Ձախողում Բրյուսելում, բացահայտում Մոսկվայից…

Ավարտվող օրն առնվազն երեք ինֆորմացիոն առիթ տվեց հայ- ադրբեջանական հարաբերությունների գործընթացի կամ ԼՂ խնդրի վերաբերյալ:

● Բրյուսելի վտանգավոր հարթակը

Առիթ ունեցել եմ ասելու, որ միջնորդական հարթակներից Բրյուսելն ամենավտանգավորն է մեզ համար:
Միշել- Փաշինյան- Ալիև հերթական եռակողմ հանդիպումը հաստատեց այդ պնդումը՝ երեք վտանգավոր արձանագրումներով.
ա) «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»(հատված Միշելի հայտարարությունից)
Այստեղ մեզ համար վտանգավորը Ադրբեջանի ինքնիշխանության կամ քաղաքական ամբողջության անվերապահ ճանաչումն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ նկատմամբ նրա անվերապահ ինքնիշխանությունը նույնական են, այլ խոսքով՝ ճանապարհ է բացվում ունիտար Ադրբեջանին ԼՂ ինտեգրման համար,

բ) նույն տրամաբանության մեջ է Միշելի հայտարարության մեկ այլ դրվագ. «Այս համատեքստում ես հայտնեցի ԵՄ-ի հորդորը Բաքվի և

նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության ծավալման մասին։
Այս երկխոսությունը պետք է ապահովի շատ անհրաժեշտ վստահություն բոլոր ներգրավվածների համար»:
Այստեղ որևէ երկիմաստություն չկա. ԼՂ խնդիրը դիտարկվում է որպես Ադրբեջանի «ներքին հարց», բացակայում է անգամ դիալոգի միջազգային մեխանիզմի պահանջը:

գ) «Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումներ իրականացնել երկու կողմերից՝ բնակչության կարիքներն ապահովելու համար»(հատված Միշելի հայտարարությունից):
Սա, թերևս, ԵՄ նախագահի այսօրվա հայտարարության ամենավտանգավորն դրվագն է, որովհետև՝ ա) Լաչինը համարվում է ոչ թե միջանցք, այլ ճանապարհ, բ) լեգիտիմացվում է Աղդամի ճանապարհով Արցախի հումանիտար ճգնաժամը լուծելու Բաքվի պահանջը, ավելի ստույգ՝ «ինտեգրման» օրակարգը:

● Մոսկվայի բացահայտումը

Մինչ Միշել- Փաշինյան- Ալիև եռյակը բանակցում էր, Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսական պլանը ձախողելու հիմնական պատասխանատու համարեց Փաշինյանին.
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը»։
Մոսկվան պնդում է՝ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։
Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն առաջին հերթին խախտել է Ալիևը՝ կարգավորման ռուսական պլանը մերժելով, բայց հստակ է՝ Ադրբեջանի պատրաստած արևմտյան «ծուղակին» «մեծ սիրով» մասնակցել է Փաշինյանը ու այս հարթության վրա ռուսական կողմի պնդումը միանգամայն լեգիտիմ է(ի վերջո, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելը նույնպես արձանագրել է, որ Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը):
Այնուամենայնիվ, Մոսկվան փորձում է փրկել

Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի որոշ դրվագներ՝ պնդելով, Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև արձանագրելով, որ հայ-ադրբեջանական փաստաթղթի «անբաժանելի մասը պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները»:
Այս ձևակերպումները, որոնց հետապնդման ուղղությամբ Փաշինյանն ու նրա թիմը արևմտյան հարթակներում բացարձակապես հետևողականություն չեն ցուցաբերում, այն պարտադիր պայմաններն են, որոնք կարող են ԼՂ սուբեկտության երաշխիքներ ստեղծել:

● Թեթև հույս

168.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ և կիրակի օրերին, շվեյցարական Ժնև քաղաքում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահները՝ ռուս Իգոր Խովաևը, ամերիկացի Լու Բոնոն և ֆրանսիացի Բրիս Ռոքֆոյը: Իհարկե, այս տեղեկատվությունը բավարար հիմքեր չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը վերսկսված համարելու համար(Ռուսաստան- Արևմուտք հակադրությունը դեռևս խորանում է), բայց թույլ մի ազդակ է՝ միջազգային կոնսոլիդացված ջանքերի գոնե տեսական հնարավորության մասին:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր