, որ միայն քաղաքակիրթ նորմերի մասին հորդորներով ու դատողություններով չսահմանափակվեք։ Գլուխներդ մեկ մեկ խրամատից հանեք ու դուք էլ կարծիք հայտնեք առարկայական հարցերի վերաբերյալ։ Թե չէ մենք էլ գիտենք մտավորական կուսությունը պահպանելու և ուրիշներին քաղաքավարության դասեր տալու ձևերը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր