Ի՞նչ են ակնկալում արցախցիները

Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախցիները բոլորովին էլ չեն ասում, թե Հայաստանի վարչապետը կամ որեւէ շարքային հայաստանցի պետք է սմբուկ կամ լոլիկ չուտի, սոված մնա, քանի դեռ Արցախը պաշարված է եւ ունի ընդհուպ հացի խնդիր:
Պետք չէ նենգափոխել խնդիրը ու մատուցել այդպես, թե՝ միթե՞ մենք էլ այստեղ պետք է սոված մնանք: Արցախցիները Հայաստանի իշխող վերնախավից սոված մնալ չէ, որ ակնկալում են, այլ Արցախի երեխաների դրությանը համարժեք հանրային վարքագիծ, այսինքն՝ անհոգ կամ ժամանցային, ճանապարհորդական կյանքի հանրայնացման յուրօրինակ մի «պահք»: Ըստ իս, նրանք բոլորովին դժվար կամ առավել եւս անտանելի բան չէ, որ ակնկալում են:
Ընդ որում, կարծում եմ, որ իրավիճակն այնքան պարզ է, որ բանը նրանց ակնկալիքին չպետք է հասներ անգամ, այսինքն ամեն ինչ պետք է ենթադրվի ինքնաբերաբար:
Իսկ Հայաստանի վերնախավից այդպիսի ակնկալիք կամ նույնիսկ այդպիսի վարքագիծ պահանջում է ոչ միայն արցախցին, այլ նաեւ տասնյակ եւ հարյուր հազարավոր հայաստանցիներ: Կրկնեմ, ոչ ոք չի պահանջում տանը չուտել սմբուկ կամ լոլիկ, կամ դուրս չգալ տանից: Պարզապես, ակնկալվում է իրավիճակին համարժեք վարքագիծ:
Իսկ դա կարեւոր է, որովհետեւ դա արժեհամակարգային եւ մտածողական

առաջնահերթությունների, իրադրության գնահատման եւ հանրային տրամադրությունների հանդեպ համարժեքության ինդիկատոր է:
Այդ հանգամանքը շեշտել եմ նաեւ «բնակարանագնության» այն մոլուցքի առումով, որ դրսեւորում է ներկայիս մեծամասնությունը: Հարցը միայն այն չէ՝ որեւէ գործողություն օրինական է, թե ոչ: Հարցը նաեւ այն է, թե որեւէ գործողությունը որքանով է համադրելի պետության ու հանրության այն իրադրության ու մարտահրավերների շրջանակին, որ պարուրում է Հայաստանը:
Իրական էլիտաները հանրության հանդեպ առաջին հերթին ունեն արժեհամակարգային եւ մշակութային, հետո նոր իրավական պատասխանատվություն, որովհետեւ երկրորդը կարող է լինել շիրմա, իսկ առաջինը՝ երբեք: Եվ երկրորդը երբեք չի կարող պետական ու հանրային համակեցության ամուր առանցք լինել առանց առաջինի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր