Հարցը հնարավոր չէ լուծել «կուրությամբ

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այն, ինչ Հայաստանի հետ արեց եւ որոշակի իմաստով իհարկե դեռ շարունակում է անել «կույր ռուսամետությունը»՝ այս ձեւակերպման հարաբերականությամբ հանդերձ, նույնը մեզ հետ անելու է «կույր արեւմտամետությունը», դարձյալ՝ ձեւակերպման հարաբերականությամբ հանդերձ:
Եթե օրինակ տարիներ շարունակ Պուտինի եւ նրա վարչակազմի քաղաքականության հանդեպ որեւէ քննադատություն անմիջապես պիտակվում էր հակառուսականություն, ռուսատյացություն, այժմ էլ Բայդենի, Մակրոնի, Շոլցի կամ որեւէ մեկի քաղաքական օրակարգի «հայափրկիչ», «հայաստանանպաստ» լինելը կասկածի ենթարկելը անմիջապես որակվում է ռուսամետություն, «ռսաստրկություն», «գործակալություն», հակաարեւմտականություն եւ այլն:
Ընդ որում, այս վիճակը ինչպես տարիներ շարունակ բավարարել է, այդպես էլ բավարարելու է թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ին, թե բոլորին, որովհետեւ չնայած իրենց միջեւ ուժեղ մրցակցությանն ու դիմակայությանը, մի հարցում նրանք բոլորն ունեն ընդհանուր մի շահ՝ «մրցակցության պոլիգոնների» առավելագույնս նվազ, ցանկալի է զերոյին մոտ սուբյեկտայնություն:
«Պոլիգոնի» կամ «մրցասպարեզի» սուբյեկտությունը կարող է օգտակար լինել մրցակցին խանգարելու իմաստով, բայց մեկ էլ ինչ որ կարեւոր պահի

սուբյեկտայնությունը կարող է խանգարել քեզ էլ, որովհետեւ հասկանալի է, որ կան համընկնող շահեր, բայց նաեւ՝ հակադիր: Դրա համար, բոլոր ուժային կենտրոնների համար նախընտրելի է «մրցասպարեզների» կուրությունը՝ թե «աչոք», թե «մտոք»:
Միաժամանակ, ո՞րն է այս երեւույթի հանդեպ դիմադրության միջոցը: «Չես կարող հաղթել, բարեկամացիր»: Սա է բանաձեւը: Բնականաբար, մենք ի վիճակի չենք հաղթել որեւէ ուժային կենտրոնի, անկախ դրանց հանդեպ մեր վերաբերմունքից, հետեւաբար մենք պետք է կարողանանք գտնել բարեկամության ճանապարհը: Ընդ որում, այս բառի ոչ միշտ ուղի իմաստով: Մեկի հետ կլինի բարեկամություն, մյուսի հետ պարզապես կապ, հաղորդակցում, շփում, երկխոսություն եւ այլն, բայց տրամաբանությունը, բանաձեւն ըստ իս դա է:
Բայց այդ հարցը հնարավոր չէ լուծել «կուրությամբ»: Հենց այդ հարցը լուծելու համար մենք պարտավոր ենք բացել մեր աչքերը, շատ լայն բացել:

Հ.Գ. հարգելի ընկերներ եւ հետեւողներ, երկրորդ պարբերության այս հատվածում ունեի բացթողում՝ «այժմ էլ Բայդենի, Մակրոնի, Շոլցի կամ որեւէ մեկի քաղաքական օրակարգի «հայափրկիչ», «հայաստանանպաստ» լինելը անմիջապես որակվում է…»: Բացթողումն ավելացրել եմ՝ «լինելը ԿԱՍԿԱԾԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ»:
Եթե դա փոխում է գրառումը հավանողների գնահատականը, ներողամիտ եղեք, պարզապես վրիպում էր)

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր