բանակ

Բանակի ռեֆո՞րմ, թե՞ նախընտրական «աչոկներ»

Բանակի ռեֆո՞րմ, թե՞ նախընտրական «աչոկներ»

Պատերազմում արձանագրված պարտությունից հետո բանակի արդիականացումն ու ռեֆորմը ամենակարևոր հարցերից մեկն է ու նույնիսկ ցանկալի է, որ երկրի վարչապետն անդրադառնում է այս թեմային։

Մյուս կողմից, բանակի ռեֆորմը տարողունակ, բազմաշերտ թեմա է, որի մասին պետք է ու անհրաժեշտ է խոսել համալիր լուծումներով՝ բոլոր բաղադրիչները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում՝ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ դեղատոմսերը կարող են ոչ միայն թաղել բարեփոխումների հնարավորությունը, այլև ռիսկեր ծնել մեր անվտանգության միջավայրի համար։

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- նախօրեին Վայոց ձորում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես գրեթե բոլոր մյուս դեպքերում, այս պարագայում նույնպես գործող վարչապետը չի առաջարկում ինստիտուցիոնալ լուծումներ, համակարգային մոտեցումներ ու խոսում է հնարավոր բարեփոխման հետևանքներից ընդամենը մեկի մասին, ընդ որում՝ հնչեցնում է միտք, որի տակ չկա մասնագիտական հաշվարկ։ Այս միտքը գուցե անգամ չի ծնվել մասնագիտական քննարկումների արդյունքում ու իր բնույթով «նախընտրական» է՝ միտված ժողովրդահաճո արտահայտություններով ձայներ ստանալուն։

Մահաբեր պատերազմից հետո բնական է, որ շատ ծնողներ չեն ցանկանում իրենց որդիների ծառայությունը, հատկապես սահմանամերձ հատվածում և ահա՝ վարչապետի ուղերձն ուղղված է ոչ թե բանակի ռեֆորմին, այլ իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգ մարդկանց՝ նրանց քվեն ստանալու ակնկալիքով։

Պոպուլիզմի նման նշաձողով գուցե հնարավոր է հաղթել ընտրություններում, սակայն այդ հաղթանակը հաստատ չի նպաստելու արդյունավետ ու որակյալ կառավարմանը։ Չի կարելի «ոտքի վրա» ռեֆորմ հորինել՝ մի քանի հազար քվեների համար։

Միլիարդատիրոջ տղան գնաց բանակ․․․․

Միլիարդատիրոջ տղան գնաց բանակ․․․․

Հայտնի ռուս միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի որդի Նիկիտան մեկնեց ծառայության այն բանից հետո, երբ նրան հեռացրեցին բարձրագույն տնտեսագիտական դպրոցից։ Հեղինակավոր FORBES-ին լուրը հայտնել է գործարարի որդու մտերիմներից մեկը։ Ինչպես հայտնել էր հետագայում РБК-ն, Նիկիտային ծառայության է ուղղորդել հենց հայրը, քանի որ որդին սովորել այլևս չէր ցանկանում։ Երբ Նիկիտան վերջնականապես հորը հայտնեց ուսումը չշարունակելու մասին, հայրը նրան ասաց․ «Ուրեմն գնա ծառայելու․․․․․»։

Ի դեպ, Նիկիտան սովորում էր ԲՏԴ-ի ամենաէլիտար՝ միջազգային քաղաքականության և միջազգային տնտեսության  ֆակուլտետում, որի ծրագիրը թույլ էր տալիս 1-ին կուրսը ավարտելուց հետո ուսանել Լոնդոնի համալսարանի 1-ին կուրսում։ Տղայի տարեվերջյան գնահատականները այնքան ցածր էին, որ չէին գերազանցել 2,6 միավորը՝ 10 բալանոց համակարգում։ Մի բան պարզ էր, որ Նիկիտային առհասարակ դուր չէր գալիս ուսումնառությունը և նա մեծ ջանքեր չէր ներդնում ուսման մեջ մեծ նվաճումների հասնելու համար։

Նշենք, որ Ալեքսեյ Մորդաշովը ռուսաստանյան ամենահարուստ գործարարներից մեկն է։ FORBES-ի վարկածով՝ 2020 թվականի տվյալներով ամենահարուստ բիզնեսմենների շարքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը․ նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 16․8 մլրդ․ դոլար, իսկ այժմ՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների, Մորդաշովի կարողությունը արդեն իսկ գնահատված է 23․2 մլրդ․ դոլարին համարժեք։

Դեռևս 2019 թվականին Ալեքսեյ Մորդաշովը որոշեց հանձնել որդիներ Կիրիլին և Նիկիտային ոսկու արդյունահանմամբ զբաղվող ու իրեն պատկանող Nordgold ձեռնարկության 65% ակցիաները։ Բացի այդ, միլիարդատերը փոխանցեց որդիներին TUIAG տուրօպերատորի  24․9 %  բաժնեմասը, այսինքն՝ յուրաքանչյուր որդու բաժնեմասն, ըստ հաշվարկի, կազմում էր 2․19 միլիարդ դոլար։ Լինելով յոթ երեխաների հայր, գործարարը հասցնում է հետևել յուրաքանչուրի ինչպես վարքագծին, այնպես էլ՝ նրանց հետ կապված ցանկացած իրադարձության և սա պատճառներից մեկն է, որ վերջինս՝ շռայլության և հարստության մեջ, փորձում է զավակների մեջ սերմանել ու դաստիարակել իրական քաղաքացու կերպար։  

 

Նիկոլը «նշանակում» է մեղավորներ, ի՞նչ է խոսելու «Պատրոն Դավոն»

Նիկոլը «նշանակում» է մեղավորներ, ի՞նչ է խոսելու «Պատրոն Դավոն»

Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առքուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը։ «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։
ԱԱԾ-ն պարզել է, որ Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, և անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդականի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը խարդախությամբ նախարարությունից ստացել է մեկ միլիոն 83 հազար դոլարի չափով գումար։
Դավիթ Գալստյանն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։ ԱԱԾ-ն միջնորդել է, որ նրան կալանավորեն։
Դավիթ Գալստյանն այն կերպարներից է, որի պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին կասկածի տակ էր դնում հեղափոխության փաստը։ «Պատրոն Դավոն» կամրջում էր հին կոռուպցիոն համակարգը Փաշինյանի թիմի հետ։
Փաշինյանի իշխանությունը, սակայն, նրանից ազատվեց շատ ուշ, երբ արդեն բոլորը խոսում էին Դավիթ Գալստյանի կոռուպցիոն գործունեության մասին ու նույնիսկ բարձրաձայնվել էր իբրև թե կոռուպցիոն բուրգի գոյության մասին, որտեղ «Պատրոն Դավոյից» բացի՝ հիշատակվում էին նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունները։
Սակայն Դավիթ Գալստյանը մեղադրյալ դարձավ միայն այն բանից հետո, երբ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք էր «մեղավորներ» գտնել պատերազմի ձախողման հարցում։ Գալստյանն, անշուշտ, հրեշտակ չէ, սակայն գրեթե անկասկած է, որ նա փողերը միայնակ չի հափշտակել ու գուցե հնչեցնի անուններ, որոնք հաճելի չլինեն նաև Փաշինյանի ու նրա թիմի համար։
Մյուս կողմից, դեռ փաստ չէ, որ մեղադրյալ «Պատրոն Դավոն» կալանավորվելու է։ Գուցե նա լուռ մնա ազատության դիմաց։ Մի կողմից, այս պատմությունը կօգտագործվի Փաշինյանի թիմի կողմից՝ PR-ի նպատակով, մյուս կողմից՝ ազատության մեջ Դավիթ Գալստյանն անուններ չի տա՝ իր կարգավիճակի համար «պարտական» մնալով իշխանություններին։

Շնորհավոր տոնդ, բանակ։ Մեր բանակը երբեք չի պարտվել

Շնորհավոր տոնդ, բանակ։ Մեր բանակը երբեք չի պարտվել

Հունվարի 28-ը հատուկ նշանակություն և խորհուրդ ունի մեր տոնացույցում։ Այդ օրը մեր բանակի՝ բոլորս հպարտության, ծննդյան օրն է։
Տարիներ շարունակ մենք այս օրը տոնել ենք հատուկ խանդավառությամբ՝ բարձրաձայնելով, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ, ուժեղ բանակը, որը կարողացել է փառահեղ հաղթանակ տանել արցախյան առաջին պատերազմում, ծնել է բյուր հերոսներ, մեծարման արժանի գեներալներ, սպաներ, զինվորներ։
Արցախյան վերջին պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիան շատ բան փոխեցին մեր հանրային ընկալման մեջ, սակայն նույնը մնաց ակնածանքը բանակի, նրա սպայի ու զինվորի հանդեպ։
Բանակը չի պարտվել նաև վերջին պատերազմում ու 44 դժնդակ օրերին հայ զինվորն ու սպան մեր ժողովրդի հերոսապատումը լրացրել են բազում սխրանքներով, վասն հայրենյաց նվիրումի ու անձնազոհության դրվագներով։
Պարտվել են մեր իշխանությունների ապիկար քաղաքականությունը, պետության սխալ մոդելը, անփառունակ դիվանագիտությունը։
Բանակը չի պարտվել, պարտվել են մեր քաղաքական միտքը, չկայացած հանրային դիսկուրսը։
Մենք պարտվեցինք, երբ 1997-ին մերժեցինք արժանապատիվ խաղաղության բանաձևը։
Մենք պարտվեցինք, երբ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում գնդակահարեինք մեր հաղթանակի խորհրդանիշ Սպարապետին։
Պարտվեցինք, երբ երկու տասնամյակ շարունակ հանդուրժեցինք արատավոր կոռումպացված համակարգի գոյությունը, որը մսխեց մեր հաղթանակը։
Պարտվեցինք, երբ հեղափոխության անվան տակ իշխանությանը տիրացան գավառամիտ ոչնչություններ, որոնք երկու-երեք տարում, ըստ էության, ոչնչացրեցին պետական համակարգը։
Ահա, 20-23 տարիների այս ընթացքը հանգեցրեց պարտության, իսկ մեր բանակը դարձյալ կռվեց հերոսաբար՝ մեն-մենակ արժանապատիվ կռիվ տալով արտաքին թշնամու, ներքին անարդյունավետ կառավարման, ամլացած պետական ու քաղաքական համակարգի դեմ։
Փառք ու պատիվ մեր անպարտ բանակին, նրա գեներալին, սպային, զինվորին։