Ալիևի հերթական հոխորտանքը․ նա փորձում է օրակարգ թելադրել նաև Երևանում

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր հարթակներում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով՝ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք»։
Իհարկե, պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ այս շեշտադրումները նորություն չեն, սակայն վերջին պատերազմից հետո դրանք միանգամայն այլ ընկալում ունեն, մանավանդ, երբ Ալիևի հայտարարությունները, որպես կանոն, չեն հանդիպում միջազգային լուրջ հակազդեցության։
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», – երեկ ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել․ «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:
Ադրբեջանի նախագահի պնդումներից կարելի է գալ մի քանի եզրակացության։
Եռակողմ ձևաչափում Հայաստանն ակնհայտորեն համաձայնության չի գալիս, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի կամ դրա հատուկ կարգավիճակի շուրջ, ինչն էլ հարուցել է Ալիևի զայրույթը։ Հայաստանի ԱԳ նախարարության արձագանքը խոսում է այս փաստարկի օգտին։ «Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մյուս կողմից, ռազմագերիների հարցում Բաքվի վրա գոյություն ունի որոշակի միջազգային ճնշում ու այս համատեքստում Ալիևը փորձում է միջազգային հանրության մոտ պատրանք ստեղծել, թե Ադրբեջանն իր հումանիտար պարտականությունները չի կատարում՝ Հայաստանի իբրև թե ապակառուցողականության պատճառով։
Ալիևն իր հայտարարություններով ակնհայտորեն փորձում է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա՝ մեծացնելով էսկալացիայի մակարդակը։ Թերևս, Բաքվում դեմ չեն լինի, եթե հայաստանյան զարգացումները մեր երկրին վերջնականապես զրկեն սուբեկտության բոլոր հատկանիշներից՝ հնարավորություն ընձեռելով, որպեսզի Ադրբեջանը հարցերը լուծի Մոսկվայի հետ՝ Երևանի թիկունքում և բացակայությամբ։
Բաքվում հոխորտում են՝ առիթավորվելով հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի որակից։ Երբ Հայաստանում գործ ունենք անգործունակ իշխանության և անբովանդակ ընդդիմության հետ, Ալիևի նման հայտարարություններն ամենևին էլ պատահական չեն։ 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր