Քոչարյանը կանխատեսո՞ւմ է, թե՞ բան գիտի

Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մյուս ղեկավարներն իզուր են զարմանում արտահերթ ընտրությունների արդյունքների վրա, զուր են փորձում բացատրություններ գտնել, թե ինչպես ստացվեցին իշխանության թիմի բարձր տոկոսները։
Նախ, սկզբունքորեն հնարավոր չէ այլ արդյունք ակնկալել, երբ իշխանություն կրող անձը, որին ուղեկցում են ոստիկանության և հատուկ ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ, քարոզարշավն իրականացնում է «մուրճով»՝ սպառնալով դրա ուժը փորձել տարբեր ընդդիմադիրների գլխին։ Այս պարագայում, նույնիսկ տեսականորեն, անհնար է խոսել ընտրությունների ազատության կամ դրանց օրինականության մասին։
Մյուս պատճառի մասին խոսեց հենց Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքի երեկվա ընդհանուր ժողովում։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ խիստ բևեռացում է եղել տարբեր ընտրազանգվածների մոտ, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի:
«Մարդկանց մոտ ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են և այդ մտահոգությունը ուժեղացավ, երբ 3 նախագահները իրենց դեմքով մասնակցում էին ընտրություններին և քարոզարշավին»,- ասել է երկրորդ նախագահը։
Քոչարյանն ակամայից խոստովանել է, որ հին համակարգի և նրա առանցքային դերակատարների հակավարկանիշն այնքան բարձր է եղել, որ նրանց հաղթելը եղել է անգամ լուզեր իշխանության ուժերի սահմաններում։ Ինչքան էլ այլ բան է փորձել ակնարկել Քոչարյանը, ակնհայտ է՝ որ անցած ընտրություններում Փաշինյանն ունեցել է «ամենահարմար» ընդդիմությունը, որին հեշտ էր հասարակության աչքերում «բոբո» ներկայացնելը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով` արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել: Ավելին` նրա համոզմամբ` հավանաբար մեկուկես տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ:
«Չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որը պատճառ է հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, այն, ինչի համար կազմակերպվել են այս արտահերթ ընտրությունները, այդ նպատակին չեն ծառայել: Նույն իշխանական թիմը մնացել է իշխանության գլխին, ուրեմն ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել», – երեկ դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասել է Քոչարյանը:
Այս հարցում դժվար է երկրորդ նախագահի հետ չհամաձայնելը, իհարկե՝ Քոչարյանը կիսատ է խոսել, հավանաբար՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Ճգնաժամը պահպանվել է ու ավելի է խորացել, որովհետև նորընտիր ԱԺ-ն խտացնում է դրա պատճառ քաղաքական հակադրության պատկերը, որի միայն մի բաղադրիչն է լուզեր իշխանությունը։
Մյուս կողմից, Քոչարյանը նշում է արտահերթ ընտրությունների ժամկետ․ դա կանխատեսո՞ւմ է, թե՞ որոշակի ինֆորմացիայի ժամկետային արտացոլում։ Այստեղից էլ առաջանում է երկրորդ հարցը՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքը սպասելու է Փաշինյանի իշխանության հնարավոր արտաքին քաղաքական ձախողումներին, թե՞ փորձելու է կանխել դրանք։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները երկրորդ նախագահի երեկվա ելույթը չտվեց։
Փոխարենը՝ Քոչարյանը թիրախավորել է դեռևս գործող խորհրդարանական ընդդիմությանը՝ ասելով, թե նա վերջին տարիներին բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ։
Բումերանգի օրենքով շուտով նույն մեղադրանքը հասցեագրվելու է նոր խորհրդարանական ընդդիմությանը, որին հանրային ավելի արմատական շերտերը մեղադրելու են գործարքների, իշխանությանը «փափուկ» վերաբերվելու մեջ, մանավանդ, եթե այդ ընդդիմությունը շարունակի «Հայրենիքի փրկության շարժման» մարտավարությունը և նախաձեռնողականության փոխարեն՝ սպասի իր «աստեղային ժամին», երբ կգա Փաշինյանի թողած «փլատակների» վրա «թագավորելու» ժամանակը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր