ԱԺ

Ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են

Ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են

Երեկ, ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրականացրեց քաղաքական ակցիա։
Ակցիայի նպատակն էր թույլ չտալ, որպեսզի վարչապետը ԱԺ ամբիոնից ելույթ ունենա, քանի որ, ըստ պատգամավորի, շարունակ ստում է և դրան պետք է վերջ տրվի։
Ինչևէ, չանդրադառնալով քաղաքական ակցիայի բովանդակությանը և բուն նպատակին, նշենք մի շատ կարևոր հանգամանք։ Քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ ակցիներ շատ հաճախ են իրականացվում և բնավ տարօրինակ չեն դիտվում դեմոկրատիայի տեսանկյունից:
Լեհաստանի պառլամենտում դեռևս 2017 թվականին տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ այսպիսի մի բողոքի ակցիա էր իրականացրել ոչ թե մեկ պատգամավոր, այլ մի ամբողջ ընդդիմություն՝ փակելով ոչ թե ամբիոն, այլ նաև նախագահությունը։ Մի քանի ժամ անց, «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությունը թողնելով դահլիճը և ակցիայի ակտիվիստներին, նիստը տեղափոխեց մեկ այլ դահլիճ, որտեղ իրականացրեց իր հերթական նիստը։ Բայց զարմանալին այն էր, որ ընդդիմադիր պատգամավորները հետո դիմեցին դատախազություն, քանի որ կասկածի տակ էին դրել քվեարկության իրավաչափությունը՝ հիմնավորելով, որ քվեարկության դահլիճը հագեցած չի եղել համապատասխան տեխնիկայով և ձայների հաշվարկման սարքավորումներով։
Հիմա կարո՞ղ ենք մեր պետությունը համարել իրավական, որտեղ քաղաքական իրավունքները բռնաբարվում են և այլևս որպես բարձրագույն արժեք չեն դիտարկվում, իսկ լեգիտիմ և օրենքով չարգելված ակցիաները նույնիսկ ԱԺ դահլիճում լռեցվում են բռի գործիքակազմերով։

Լիլիթ Սիլանյան

ԱԺ-ն լակոտակույտ է ու քիչ հավանական է, որ գյադեքը զոհաբերեն իրենցից մեկին, թեկուզև՝ հանուն պետության

ԱԺ-ն լակոտակույտ է ու քիչ հավանական է, որ գյադեքը զոհաբերեն իրենցից մեկին, թեկուզև՝ հանուն պետության

Այն, ինչ վերջին մի քանի օրերին արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դուրս է անգամ բարոյականության մասին տարրական պատկերացումներից, էլ ուր մնաց՝ քննարկելի դառնա նրա արարքը վերջինիս կողմից զբաղեցվող բարձր պաշտոնի համատեքստում:
«Ախրանայով» քաղաքի կենտրոնում զբոսնելը Ալենի ու հեղափոխական այլ չտեսների համար դարձել է ուժի գռեհիկ ցուցադրության միջոց:
Ահա, գռեհիկ ուժի ֆետիշացման հերթական «զբոսանքի» ժամանակ, Ալենը թքում է մի քաղաքացու երեսին, ով հանդգնել է իրեն «դավաճան» որակել:
Ու որպեսզի իր ցինիզմին քաղաքական աստառ տա, մեր «հերոսը» սկսում է մոգոնել «դաշնակցական սադրանքի» թեզը՝ ձեռքի հետ հորինելով նաև Աշոտ Փաշինյանի երևակայական ծեծի պատմությունը: Աշոտն, իհարկե, Ալենին արդեն մեղադրել է «ստահոդ տեղեկություն» տարածելու մեջ, բայց ինքնադրսևորման մոլուցքով տառապող Սիմոնյանը չի էլ գիտակցել, թե ինչպիսի ծանր հարված է հասցրել պետության(որի անունից թքել է քաղաքացու վրա), Նիկոլ Փաշինյանի(որին փաստորեն մեղադրել է անբարեխիղճ ծնող լինելու մեջ) ու ՊՊԾ-ի(որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել Աշոտ Փաշինյանի անվտանգությունը) հեղինակությանը:
Ալենի ու Նիկոլի հարաբերությունների հարցը, սակայն թողնենք այս երկու մարդկանց տիրույթում, ինչպես

նաև ՊՊԾ հեղինակությունը համարենք այդ կառույցը ղեկավարող մարդկանց մասնագիտական ու բարոյական պատվի հարցը:
Գանք քաղաքացիների ու Ալենի կամ պետության վարկաբեկման խնդրին:
Ալենն այսօր, ցավոք, ոչ թե «բեսեդկում» ինքնահաստատվող խուժան է, այլ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը թքում է ոչ թե մեկ քաղաքացու, այլ բոլորի երեսին, ովքեր հանդգնում են իշխանությանն ասել, թե նրա «աչքի վերևում հոնք կա»:
Սա պետության վերջն է ու միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է՝ Ազգային ժողովը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը:
Սրանով հանդերձ, երեկ ԱԺ-ում ՄԻՊ թեկնածուների քննարկումը բացահայտեց, որ գործող ԱԺ-ն լակոտակույտ է ու քիչ հավանական է, որ գյադեքը զոհաբերեն իրենցից մեկին, թեկուզև՝ հանուն պետության:
Այնուամենայնիվ, շնորհակալություն՝ Առաջին նախագահին, ովքեր հերթական անգամ, մեկ դիպուկ գրառումով, բացահայտեց գործող իշխանության քաղաքական և բարոյական սնանկությունը:

Սուրեն Սուրենյանց

Իշխանության քաղաքական անմեղսունակությունը

Իշխանության քաղաքական անմեղսունակությունը

Դոնթի բանաձևով՝ ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը։ Արթուր Ղազինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կոնսոլիդացված թեկնածուն է։
Երեկ խորհրդարանական մեծամասնությունը չորրորդ անգամ մերժեց նրա թեկնածությունը ու, ըստ ամենայնի, այս փակուղին դեռ երկար է շարունակվելու։ Համենայն դեպս, «Հայաստան» դաշինքը, կարծես թե, կրկին առաջադրելու է Ղազինյանի թեկնածությունը, իսկ ՔՊ-ն այն կրկին ու կրկին «ջանասիրաբար» մերժելու է։
Անդրանիկ Քոչարյանի այն փաստարկը, թե հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը, բայց ոչ՝ Ղազինյանին, այս պարագայում պարզապես չի աշխատում, որովհետև ընդդիմադիր երկու խմբակցությունները կոնսոլիդացված դիրքորոշում ունեն և իշխանությանն, ըստ էության, զրկել են մանևրի որևէ հնարավորությունից։
Այլ խոսքով, իշխանություն այս պահին հակադրվում է քաղաքական տրամաբանությանը ու ինքն է փակուղի ստեղծում խորհրդարանի առանցքային հանձնաժողովներից մեկում։
Այս պարագայում քաղաքական ճաշակի, սենտիմենտալ տարբեր բնույթի թեզերը չեն աշխատում, որովհետև ՔՊ-ում ուզեն, թե՝ ոչ, խորհրդարանական ընդդիմությունը հենց այս մարդիկ են, ընդ որում՝ հենց օրվա իշխանության քաղաքականության հետևանքով։ Եթե Ղազինյանն այդ ընդդիմության միասնական թեկնածուն է, բայց մեծամասնությունը փաստացի կասկածի տակ է դնում նրա առաջադրման լեգիտիմությունը, ապա նույն տրամաբանությամբ կարելի է կասկածի տակ դնել նաև գործող ԱԺ-ի մեծամասնության լեգիտիմությունը։
Կամ՝ եթե իշխանության պատգամավորներն ասում են, թե իրենց ընտրողները չեն հասկանա Ղազինյանի ընտրությունը, ապա արձանագրենք, որ հասարակական շատ խմբեր էլ չեն հասկանում, օրինակ, Ալեն Սիմոնյանի կամ Հակոբ Արշակյանի ընտրությունը։
Ընդդիմությունը կարո՞ղ էր այս հանձնաժողովի փոխնախագահի համար ունենալ ավելի պրոֆեսիոնալ ու կոմպրոմիսային թեկնածու։
Թերևս՝ այո, սակայն ընտրությունը կանգ է առել Ղազինյանի վրա։ Իշխանությունը կամ պետք է հաշտվի այս փաստի հետ, կամ էլ՝ միտումնավոր վարկաբեկում է շատ կարևոր հանձնաժողովը։ Թե ինչ նպատակով, մնում է ենթադրել։
Անմեղսունակ իշխանության ուրվականը

Անմեղսունակ իշխանության ուրվականը

Երեկ նորընտիր ԱԺ-ում կառավարությունն առաջին անգամ պատասխանում էր պատգամավորների հարցերին։
Մեծ էր սպասումը, որ ստանալու եք հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ։
Ցավոք, տեսանք այն, ինչը բնորոշ է վերջին երեք տարիներին՝ իշխանության դիլետանտիզմ ու անմեղսունակություն։
Նիկոլ Փաշինյանի «համառությունը» պարզապես զարմացնում է։ Փաստորեն` Գորիս- Կապան ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք ոչ թե պատերազմում կրած պարտության, այլ 2010թ-ին ընդունված ինչ-որ ներպետական օրենքի պատճառով։
Երբ պաշտոնյան չի ընդունում իր իշխանավարման ընթացքում տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը, նույնիսկ անիմաստ է նրանից ակնկալել պատասխան, թե ինչպես է պատկերացնում Գորիս- Կապան ճանապարհին ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը։
Փաշինյանն այդ մասին չխոսեց էլ, որովհետև գիտակցում է, որ իր «փայլուն» քաղաքականության հետևանքով Հայաստանն այնքան է կորցրել սուբեկտությունը, որ տարածաշրջանում կորցրել է իր ազդեցությունն անգամ այն գործընթացներում, որոնք կենսականորեն վերաբերում են Հայաստանին ու Արցախին։
Եվ այս համատեքստում «խաղաղության դարաշրջանի» մասին Փաշինյանի անընդհատ պնդումները նմանվում են քաղաքական բովանդակություն չունեցող կարգախոսի, բաժակաճառի։
Ցավն այն է, որ նույն անմեղսունակությունն է նաև այլ հարցերում։
Օրինակ, պարզ չէ՝ արդյո՞ք գազի սակագինը Հայաստանի համար հաջորդ տարի փոխվելու է, թե՞ ոչ ու երկու սցենարներց որևէ մեկի դեպքում ինչ գին է վճարելու Հայաստանը։
Նույն տրամաբանությունն է գործում սոցիալական հարցերում։
Պատգամավորը կառավարությանը հարց է ուղղում, թե ինչու են բուժհիմնարկներում դադարեցվել պետպատվերով ծառայությունները, սակայն բովանդակային պատասխանի փոխարեն՝ լսում ենք առողջապահության նախարարի երկար-բարակ բացատրությունները այն մասին, թե ինչքան «բացառիկ հոգատար» է գործող իշխանությունը։
Գործ ունենք բացարձակ անմեղսունակ ու փնթի իշխանության հետ, որի պաշտոնյաններն արդեն իսկ միջազգային կարևոր միջոցառումներ են բաց թողում՝ ինքնաթիռի անսարքության անհեթեթ պատճառաբանությամբ։ Գործող իշխանությունը բացակա է երկրին ու հասարակությանը հուզող կարևոր հարցերում ու «պարտաճանաչ» է բացառապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեփական արտոնությունների կամ եկամուտների ավելացմանը։

Փաշինյանի պլանը չաշխատեց․ իշխանության սադրանքը

Փաշինյանի պլանը չաշխատեց․ իշխանության սադրանքը

Երեկ ԱԺ-ում մեկնարկեց կառավարության ծրագրի քննարկումը։
Վստահ եմ՝ որևէ մեկը չի հիշելու ոչ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, ոչ էլ ծրագրի առաջնային դրույթները։ Պատճառը միայն այն չէ, որ դրանք ամբողջովին զուրկ են բովանդակությունից, ուղղակի ԱԺ-ն երեկ «եռում» էր միանգամայն այլ հարցով։
Երբ նախօրեին «Հայաստան» խմբակցության անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը կալանավորվեց, իշխանությունը, թերևս, հույս ուներ, որ ընդդիմությունը բոյկոտելու է խորհրդարանական քննարկումները, ինչը թույլ կտար՝ անցնցում, իշխանության սցենարով արագ քննարկել ու ընդունել կառավարության ծրագիրը։
Իշխանության այս սցենարը չաշխատեց, ինչից հետո անձամբ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա ցուցումով նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնհայտորեն դիմեցին սադրանքների։
Առիթ ունեցել եմ ասելու` պատգամավոր Աննա Մկրտչյանի գործունեությամբ հիացած չեմ։
Բայց չեմ կարծում, թե երեկ իրավաչափ էր նրա նկատմամբ սանկցիա կիրառելը «կապիտուլյանտ» բառի կամ այն բանի համար, երբ նա բարձրաձայնում է Փաշինյանին ուղեկցող թիկնապահների ստվար բանակի մասին։
Աննան կարող է ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, սակայն դրանից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հաղթական չի դառնում կամ Նիկոլին սպասարկող թիկնազորի թիվը չի պակասում։
Նիկոլ Փաշինյանը նայում է հայելու մեջ ու կոտրում է այն` իր դեմքի աղավաղումները փոխելու համար։
Կամ, ի՞նչ է նշանակում ՊՊԾ աշխատակիցների բիրտ գործողությունների խրախուսումը նիստերի դահլիճում՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
Որևէ խորհրդարան քաղաքական, բարոյական հարթությունների վրա ոչնչանում է, երբ համազգեստավոր մարդիկ են «կարգավորում» դրա «կայունությունը»՝ քաղաքական երկխոսության, մշակույթի փոխարեն։
Երկրում արմատավորվում է կառավարման ավտորիտար մշակույթ՝ Փաշինյանի լուսանկարների, նրա հանդեպ թիմակիցների քծնանքի, իրավապահների ոչ համարժեք գործողությունների դրվագներով։
Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ «փայլուն» կառավարիչ է, հակառակ պարագայում` հունիսի 20-ին իր իշխանությունը չէր վերարտադրվի։
Փաշինյանի վերջին թիրախը ժողովուրդն է, վերջում նա է մեղադրվելու պատերազմի պարտության, ապաշնորհ կառավարման համար…
Ժողովրդի «մեղքն» այն է, որ Քոչարյանի վերադարձի հարցում ունեցած ֆոբիայի պատճառով ընտրել է Փաշինյանին։

Նիկոլի օրակարգը․ նա ուժեղ է միայն «նախկինների» դաշտում

Նիկոլի օրակարգը․ նա ուժեղ է միայն «նախկինների» դաշտում

Այսօր կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու իր գործունեության հնգամյա ծրագիրը։ Աշխարհի զարգացած երկրներում նման նախաձեռնությունները, որպես կանոն, ուղեկցվում են քաղաքական երկխոսության միջավայրով, որովհետև կառավարությունները շահագրգիռ են լինում, որպեսզի իրենց ծրագրերի շուրջ ձևավորվի հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա։
Այս հարթության վրա Հայաստանը, թերևս, տրենդից դուրս է, որովհետև դասական քաղաքականության կանոնները մեր երկրում չեն աշխատում։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ կալանավորվեց։
Իրավական տեսանկյունից՝ դատարանի այս որոշումը խիստ վիճահարույց է, եթե չասենք՝ խախուտ է։
Անկախ այն հանգամանքից՝ ինչքանով է իրավաչափ Չարչյանին առաջադրված մեղադրանքը, նրան կալանքի տակ առնելու հիմքերը պարզապես բացակայում են, մանավանդ, որ նախաքննությունն ավարտվել է ու գործը դատաքննության փուլում է։
Մյուս կողմից, Սահմանադրության 96-րդ հոդվածը ենթադրում է, որ պատգամավորն ազատությունից կարող է զրկվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Սակայն Հայաստանում անիմաստ է խոսել իրավունքի ու նրա իմպերատիվի մասին, երբ ակնհայտորեն գործ ունենք քաղաքականապես մոտիվացված որոշման հետ։ Կարևոր չէ՝ ես ինչպես եմ վերաբերում Չարչյանին կամ «Հայաստան» դաշինքին․ դասական չափանիշներով պատգամավորի կալանավորումը քաղաքական է։
Արդյո՞ք հակասություն չկա իշխանության վարքագծի մեջ, որը, մի կողմից, ամեն օր խոսում է տոլերանտության անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ ինքն է դառնում քաղաքական հակադրություն հրահրողը։
Այս հարցը լեգիտիմ կլիներ, եթե խոսեինք ռացիոնալ կառավարության մասին, մինչդեռ Փաշինյանի թիմի «կենսունակությունը» միայն հակադրության ռեժիմն է․ գործող վարչապետը ուժեղ է միայն «նախկինների», նրանց «քլնգելու» դաշտում։
Այսօր խորհրդարանում տեսնելու ենք «սև-սպիտակ» փաստարկմամբ գզվռտոց, գերիշխող են դառնալու «կապիտուլյանտ» ու «թալանչի» արտահայտությունները ու այս «աղմուկի» մեջ կառավարությունն անցկացնելու է իր հիմնազուրկ, բաժակաճառ ու կենաց հիշեցնող, երկրի զարգացման հետ աղերս չունեցող ծրագիրը։

Ճգնաժամի ուրվականը․ թշնամուս անգամ չէի ցանկանա նման խորհրդարան

Ճգնաժամի ուրվականը․ թշնամուս անգամ չէի ցանկանա նման խորհրդարան

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններն ինդիկատորային են, որոնք հեռուն գնացող հետևություններ անելու հնարավորություն են տալիս։
ԱԺ-ն աշխատանքային ողջ օրվա ընթացքում չկարողացավ ընտրել ԱԺ երրորդ փոխնախագահին, որը սահմանադրորեն պատկանում է ընդդիմությանը։
Իշխան Սաղաթելյանը երկու անգամ չընտրվեց խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում՝ ստանալով 53 և 49 ձայներ։
Վաղն առավոտյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը, երրորդ փորձով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ փոխնախագահ։
Սակայն դա չէ խնդիրը։
Խորհրդարանական անցուդարձի այսօրվա դրվագը բացահայտում է այս ԱԺ-ի քաղաքական, բարոյական նկարագիրը։
«Հայաստան» դաշինքի բարձրացրած աղմուկը մեծ է, բայց խորհրդարանական հիմնական ընդդիմադիր ուժի մոտ բացակայում է կոնցեպտուալ մոտեցումը, սկզբունքայնությունը։
Օրինակ, հասկանալի չէ՝ եթե «Հայաստան» դաշինքը պաշտոնների խնդիրը չի կարևորում, ապա ինչո՞ւ փոխնախագահի պաշտոնի համար չառաջադրեց իր կալանավորված պատգամավորներից մեկի թեկնածությունը՝ դրանով իսկ ՔՊ-ին զրկելով մանևրելու հնարավորությունից։ Նույն հետևողականությամբ, մի քանի անգամ առաջադրեիք, դիցուք, Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ու ստիպեիք, որ խորհրդարանական մեծամասնությունն, ի վերջո, ընտրեր նրան՝ խորհրդարանական ճգնաժամից խուսափելու համար։ Այդ քայլով զորեղ աջակցություն հայտնած կլինեիք Զաքարյանին, միևնույն ժամանակ՝ սկզբունքային քաղաքական ուժի իմիջ ձեռք կբերեիք։
Մեծ իմաստով՝ «Հայաստան» դաշինքը սկզբունքային քաղաքական ուժ կլիներ, եթե ԱԺ աշխատանքներին չմասնակցեր՝ մինչև վերականգնված չլինեին իր երկու կալանավորված պատգամավորների իրավունքները։
Հիմա գանք խորհրդարանական մեծամասնությանը։
Մանր ժուլիկությունը, մանիպուլյացիան, քինախնդրությունը այս իշխանության, նրա մեծամասնության վարքագծի անքակտելի մասն են։ Անիմաստ է այս մարդկանցից այլ բան ակնկալելը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ոչ թե արդյունավետ կառավարումն է հուզում, այլ, ասենք, Սաղաթելյանին ու «Հայաստան» դաշինքին նվաստացնելու «հաճույքը»։
Եթե չլինեն նախկինները, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ունեն զրո ասելիք։ Եթե չլինեն Փաշինյանն ու «քայլողները», զրո ասելիք ունեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերը։
Սակայն ունենք այն, ինչ ունենք․ այսօրվա խորհրդարանը կազմված է հենց այս երեք ուժերից՝ համապարփակ ճգնաժամի խորհրդանիշներից։ Թշնամուս անգամ չէի ցանկանա նման խորհրդարան։

Սկզբունքայնության թեստ՝ ընդդիմության համար

Սկզբունքայնության թեստ՝ ընդդիմության համար

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում միավորված ուժերն ու գործիչները երդվում էին, որ ընտրությունների չեն մասնակցի, քանի վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։
Հետո, իհարկե, նրանք ոչ միայն ընտրությունների մասնակցեցին, այլ նաև մանդատներ վերցրեցին ու հիմա էլ մեծ սիրով պատրաստվում են խորհրդարանական պաշտոնների բաշխման գործընթացին։
Նման «սկզբունքայնության» պարագայում իշխանությունը որոշել է «ցեց» գցել ընդդիմության ճամբարում՝ Ալեն Սիմոնյանի շուրթերով հրապարակ նետելով այն թեզը, թե ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում իրենք ցանկանում են տեսնել ոչ թե «Հայաստան», այլ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչին։
Հիմա այս երկու դաշինքները բացառիկ շանս ունեն՝ ապացուցելու, որ իրենք ոչ թե մանդատի ու պաշտոնի, այլ՝ սկզբունքի համար են։ Դրա համար ընդամենը պետք է, որպեսզի այս երկու խմբակցությունները ընդհանուր հայտարարի գան ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածության հարցում։
Մի խոսքով՝ առաջիկա օրերը սկզբունքայնության թեստ են ընդդիմության համար։

«Հայաստանն»՝ առանց Քոչարյանի

«Հայաստանն»՝ առանց Քոչարյանի

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը: Այս որոշումից մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել՝ բավականին օբյեկտիվորեն բացատրելով, թե ինչու է անձնապես հրաժարվում մանդատից։
Երկուսն էլ կանխատեսելի որոշումներ էին, այնուամենայնիվ առաջանում են մի քանի հարցեր։
«Հայաստան» դաշինքում հիմնականում միավորված են մարդիկ, ովքեր անցած տարվա նոյեմբերից կատեգորիկ դնում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նրա իշխանության պարագայում հրաժարվելով անգամ ընտրություններին մասնակցելու գաղափարից։
Այս մարդկանց «սկզբունքայնությունն», իհարկե, տևեց մինչև այն պահը, երբ հայտարարվեց արտահերթ ընտրությունների անցկացման օրը։ Նրանք ոչ միայն մասնակցեցին ընտրություններին, այլ ինչպես տեսնում ենք՝ մեծ սիրով վերցնում են մանդատները և, ըստ ամենայնի, չեն հրաժարվելու նաև ԱԺ փոխնախագահի ու հանձնաժողովի երկու նախագահների պաշտոններից, որոնք, ըստ օրենքի, պատկանում են ընդդիմությանը։
Հիմա լեգիտիմ հարց՝ արդյո՞ք կարելի է հավատալ «սկզբունքայնության» այսպիսի հետագիծ ունեցող ընդդիմությանը, որ ինքը լինելու է արմատական ու չի համագործակցելու գործող իշխանության հետ։ Հնարավո՞ր է՝ «Հայաստան» դաշինքը փոխի իր դիրքորոշումը, եթե, օրինակ՝ մոսկովյան ինչ-որ շրջանակներ, տարբեր պատճառներով, որոշեն, որ ճիշտը Քոչարյանի ու Փաշինյանի թիմերի կոալիցիան է։ Իհարկե, նման սցենարն այսօր տեսական է թվում, բայց հեռանկարի համար կարող է իրական դառնալ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նոր ԱԺ-ում ներկայացված բոլոր երեք ուժերն, ըստ էության, իրենց օրակարգն առնվազն համաձայնեցնում են Մոսկվայի հետ։
Երկրորդ հարցն այն է, թե ինչքանով «Հայաստան» դաշինքը կարող է ԱԺ-ում պահպանել իր միասնությունը, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստանի» միակ «մերանը» Քոչարյանն է, որը փաստորեն հրաժարվում է մանդատից։ Համարձակվում ենք պնդել, որ «Հայաստան» դաշինքը՝ որպես միասնական միավոր, կդադարի գոյություն ունենալ հենց այն օրը, երբ Քոչարյանը կլքի քաղաքականությունը։
Մեր վերջին հարցադրումը վերաբերում է հենց այս հարցին։
Արդյո՞ք Քոչարյանը՝ խորհրդարանից դուրս գտնվելով, կարող է պահպանել իր ազդեցությունը դաշինքի նկատմամբ, թե՞ երկրորդ նախագահն այլևս նման օրակարգ չունի, որովհետև կորցրել է իշխանության գալու մոտիվացիան ու շանսը։

Հ․ գ- ի դեպ, երեկ հայտարարություն էր տարածել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, սակայն այն վերաբերում էր ոչ թե մանդատները վերցնել-չվերցնելու խնդրին, այլ սահմանային ճգնաժամին։ «Պատիվ ունեմ»-ից հայտնում են, որ այս պահին դաշինքը քննարկում է պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Չնայած՝ մի քանի մանդատ ունենալն այս դաշինքի համար արդեն իսկ ձեռքբերում է ու խիստ կանխատեսելի է, որ Վանեցյանն ու նրա թիմը նույնպես ջանասիրաբար լծվելու են խորհրդարանական գործունեությանը։

Իշխանության բարոյական անկումը

Իշխանության բարոյական անկումը

Արդեն լուծարված ԱԺ-ն երեկ թերևս վերջին նիստն անցկացրեց և ընդունեց իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլ Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ։

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը «պողպատյա մանդատի» շրջանակներում առաջինը քողարկված ձևով բարձրացրեց իրեն հնազանդ ԱԺ-ի պատգամավորների աշխատավարձը` 600 հազարից ավելի «Պողոսներին» տված խոստումները թողելով «օդից կախված»:

«Իզմ»-եր չունեցող իշխանություններն իրենց թիմերին կոնսոլիդացնում են միայն ու բացառապես բարձր ռոճիկով ու պարգևավճարներով, մանավանդ, որ առջևում սպասվում են արտաքին քաղաքական «բարդ ու զգայուն» լուծումներ։

Որևէ մեկը չի վիճում, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պատշաճ վարձատրվեն՝ կոռուպցիոն ռիսկերից ապահովագրվելու նպատակով, սակայն իշխանությունը պետք է ունենա առաջնահերթություններ՝ որևէ որոշում ժամանակին ու որոշակի չափանիշների ու սկզբունքների հիման վրա կայացնելու համար։

Օրինակ, երբ երեկ կառավարությունում քննարկվում էր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը, Փաշինյանն արդարացիորեն ասել է․ «2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները»։

Զարմանալի է, որ այս չափանիշը չի գործում բարձրաստիճան պաշտոնյաների մասով։ Նրանք նույնիսկ պարգևավճարներ են ստանում այն պարագայում, երբ նրանց կառավարման արդյունավետությունը մոտ է զրոյի։

Սակայն պատգամավորների աշխատավարձերի քողարկված բարձրացումն ունի նաև բարոյական բաղադրիչ։

Ինչքան բարոյականությունից հեռու պետք է լինի մի իշխանություն, որը նման օրինագիծ քննարկի մեկ օր անց այն ողբերգությունից, երբ Երեւանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա զինծառայող է սպանվում…