Ինչո՞ւ է ապալեգիտիմացվում ընտրական գործընթացը կամ անտեղի մեղադրանքներ խորհրդարանական ընդդիմության հասցեին

Լայն թափով տեղի է ունենում ընտրական գործընթացի ապալեգիտիմացման գործընթաց, որը, մի կողմից, հետևանք է սահմանադրական գործող կարգավորումների հակասության, մյուս կողմից՝ արտահայտում է երկրում առկա քաղաքական ճգնաժամի խորքային բնույթը։ Ընտրական գործընթացի հիմնական դերակատարները դեռևս չեն գիտակցել խորքային ճգնաժամի մասշտաբը ու փորձում են շաբլոն ձևակերպումներով առաջարկել ոչ ադեկվատ դեղատոմսեր։ Այս տրամաբանության շարունակականության դեպքում՝ հունիսի 21-ին արձանագրելու ենք, որ ճգնաժամը չի հաղթահարվել ու լավագույն դեպքում՝ ունենալու ենք միջանկյալ, կարճաժամկետ խորհրդարան։
Երեկ ընտրական գործընթացի ապալեգիտիմացման գործընթացին միացավ նաև Առաջին նախագահը։
«Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,- գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Վերջինս այն գործիչներից է, ով խորապես գիտակցում է խոսքի քաղաքական արժեքը ու երբեք չի տրվել քաղաքական կոնյուկտուրային։
Մյուս կողմից, հասկանալի չեն այն քաղաքական մոտիվները, որոնք Տեր-Պետրոսյանին դրդել են՝ հանդես գալ այս լակոնիկ տեքստով։ Արդյո՞ք Առաջին նախագահն ընտրական գործընթացի հակասահմանադրականության ռիսկեր է տեսնում, թե՞ ինքն է փորձում ապալեգիտիմացնել գործընթացը։ Այս հարցի պատասխանը տալու է ժամանակը։
Մյուս կողմից, եթե իշխանության հասցեին հնչող քննադատությունները հասկանալի են, ապա առնվազն խնդրահարույց է, երբ Տեր-Պետրոսյանն ու մյուսները թիրախավորում են խորհրդարանական ընդդիմությանը։
Օրինակ, ի՞նչ մեղք ունեն ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն, երբ նախկինները Սերժ Սարգսյանի «հագով» սահմանադրական հակասական կարգավորումներ են երկնել, որոնցից այսօր անհագ ախորժակով օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ օրվա խորհրդարանական ընդդիմությունը որևէ դերակատարություն չունի, անգամ իսկ Փաշինյանի կողմից վարչապետի ԺՊ կատարումը չի կարող վիճարկել ՍԴ-ում։
Մյուսները խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում են վարչապետի թեկնածու չառաջադրելու համար։
Այս պնդումն իրական քաղաքականության հետ որևէ աղերս չունի՝ մի քանի պատճառներով, բայց կկենտրոնանամ հիմնականի վրա։
Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացումը հնարավոր էր մի քանի տարբերակներով։
Հրաժարականի տարբերակը Փաշինյանն ի սկզբանե բացառեց։
«Հայրենիքի փրկության շարժման» հեղափոխության օրակարգը ձախողվեց՝ հասարակական կոնսոլիդացիայի բացակայության պատճառով։
Այսպես ասած՝ հարթակային ընդդիմությունն օգտագործեց նաև տարբեր ֆորս-մաժորային իրավիճակները(ԳՇ-կառավարություն հակադրություն, Սյունիքի իրադարձություններ)՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար։ Սա էլ ձախողվեց։
Իշխանափոխության միակ ճանապարհը մնաց արտահերթ ընտրությունը։ Ու հիմա՝ եթե «Բարգավաճը» կամ «Լուսավորը», չմտածված քայլով, վիժեցնեն արտահերթ ընտրությունների օրակարգը, ընդամենը երկարաձգելու են Փաշինյանի իշխանությունն՝ առնվազն մեկ տարով։ Սա՞ են ուզում խորհրդարանական ընդդիմության քննադատները։
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, հիմա քաղաքական ուժերը պետք է մտածեն դրանց որակի մասին՝ այդ օրակարգը տապալելու փոխարեն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր