Կուլիսներում

Արդյո՞ք թմրանյութ եղել է կացարանում

Արդյո՞ք թմրանյութ եղել է կացարանում

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել են թմրաբանական փորձաքննություն նշանակելու տեղեկությունը:
Մեր կողմից հավելենք, որ օրեր շարունակ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ կացարանի սպաներից մեկի դրդմամբ զինվորները թմրանյութերի ձեռքբերման ու օգտագործման որոգայթում են հայտնվել: Շրջանառվող լուրերի համաձայն, զինվորներից մեկն այս մասին ահազանգել է ԱԱԾ ու մինչ ուժայինները կդիմեին գործողությունների՝ տեղի է ունեցել խորհրդավոր հրդեհը:
Ինչքանով են հավաստի այս ասեկոսեները՝ ցույց կտա ժամանակը:

Ռուբեն Վարդանյանը հեռանո՞ւմ է

Ռուբեն Վարդանյանը հեռանո՞ւմ է

Արցախի նախագահն ու պետնախարարը բլոկադան ճեղքել ու Մոսկվա են գնացել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել ու ոչ էլ հերքվել է:
Արցախցի ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել- եկել է, իսկ Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է:
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մոսկովյան հանդիպումների նպատակն Արցախի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարման ուղիներ փնտրելն է:
Մեր աղբյուրը չի բացառում, որ մոսկովյան այցերին արդյունքում Ռուբեն Վարդանյանը կարող է հրաժարական տալ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Վարդանյանի հեռացումը չի լուծում Արցախի իշխանության ճգնաժամի հարցը:

Փաշինյանը ռուսների հետ լեզու չի գտնում

Փաշինյանը ռուսների հետ լեզու չի գտնում

Կառավարական կաբինետն ամբողջանում է. նախարարական 12 աթոռներից 11-ն արդեն զբաղված են՝ կան վերանշանակումներ ու կան նոր նշանակումներ:
Թափուր է մնում արտգործնախարարի աթոռը: Երբ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթներ առաջ նշանակվեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, մամուլը գրեց թե Գրիգորյանը ապագա նախարարն է: Նշանակում առայժմ չկա:
Փաշինյանն, իհարկե, ցանկանում է նախարար նշանակել հենց Գրիգորյանին, բայց իշխանամերձ մեր աղբյուրներն ասում են՝ Մոսկվայից վարչապետին հասկացրել են, թե Գրիգորյանի հետ աշխատել չեն ցանկանում։
Հենց այս պատճառով է ուշանում Արմեն Գրիգորյանի նշանակումը։ Եթե Փաշինյանը ռուսների հետ լեզու չգտնի, չի բացառվում, որ Գրիգորյանը վերադառնա ԱԽ քարտուղարի պաշտոնին, իսկ ԱԳ նախարար նշանակվի Արարատ Միրզոյանը։

Անբանների «էլիտար» ապաստարանը

Անբանների «էլիտար» ապաստարանը

Մեր կայքի թղթակիցը հանգստյան օրերին եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ Չնայած մեր աշխատակցի միանգամայն այլ առաքելությանը՝ նա մի հետաքրքիր զրույցի է ականատես դարձել։

Գյուղաբնակ տարեց մարդկանցից մեկը պատմել է, որ իրենց գյուղի անբան երիտասարդները մեծ սիրով «զինվորագրվել» են Դեմիրճյան փողոցի վրաններին։ Տարեց մարդուն երիտասարդները պատմել են «Հոպար ջան, ամեն ինչ ընտիրա, պապիրոսները լցածա, խորոված  են տալըմ, ուտելիք են տալըմ, դրանից լավ գո՞րծ»։

Տարեց մարդը ջահելներին, իհարկե, բացատրել է, որ շուտով ձրի ծխախոտն ու խորովածը չեն լինելու, սակայն անբաններն իրենց «էլիտար» ապաստարանը առայժմ գտել են ու «նիսյա» զրույցների հավեսը չունեն։

Ովքե՞ր են Քոչարյանի դաշնակիցները․ Սերժ Սարգսյանը դեռ լռում է

Ովքե՞ր են Քոչարյանի դաշնակիցները․ Սերժ Սարգսյանը դեռ լռում է

Ռոբերտ Քոչարյանին հարող կայքերից մեկը գրում է, թե առնվազն մեկ տասնյակի հասնող կուսակցություններ պատրաստակամություն են հայտնել միավորվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջը, նրա հետ դաշինքով և Քոչարյանի լիդերությամբ մասնակցել ընտրություններին, որով նաև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մեծ ճակատ կձևավորեն:
Զուտ թվաբանության իմաստով ներկայացված թիվը գուցե մոտ է իրականությանը, սակայն «մեկ տասնյակի հասնող կուսակցություններն» իրականում կշիռ չունեն, մարդ-կուսակցություններ են, որոնք հիմնականում մաս են կազմում ամբողջապես սպառված «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Ավելին, այդ կուսակցությունների զգալի մասը վաղուց է հարում կամ սատարում Քոչարյանին՝ վերջին երկու տարիներին ապահովելով նրա դատավարությունների ոչ տպավորիչ «մասսովկան»։
Իրականում՝ Քոչարյանի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում։ Մի կողմից, սոցհարցումները ցույց են տալիս, որ նա հույս կարող է դնել առավելագույնը տասը տոկոս վարկանիշի վրա, մյուս կողմից՝ երկրորդ նախագահին սատարելու հարցում ակտիվ դիրքորոշում չեն ցուցաբերում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն։ Ավելին, Սերժ Սարգսյանի շրջապատում այդ սցենարը նույնիսկ բացառում են։

Քոչարյանի «Երրորդ ուժի» անհաջող բենեֆիսը

Քոչարյանի «Երրորդ ուժի» անհաջող բենեֆիսը

 
Գաղտնիք չէ, որ Արտակ Թովմասյանի(Դվինի Արտակ) «Երրորդ ուժ» նախաձեռնության հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը, մի կողմից, փորձում է իր ներկայությամբ լցնել քաղաքական վակուումը ու սահմանազատվել ձախողված «Հայրենիքի փրկության շարժումից», մյուս կողմից՝ վարկաբեկում է նոր ուժի գաղափարը՝ կանգնելով քաղաքական և ինստիտուցիոնալ առումով իրապես երրորդ բևեռի ձևավորման ճանապարհին։
Ինչևէ, Արտակ Թովմասյանի «Երրորդ ուժը» խոստանում է գործող իշխանության հեռացմանը հասնել 44 օրում։ Անիմաստ է այս ժամկետի հետևում քաղաքական հաշվարկ կամ ծրագիր փնտրելը, վերցված է վերջին պատերազմի ժամկետը։ Սա մտածողություն է, որը բնորոշում է այս ուժին, որն օտարի, թշնամու հաղթանակը խորհրդանշող թիվն ուղեցույց է դարձրել իր գործունեության համար։

Փաշինյանի «սրտի թեկնածուն»

Փաշինյանի «սրտի թեկնածուն»

Մինչ ԳՇ-ն և ընդդիմությունը վիճարկում են Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմքերը, իշխանությունն, ըստ ամենայնի, կողմնորոշվել է ԳՇ նոր պետի հարցում։
Երեկ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը այցել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս ու հանդիպում է ունեցել ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի հետ։ Վերջինս ի պաշտոնե նաև ԳՇ պետի տեղակալ է ու այն քչերից է, որ չի միացել Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին։
Ասում են՝ հենց Մարտիկյանն է ԳՇ պետի պաշտոնում Փաշինյանի «սրտի թեկնածուն»։ 

«Փրկիչների» վերջին շանսը

«Փրկիչների» վերջին շանսը

Փետրվարի 20-ի հանրահավաքը ու դրա հարաբերական հաջողությունը «Հայրենիքի փրկության շարժումը» պահպանելու միակ գրավականն են։
Բանն այն է, որ այս ձևաչափում հակասություններն այքան շատ են, որ հանրահավաքի ձախողումը վերջին կաթիլն է լինելու, որը քանդելու է շարժումը։
Այն բանից հետո, երբ ստվերից դուրս եկան շարժման հիմնական «կնքահայրերը»՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շատերն են հասկացել, որ Վազգեն Մանուկյանն այլևս որևէ մեկին պետք չէ։
Մյուս կոսղմից, Քոչարյանի ու Սարգսյանի հրապարակային ելույթները դրսևորեցին նրանց հակասությունները ու հիմա երկրորդ և երրորդ նախագահները հեռակա պայքարի մեջ են, ինչն ավելի է խորացնում կենտրոնախույս տրամադրությունները «Հայրենիքի փրկության շարժման» ներսում։
Եվ վերջապես՝ ԲՀԿ-ն մի ոտքով շարժման մեջ է, մյուսով փորձում է իր ինքնուրույն օրակարգը ձևավորել ու շատերն են ասում, որ Ծառուկյանի թիմը պատրաստվում է լքել «փրկիչների» նավը։
Այնպես, որ վաղվա «հուժկու» հանրահավաքը կարող է վերջինը լինել շարժման համար։

Քոչարյանը «պայթեցնո՞ւմ» է ԲՀԿ-ն

Քոչարյանը «պայթեցնո՞ւմ» է ԲՀԿ-ն

Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։

Հետաքրքիր իրավիճակ է։

Պետրոսյանն ասում է՝ ԲՀԿ-ից դուրս է  եկել այդ կուսակցության քաղաքական կոմֆորմիզմի պատճառով, Աբովյանը քաղաքական պատճառ չի տեսնում։

Մինչ հիմնական կողմերը սակավախոս են, ԶԼՄ-ներն առաջ են քաշում իրենց վարկածները։

Ոմանք պնդում են, որ Պետրոսյանը ԲՀԿ խմբակցությունից հեռացել է Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, մուսներն ասում են, որ ստվերային համաձայնություններ են ձեռք բերվել իշխանության և Ծառուկյանի թիմի միջև ու դրա «զոհը» դարձել է «արմատական» Պետրոսյանը։

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ քաղաքականություն է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը ու նրա առաջին քայլերից մեկը ԲՀԿ ներսից «պայթեցնելն» է։

«Սև ամպեր»՝ Մեսրոպ Առաքելյանի գլխին

«Սև ամպեր»՝ Մեսրոպ Առաքելյանի գլխին

 

Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով պաշտոնը ստանձնել է կապիտուլյացիայից հետո, օրերս հարցազրույցում դեմ էր արտահայտվել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին։ Թերևս, Առաքելյանը չի էլ գիտակցել, որ անմեղ մի կարծիքով հակադրվել է «քայլող» իշխանության «գաղափարական սկզբունքերից» մեկին, համակարգային կոռուպցիայի այն դրսևորմանը, որի շուրջ համախմբվում է հեղափոխական բուրգը։

Մեսրոպ Առաքելյանի հարցով Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղային իրավիճակում։

Նրա թիմակիցները պահանջում են պաշտոնանկ անել «այլախոհ» նախարարին։ Փաշինյանը հասկանում է, որ միայն պարգևավճարների թեմայով չի կարող «փուռը տալ» սոցապ նախարարին, սակայն քաջալերում է, որ իշխանական ֆեյքերը «սևացնեն» Առաքելյանին՝ հիշեցնելով նրա տնօրինությունը «Մոգոյում», վերջինիս հարստահարիչ վարկային քաղաքականությունը՝ չնայած երիտասարդ նախարարը վարկային այս կազմակերպության ոչ թե սեփականատերն էր, այլ ընդամենը՝ տնօրենը։

Չնայած աղմուկին՝ Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունն այս փուլում գրեթե անհավանական է։ Բանն այն է, որ նա «Իմ քայլում» ՔՊ-ի դաշնակից «Առաքելություն» կուսակցության ղեկավարն է ու ԱԺ-ում վերահսկում է իր կուսակից չորս պատգամավորներին, որոնք կարող են լքել իշխանության խմբակցությունը, եթե Առաքելյանը հեռացվի նախարարի պաշտոնից։