Ադրբեջան

Նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար

Նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա խոսքից(նաև դեսպան Էդմոնդ Մարուքյանի գրառումից) պարզ դարձավ, որ Ադրբեջանը նոր սադրանքներ(պատերազմ) է նախապատրաստում:

Իհարկե, իշխանության առաջին դեմքերը պարտավոր են ժողովրդի հետ անկեղծ լինել, բայց եթե նրանք միայն անոնսավորում են թշնամու ագրեսիվ օրակարգը, ապա դա հուսահատություն է ծնում հասարակության շրջանում:

Ինչո՞ւ հայկական դիվանագիտությունը չի կարողանում կանխել Բաքվի ռազմատենչ մտադրությունները, ի՞նչ են պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը ձեռնարկելու՝ ի պատասխան Բաքվի հնարավոր ագրեսիայի և ի վերջո՝ արդյո՞ք միայն Ալիևն է ավելի մեծ հավակնություններ դրսևորում, որոնք նկարագրված են Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե՞ նաև Երևանն է այդ համաձայնությունները շրջանցելու փորձեր անում:
Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար:

Սուրեն Սուրենյանց

Երեկվա սադրանքը ապացուցեց Փաշինյանի մարտավարության սնանկությունը

Երեկվա սադրանքը ապացուցեց Փաշինյանի մարտավարության սնանկությունը

Ադրբեջանական երեկվա սադրանքից հետո, երկու թեզ է շրջանառվում: Երկուսն էլ՝ խորքային առումով սխալ են:
Առաջին. Արշավ է սկսվել խաղաղության դեմ՝ այն հիմնավորմամբ, թե Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցել հնարավոր չէ:
Միանգամից նկատեմ, որ այս թեզի սնուցման հիմնական աղբյուրն իսկապես Ալիևի ագրեսիվ քաղաքականությունն է: Մյուս կողմից, մեր արմատականները չեն պատասխանում մի քանի ոչ «էական» հարցերի՝ արդյո՞ք կարգավորման գործընթացից հրաժարումն ավելի ագրեսիվ չի դարձնի Բաքվին, Հայաստանն ունի՞ պատերազմով հարցեր լուծելու հնարավորություն, երբ իրական գեթ մեկ դաշնակից չունենք ու ահռելի դիսբալանս գոյություն ունի մեր և Ադրբեջանի միջև ու վերջապես՝ արդյո՞ք համոզված ենք, որ այն, ինչ այսօր անում է Փաշինյանը՝ կապ ունի խաղաղության օրակարգի հետ:
Այս հարցերի պատասխանները չկան ու ակնհսյտորեն՝ բանակցային լուծումն այլընտրանք չունի:
Երկրորդ. Մյուս մոլորությունն այն է, որ խաղաղության պետք է ձգտել ամեն գնով, նույնիսկ՝ Արցախի ժողովրդի անվտանգության հաշվին:
Այստեղ էլ պատասխան չի տրվում մի ոչ «էական» հարցի՝ ո՞րն է երաշխիքը, որ Արցախը «փուռը տալով»՝ փրկելու ենք Հայաստանը:
Երեկվա սադրանքը ապացուցեց Փաշինյանի(կամ նրան պարտադրված) մարտավարության սնանկությունը, երբ բոլորիս համոզվում էր, թե արդյունավետ է հայ-ադրբեջանական հակամարտության և ԼՂ խնդրի տարանջատումը: Երեկ տեսանք, թե ինչպիսի «միջազգային երաշխիքներ» են գործում Ստեփանակերտի ու Բաքվի «դիալոգում»: ԼՂ խնդիրը պետք է հայ- ադրբեջանական պայմանագրի մաս լինի՝ Արցախի ժողովրդի համար ապահովելով սուբեկտության և անվտանգության որոշակի երաշխիքներ, որոնց համար հանձնառու կլինի ինչպես պայմանագրի երաշխավոր երկիրը(երկրները), այնպես էլ Հայաստանը՝ որպես պայմանագրի կողմ:

Սուրեն Սուրենյանց

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Արարատ Միրզոյանի երեկվա այցն Անկարա իսկապես կարևոր է:
Բազմիցս ասել եմ՝ առանց հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ խոսել Հայաստանի իրական անկախության, սուբեկտության մասին ու նաև՝ Հայաստանի անկախության հիմնական երաշխիքը հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է:
Սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է:
Մյուս կողմից, Միրզոյան- Չավուշօղլու հանդիպմանը հաջորդած հայտարարություններին պետք է սթափ արձագանքել՝ առանց ավելորդ լավատեսության և էմոցիաների:
Երևանն ու Անկարան համաձայնել են սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին:
Լավ է, հրաշալի է, սակայն այս պայմանավորվածությունը չի ենթադրում, որ արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանը բացելու քաղաքական որոշում:
«Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ենք ստանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում», – հայտարարել է Չավուշօղլուն՝ ակնարկելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը:
Եվ սա բնական է, եթե նույնիսկ Երևանում և Անկարայում օրական հազար անգամ խոսեն նախապայմանների բացակայության մասին:
Ի դեպ, ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը» տապալվեց, որովհետև հայ-թուրքական դիալոգը չամրապնդվեց հայ- ադրբեջանական գործընթացի առաջընթացի բաղադրիչով:
Սա կարևոր է հասկանալ. Հայաստանի այս իշխանությունն էլ կձախողի հայ- թուրքական դիալոգը, եթե դրանում առաջընթաց ակնկալի՝ ձգձգելով հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից

Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից

Հայաստանի իշխանության «հետևողականությունն» ապշեցուցիչ է: Դեկտեմբերին պաշտոնական Երևանը մոսկովյան հանդիպմանը չմասնակցեց «Լաչինի միջանցքի փակ լինելու» պատճառաբանությամբ, հիմա հայտարարոմ է, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։
«Ռուսական կողմը նախապատրաստում է նման հանդիպում, ռուսական կողմն է այդ մասին հայտնել, իսկ Հայաստանը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված», – ասել է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ ի պատասխան հարցին, թե կա արդյո՞ք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորություն մոտ ժամանակահատվածում։
Հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքը փակ լինելը չի՞ խոչընդոտի այդ հանդիպմանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասել է, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։
Դեկտեմբերին ծրագրված եռակողմ հանդիպումը, մինչդեռ, հայկական կողմը չեղարկել էր հենց Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ։
Ահա, այսպես՝ նորընտիր մի պաշտոնյայի շուրթերով, Փաշինյանի թիմը փաստացի խոստովանում է, որ Լաչինի միջանցքն ընդամենը պատրվակ է եղել ու դեկտեմբերին բանակցություններին չմասնակցելու, թերևս, այլ պատրվակ է եղել: Հակառակ պարագայում՝ Խանդանյանը չէր պնդի, որ «նման նախապայման չունի հայկական կողմը» ու սա այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ:
Սակայն այս պարագայում էլ՝ մեկ այլ հարց է բաց մնում:
Եթե Լաչինի միջանցքի հարցը նախապայման չէ, ապա ի՞նչ «իրավիճակից է կախված» հայկական կողմի՝ մոսկովյան առաջիկա հնարավոր հանդիպմանը մասնակցել- չմասնակցելու հարցը:
Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմի որևէ այլ անդամ բացատրել, թե ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից:

Սուրեն Սուրենյանց

Իշխանության «գանձը». անակնկալ հայտարարություն փոխնախարարի շուրթերից

Իշխանության «գանձը». անակնկալ հայտարարություն փոխնախարարի շուրթերից

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։
«Մենք հետախուզական տեղեկություններ ունենիք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի», – նշել է Կոստանյանը։
Այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով:
Նախ, արձանագրենք, որ Կոստանյանը էպատաժային ֆիգուր է, մի քանի օր առաջ բավականին մեծ աղմուկով ստանձնեց իր պաշտոնը ու այդ կարգավիճակում փաստորեն հանդես եկավ աղմկոտ այս հայտարարությամբ:
Հեռու ենք այն մտքից, որ Կոստանյանն այս հայտարարությունն արել է «ինքահաստատման» նպատակով: Եթե նույնիսկ ընդունենք, որ այս փնթի իշխանության պարագայում նման բան միանգամայն հնարավոր է, իշխանությունն ուղղակի չէր տիրաժավորի Կոստանյանի այս հայտարարությունը:
Ըստ այդմ, ավելի արժանահավատ է այն վարկածը, որ իշխանությունը նման հայտարարություն ցանկացել է անել՝ Կոստանյանի մակարդակով, թերևս՝ այն մի կողմից լսելի դարձնելու, մյուս կողմից՝ դրա նշանակությունը նվազեցնելու նպատակով:
Խնդիրն այն չէ, որ Կոստանյանի հնչեցրածն իրականություն չէ կամ դրանում չկա իրականության բաղադրիչ: Համենայն դեպս, մինչև այս պահը պաշտոնական Երևանը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի զսպման գործիք համարել է, մի դեպքում, ԱՄՆ-ին, մյուս դեպքում՝ Ռուսաստանին ու իրանական գործոնի վրա առանձնապես շեշտադրում չի կատարվել:
Ինչո՞ւ հանկարծ պաշտոնական Երևանը որոշեց «արժևորել» իրանական գործոնը, այն էլ հիմա, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է: Արդյո՞ք պաշտոնական Երևանը որոշել է օգտվել Բաքվի ու Թեհրանի հայտարարություններում առաջացած ճգնաժամից, թե՞ արևմտյան «խաղացողներին» անուղղակիորեն հասկացնում է, որ Իրանը Հայաստանի համար չափազանց կարևոր հարևան է ու այդպիսով ակնարկում է, թե չի կարող «օգտագործվել» հակաիրինական կոալիցիայում:
Իսկ գուցե Հայաստանի իշխանությունը փորձում է զսպել Թեհրանի՝ դիվանագիտական խողովակներով հայտնած դժգոհությունը՝ Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման առթիվ ու հասկացնում է, որ դա որևէ առնչություն չունի Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր պլանավորումների հետ:
Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ Ռուսաստանից ու Արևմուտքից հիասթափված իշխանությունը այս պահին Իրանին է համարում «փրկօղակ»՝ հենց նման ուղերձ հասցեագրելով Թեհրանին:
Դժվար է գնահատել Հայաստանի իշխանության որևէ ուղերձ, մանավանդ, որ պաշտոնական Երևանի քայլերը հաճախ այսրոպեական են, հախուռն ու չեն բխում նպատակային օրակարգից:
Ադրբեջանական կանխատեսելի սադրանք

Ադրբեջանական կանխատեսելի սադրանք

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, ինչպես Արցախի տեղեկատվական կենտրոնն է պնդում՝ «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով»։
Համադրեք, մի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, մյուս կողմից` հայկական միջավայրում հայ- ադրբեջանական հարաբերություններին վերաբերող դիսկուրսի ողբալի մակարդակը ու ադրբեջանական նոր սադրանքի մոտիվը միանգամայն հասկանալի կդառնա։

Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի

Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանին հասցեագրված իր 5 առաջարկությունները։
Ինչպես միշտ` մեր «փորձագետներն» ավելի չափազանցված գույներով էին ներկայացնում այդ առաջարկությունները։
Եթե առանձին- առանձին չքննարկենք 5 կետերը, ապա մեծ հաշվով` դրանք վերաբերում են երեք հիմնական խնդրի` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու պարտավորվում են հետագայում միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել, դելիմիտացիա\ դեմարկացիա ու կոմունիկացիաների ապաշրջափակում։
Ինչպես տեսնում ենք` «Զանգեզուրի միջանցքի» պահանջ գոյություն չունի ու եթե բանակցությունների ընթացքում Բաքուն նման խնդիր բերի օրակարգ, ապա Երևանը պարտավոր է հստակ պատասխանել, որ ապաշրջափակումն ու կոմունիկացիաների բացումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հաշվին։ Վստահ եմ, որ ճիշտ բանակցելու դեպքում` Հայաստանը կարող է պահել «կարմիր գիծը»:
Հայաստանը սկզբունքորեն կարող է պահել «կարմիր գիծը» նաև դելիմիտացիա/դեմարկացիայի հարցում` պնդելով անկլավների ստատուս- քվոն պահպանելու անհրաժեշտությունը։
Գանք ցավոտ խնդրին` ԼՂ կարգավիճակին։
20-25 տարի մենք մերժել ենք արժանապատիվ խաղաղության օրակարգը ու պատերազմում ստացել ենք նվաստացուցիչ պարտություն։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԼՂ անկախության կամ Հայաստանին միացման հարցում մենք ունենք զրո դաշնակից։ Արցախի անկախության հարցը չենք կարող հետապնդել նաև բանակցային գործընթացում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո չունենք փոխզիջելու բան(մինչև պատերազմը` դա ԼՂՀ-ին հարող յոթ շրջաններն էին ու տեսականորեն կարող էր աշխատել «տարածքներ` անկախության կամ գոնե` ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևը):
Հիմա չկա Արցախի ժողովրդի անվտանգությունը երկարաժամկետ կտրվածքով ապահովելու այլ տարբերակ, քան է` հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որտեղ հեռանկարներ պետք է բացվեն ԼՂ-ի լայն ինքնավարության համար` ամրապնդված միջազգային երաշխիքներով։
Ըստ այդմ, Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի։
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ունենք վեց վիրավոր

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ունենք վեց վիրավոր

Երեկ, ուշ երեկոյան, Ադրբեջանն Արցախի սահմանին կազմակերպել է հերթական սադրանք, ինչի հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր։
Իրադարձությունները զարգացել են հետևյալ հաջորդականությամբ։
Նախ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել է, որ «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:
Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։
Արցախի պաշտպանության նախարարությունն հերքել է ադրբեջանական կողմի լուրը` հայտարարելով, որ դա կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», – նշված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
Ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Փաստաթղում, մասնավորապես, ասված է․
«Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:
Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:
Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար:
Ավելի ուշ, Արցախի ՊԲ-ն հաստատել է լուրը՝ պնդելով նաև, որ «հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»:
Եռակողմ հանդիպում

Եռակողմ հանդիպում

Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Ալիևը «զառանցանք» է համարում Թեհրանի պնդումները

Ալիևը «զառանցանք» է համարում Թեհրանի պնդումները

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանը «հիմարություն ու երևակայության արգասիք» է համարել Լեռնային Ղարաբաղում «իսրայելցի զինվորականների իբր թե ներկայության» մասին լուրերը:
Այդ լուրերին արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` դրանք «զառանցանք» անվանելով: Նա հայտարարել է, թե Բաքուն հերքում է ԼՂ-ում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներկայությունը: Դա, ըստ Ալիևի, «զառանցանք է և Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ»:
«Մենք հերքում ենք Ադրբեջանին հասցեագրված բոլոր մեղադրանքները` կապված իբրև թե Իսրայելին ազատագրված տարածքներ հրավիրելու հետ: Դա զառանցանք է, պարզապես հարմար առիթ է` Ադրբեջանին վարկաբեկելու, և այն հաշվարկված է ներքին լսարանի համար: Ցանկացած ոք կարող է գալ և համոզվել, որ այնտեղ կյանք չկա: Ամեն ինչ քանդված է»,- ասել է նա: