բանավեճ

Քարոզչության վերջին օր․ չստացված բանավեճեր

Քարոզչության վերջին օր․ չստացված բանավեճեր

Այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Գլխավոր իրադարձությունը, թերևս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքն է Հանրապետության հրապարակում։

Մինչ այդ արձանագրենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությունն ավարտեց երկփուլանի քաղաքական բանավեճերը։ Երեկվա քննարկումը, որին մասնակցում էր նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, շատ ավելի բովանդակային էր, քան նախորդ օրվանը, սակայն ընտրական այս գործընթացում բանավեճային ինստիտուտը, մեծ հաշվով, տապալվեց։

Դատեք ինքներդ։

Երկու օրերի ընթացքում բանավեճերին ընտրական գործընթացի 25 մասնակիցներից միայն 11-ը մասնակցեցին։ Հարցը միայն քանակական բաղադրիչին չի վերաբերում։ Բանն այն է, որ 11 մասնակիցներից միայն մեկը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է դասվում ընտրությունների ֆավորիտներ շարքին, բանավեճերին մասնակից ևս երկու ուժ՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆավորիտներ չեն, սակայն պահպանում են անցողիկ շեմը հաղթահարելու որոշակի հնարավորություններ։

Ընտրական գործընթացի մյուս ֆավորիտները՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան տանդեմի «Պատիվ ունեմ» դաշինքը ու անցողիկության շեմը հաղթահարելու հնարավորություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը Հ1-ի բանավեճերը բոյկոտեցին, հիմնականում՝ Փաշինյանի անձով պայմանավորված։

Դժվար է ասել՝ ինչքանով է մոտիվացված այս մարտավարությունը, մանավանդ, օրինակ, արմատական ընդդիմության համարում ունեցող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ մասնակցում էր հեռուստաբանավեճին ու անկաշկանդ քննադատում էր Փաշինյանին։

Սակայն ավելի կարևոր է փաստի արձանագրումը․ ընտրական այս գործընթացում ծրագրային, քաղաքական բանավեճ տեղի չունեցավ։ Ընդ որում, տեղի չունեցավ ոչ միայն Հանրայինի եթերում, այլ նաև ողջ քարոզչության ընթացքում։

Քաղաքական հիմնական դերակատարները զբաղված էին միմյանց վարկաբեկելով, կոշտ հռետորաբանությամբ ու էսկալացիան մեծ հավանականությամբ փոխադրվելու է տեղամասեր, հետո գուցե՝ փողոցներ ու հրապարակներ։ Այնպիսի տպավորություն է, որ հունիսի 20-ին գործընթացը ոչ թե ավարտվելու է, այլ նոր միայն մեկնարկելու է։

Քարոզչության 11-րդ օր․ հարցեր «բացակա» Նիկոլին

Քարոզչության 11-րդ օր․ հարցեր «բացակա» Նիկոլին

Դեռևս ընտրական գործընթացի մեկնարկին էր պարզ, որ Հանրային հեռուստատեսության կազմակերպած ավարտական բանավեճերն այս անգամ բովանդակային հարթության վրա չեն կայանալու։
Անտագոնիստական ռեժիմը, կամպանիայի ֆավորիտների՝ միմյանց ոչնչացնելու գայթակղությունը վերջնականապես զրոյացրել է քաղաքական երկխոսության, բանավեճի, քաղաքական խոսքի ու ծրագրի արժեքը։ Երբ քաղաքական ուժերը միմյանց դիմում են, լավագույն դեպքում, «կապիտուլյանտ» ու «թալանչի» որակումներով, դժվար է պատկերացնել նրանց բանավեճը, քաղաքական դիսկուրսը։
Մյուս կողմից, ընտրական գործընթացի մասնակիցների անբնական առատությունը տեխնիկական բարդություններ առաջացրեց բանավեճի կազմակերպման համար։ Հանրային հեռուստատեսության ընտրած բանաձևը՝ կուսակցություններին ու դրանց դաշինքներին երկփուլանի բանավեճի հրավիրել ըստ քաղաքական ուժերի պետական գրանցման հերթականության, միանշանակ չընդունվեց քաղաքական ուժերի կողմից։
Բանավիճային «սորտավորման» այս տարբերակը քաղաքական ուժերին բաժանեց ըստ քաշային կատեգորիաների։
Հեռուստատեսային բանավեճի առաջին զամբյուղում ընդգրկված էին 13՝ հիմնականում նորաստեղծ կուսակցություններ, որոնցից էլեկտորալ որոշակի շանսեր ունեն(խոսքն ամենևին էլ անցողիկության շեմը հաղթահարելու կարողության մասին չէ, ինչի հնարավորությունն այս ուժերը չունեն) միայն երկուսը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը»։
Հանրայինի առաջին բանավեճի 13 մասնակիցներից 8-ը հրավերը բոյկոտել էին ի սկզբանե, «Մեր տունը Հայաստանն է» ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, Հանրայինի տաղավարը լքեց՝ բանավեճի ձևաչափի շուրջ իր անհամաձայնությունը հայտնելուց անմիջապես հետո։
Տաղավարում մնացած չորս ուժերի ներկայացուցիչները՝ «Արդար Հայաստանի», «Վերելքի», Հայաստանի Եվրոպական կուսակցության և «Ազգային-ժողովրդավարական բևեռի» առաջին համարներն, ըստ էության, բանավեճային նյութ չունեին, առնվազն՝ երկու պատճառով։
Այս քաղաքական ուժերն, ըստ էության, որևէ ազդեցություն չունեն ընտրական այս գործընթացի վրա, մյուս կողմից՝ նրանց շատ հարցեր մնացին օդում կախված, որովհետև Երրորդ հանրապետության երեսուն տարիների պատասխանատուներից որևէ մեկը տաղավարում չէր։ Խորհրդանշական է, որ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հարցն ուղղված էր «բացակա» Նիկոլ Փաշինյանին։
Այսօր Հանրային եթերում նախատեսված է երկրորդ բանավեճը՝ «ծանրքաշայինների» մասնակցությամբ, որը, սակայն, դարձյալ բովանդակային չի լինի՝ որոշների բոյկոտի ու բանավիճային ձևաչափի բացակայության հետևանքով։

Քոչարյանի թիմի «թույլիկ» պատասխանն ոչ ադեկվատ Փաշինյանին

Քոչարյանի թիմի «թույլիկ» պատասխանն ոչ ադեկվատ Փաշինյանին

«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»,– երեկ Լոռիի մարզում հայտարարել է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը։
Նորմալ է, երբ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր- Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է բանավեճի, բայց «տղամարդլամիշ» արտահայտությունը հուշում է, որ Փաշինյանի ուզածը «բեսեդկի ռազբորկան» է։
Ավելի հավանական է այն տարբերակը, որ Փաշինյանն առհասարակ բանավեճ չի ուզում և իր հրավերը միտումնավոր այնպես է ձևակերպում, որ դիմացինները մերժեն այն։
Մյուս կողմից, հունիսի 18-ին ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների առաջին համարները բանավիճելու են։ Դա օրենսդրական պահանջ է ու այնքան էլ տեղին չէ, որ իր բազմաթիվ ընդդիմախոսներից Փաշինյանն առանձնացնում է հատկապես երկուսին։ Ըստ ամենայնի, փաստացի վարչապետը դարձյալ փորձում է խաղալ նախկինների հանդեպ հանրային ֆոբիաների վրա՝ ակնհայտորեն գերագնահատելով այդ գործոնը։ Համենայն դեպս, գործող իշխանության պրիմիտիվ քարոզչական տրյուկներն այլևս նախկին արդյունավետությունը չունեն։
Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անեն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը։
Բանավեճից խուսափել որևէ պարագայում չի կարելի, մանավանդ, որ դա նաև օրենսդրորեն կարգավորվում է, բացի այդ՝ բանավեճերն այն կարևոր քաղաքական գործիքակազմն են, որը հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն է տալիս։ Բանավեճից խուսափելը թուլության նշան է, եթե անգամ ընդդիմախոսդ Փաշինյանն է, որը, մեղմ ասած, չի փայլում քաղաքական կոռեկտությամբ։
Այս հարթության վրա առնվազն տարակուսելի է Քոչարյանի թիմի արձագանքը։
«Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը դա կանի։
Դեպի ուժեղ Հայաստան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ Իշխան Սաղաթելյանը:
Նույն տրամաբանությամբ՝ «Դավաճանների հետ ընտրության չեն մասնակցում»։
Եթե համաձայնել եք Փաշինյանի հետ ընտրության մասնակցել, ուրեմն՝ ընդունել ենք որոշակի ֆորմալ և ոչ ֆորմալ խաղի կանոններ, որոնցից մեկն էլ բանավեճի մասնակցելն է։ Սա է քաղաքական մոտեցումնը, մնացածը հիշեցնում է «թույլիկ» պատասխան։