Բայդեն

Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարությունը

Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարությունը

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են տարածել Ժնևի բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ:
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար»,-ասված է փաստաթղթում:
«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», -ասված է համատեղ հայտարարության մեջ:
Ժնևում երեկ կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևաչափով հանդիպումը: Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ:

Պատմական․ Բայդենը ճանաչեց հայոց Ցեղասպանությունը

Պատմական․ Բայդենը ճանաչեց հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Բայդենի հայտարարության տեքստում ասված է․

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում:

Վերապրածներից շատերն ստիպված են եղել նոր տներ գտնել աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով և ճկունությամբ հայ ժողովուրդը վերապրել և վերակառուցել է իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի կատարվածը երբեք չկրկնվի:

Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկեք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մի աշխարհ, որն աղտոտված չէ ամենօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության չարիքներով, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականությունը ողջ աշխարհում վայրագությունները կանխելու հարցում: Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Ամերիկացի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:

ԱՄՆ նախագահի ուղերձն, անշուշտ, պատմական է և ունենալու է քաղաքական ու իրավական հետևանքներ։ Կանխատեսելի էր, անշուշտ, որ այս հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվելու Երևանում և արժանանալու է Թուրքիայի, Ադրբեջանի, անգամ Պակիստանի խիստ քննադատությանը։

Թրամփի ուղերձն, առաջին հերթին, հայկական լոբբիստական կազմակերպությունների հետևողական և հայրենանավեր տևական աշխատանքի արդյունք է, սակայն նաև հետևանք է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, որոնք պատմական մինիմումի վրա են՝ պայմանավորված բազմաթիվ գորոծոններով, այդ թվում՝ Մոսկվայի ու Անկարայի սերտ հարաբերություններով։

Բայդենի ուղերձը պատմական էր, սակայն Հայաստանը դրանից կարող է շահել, եթե կարողանա կապիտալիզացնել այդ ակտը։ Հարկ է թողել էյֆորիան ու լծվել հետևողական աշխատանքի, մանավանդ, որ ԱՄՆ նախագահի ուղերձը խիստ բարենպաստ համատեքստ է ստեղծել։

Բայդենը պնդում է իր խոսքերը

Բայդենը պնդում է իր խոսքերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ափսոսում ՌԴ նախագահի մասին հարցին տված կտրուկ պատասխանի համար: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Նրան հարցրել են՝ ափսոսում է արդյո՞ք վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը, որ դրական պատասխան է տվել ABC հեռուստաալիքի լրագրողի հարցին. «Կարծում է արդյո՞ք նա, որ Պուտինը մարդասպան է»: Պատասխանելով այդ հարցին՝ Փսակին ասել է. «Ո՛չ: Նախագահն ուղիղ պատասխան է տվել ուղին հարցին»:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին առաջարկել է ուրբաթ կամ երկուշաբթի բաց երկխոսություն անցկացնել պայմանով, որ այն կանցկացվի «գործնականում ուղիղ եթերում» և ազնիվ կլինի: Վաշինգտոնն առայժմ չի պատասխանել Մոսկվայի այս առաջարկությանը։

Բայդենի ուղերձը՝ Ալիևին

Բայդենի ուղերձը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման:
«Իմ վարչակազմն աշխատելու է Ադրբեջանի հետ ընդհանուր անհանգստություն առաջացնող այնպիսի հարցերի լուծման համար, որոնք կապված են անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորման, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ հանուն բարօրության և խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի ուղերձում:
Բայդենը Պուտինին մարդասպան է անվանել

Բայդենը Պուտինին մարդասպան է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն է մաղթել: ։
«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։
ՌԴ նախագահը նաև հավելել է․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։
Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր. «Շուտով կտեսնեք»։
Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`Վլադիմիր Պուտինի հասցեին մեկնաբանությունները, ասել էր․ «Նա, միանշանակ, չի ցանկանում հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ, և հետագայում ելնելու ենք հենց դրանից»։
Ժողովրդավարությունն՝ առաջնահերթություն

Ժողովրդավարությունն՝ առաջնահերթություն

Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի ծրագիրը ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում։
24-էջանոց այդ փաստաթղթում Ջո Բայդենի վարչակազմն ընդգծում է՝ առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհում և Նահանգների վերադարձը միջազգային ասպարեզ։
«Ես խորապես համոզված եմ, որ ժողովրդավարությունը ազատության, բարեկեցության, խաղաղության և արժանապատվության բանալին է: Եվ եթե մենք աշխատենք մեր ժողովրդավար դաշնակիցների հետ՝ վստահությամբ և հաստատակամությամբ, կարող ենք արձագանքել ցանկացած մարտահրավերի», – հայտարարել է նախագահ Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ պատրաստվում է ժողովրդավարության հարցով համաշխարհային գագաթնաժողով հրավիրել, որպեսզի ապահովի դաշնակիցների միջև ընդարձակ համագործակցությունը։

Վաշինգթոնի ու Թեհրանի առճակատումը շարունակվում է

Վաշինգթոնի ու Թեհրանի առճակատումը շարունակվում է

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հստակ մատնանշել է, թե որն է միջուկային գործարքի իրենց պարտականություններին վերադառնալու պայմանը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում պայմաններ թելադրող կողմը Իրանն է, քանի որ կատարել է իր բոլոր պարտականությունները և ոչ թե Ամերիկան և երեք եվրոպական երկրները, որոնք խախտել են իրենց պարտավորվածությունները», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը։
«Եթե նրանք ցանկանում են, որ Իրանը վերադառնա իր պարտականություններին, ԱՄՆ-ն պետք է առաջինը վերացնի իր բոլոր պատժամիջոցները»,- ասել է Խամենեին իրանական օդային ուժերի հրամանատարների հետ հանդիպմանը:
Վաշինգթոնի պատասխանը չի ուշացել։
Նախագահ Բայդենը հայտարարել է, թե ԱՄՆ-ն առաջինը չի վերացնի Իրանի դեմ գործող պատժամիջոցները՝ պնդելով, թե նախ Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը։

Բայդենի առաջին որոշումները

Բայդենի առաջին որոշումները

 

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության առաջնահերթություններն են լինելու պայքարը կորոնավիրուսի դեմ, կլիման, ռասայական անարդարությունը, տնտեսությունը, առողջապահությունը, ներգաղթը և ԱՄՆ դիրքերի վերականգնումն աշխարհում: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Սպիտակ տունը հայտնում է նաև, որ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի կարգավիճակում ստորագրել է առաջին որոշումները:

ԱՄՆ-ն վերադառնում է Կլիմայի շուրջ փարիզյան համաձայնագրին: Մեկ այլ հրամանով՝ կասեցվել է Կանադայից Keystone XL նավթամուղի կառուցումը՝ չնայած Օտտավայի կողմից նախագծի աջակցմանը:

Բայդենը չեղարկել է Թրամփի կողմից ամերիկա-մեքսիկական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը:

Տարվա իրադարձությունը․ այսօր Ջո Բայդենը ստանձնում է ԱՄՆ նախագահությունը

Տարվա իրադարձությունը․ այսօր Ջո Բայդենը ստանձնում է ԱՄՆ նախագահությունը

Այս պահին Վաշինգթոնում տեղի է ունենում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ աղոթում է նոր իշխանության հաջողությունների համար։ «Ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ասել է նաև, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա հարձակման տեսքով արտահայտված քաղաքական բռնությունը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Սակայն հենց հունվարի 6-ի սկանդալային իրադարձություններն էապես ազդեցին Թրամփի հեղինակության և վարկանիշի վրա։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ԱՄՆ բնակիչների 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը: Միևնույն ժամանակ, հարցման տվյալներով՝ Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը երբեք այսքան երկփեղկված ու բաժանված չի եղել ու շատ փորձագետներ նշում են, որ Թրամփն ունի մեծաթիվ կողմնակիցներ ու չի բացառվում, ոչ միայն նրա կողմից քաղաքական շարժում գեներացնելը, այլ նաև՝ նոր նախագահի ինագուրացիայի օրը կամ դրանից հետ բողոքի ակցիաների անցկացումը։

Ինագուրացիային նախորդող ու հաջորդող բողոքի ակցիաները նոր երևույթ չեն ԱՄՆ քաղաքական պատմության մեջ։

2017-ին Թրամփի ընդդիմախոսները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ անցկացրեցին, իսկ ինագուրացիայի նախորդ օրը Նյու-Յորքում մեծ երթ իրականացրեցին, որին մասնակցեցին հոլիվուդյան մի շարք աստղեր։

Թրամփի ինագուրացիայի օրը մի խումբ մարդիկ փորձել են վիժեցնել այն, ինչին հետևել են ոստիկանության կոշտ գործողությունները։ Թրամփի ինագուրացիայի հաջորդ օրը Վաշինգթոնում կանայք են երթ անցկացրել՝ նորընտիր նախագահի սեքսիստական հայտարարությունների դեմ։

2005-ին, Բուշ-կրտսերի երկրորդ ինագուրացիայի օրը, տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են արել՝ բողոքելով Իրաքում ընթացող պատերազմի դեմ։

2001-ին, Բուշ-կրտսերի առաջին ինագուրացիայի ժամանակ, նրա ավտոշարասյան ուղղությամբ ձվեր ու թենիսի գնդակներ են նետվել։ Մարդիկ բողոքում էին վիճահարույց ընտրությունների դեմ։

1969-ին Նիքսոնի ավտոշարասյան վրա նետվել են քարեր, շշեր։ Ակտիվիստները պահանջում էին ամերիկյան զորքերի դուրսբերումը Վիետնամից։