բացահայտում

ՀՔԾ-ի «փնթիության» հետևանքները․ դա չի վերացնում Քոչարյանի պատասխանատվությունը

ՀՔԾ-ի «փնթիության» հետևանքները․ դա չի վերացնում Քոչարյանի պատասխանատվությունը

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան երեկ հրապարակել է Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։  Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է Մարտի 1-ի գործով հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները և փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ։ Դատախազությունը պնդում է, որ Ինտերպոլը «մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու իրավասություն չունի»։
Ես որևէ պարագայում չեմ մտնի իրավական պոլեմիկայի մեջ, նկատեմ միայն, որ դատախազությունն, ըստ էության, չի հերքում, որ Ինտերպոլը Գևորգ Կոստանյանի դրվագում քաղաքական հետք է տեսել։ Միայն այս փաստը բավարար է՝ պնդելու համար, որ ՀՔԾ-ն պատշաճ քննություն չի իրականացրել Մարտի 1-ի գործով։
Երբ 2018թ-ի իրադարձություններից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց, ես մի քանի անգամ մտահոգություն հայտնել եմ, որ Հայաստանի դատա-իրավական համակարգն ի վիճակի չէ սպասարկել նման բարդ ու բազմաշերտ գործի համակողմանի քննությունը։ 2018-ին, հաշվի առնելով այդ օբյեկտիվ հանգամանքը, Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնած էր երկընտրանքի առաջ։
Բանական էր թվում Մարտի 1-ի բացահայտմանն անդրադառնալ դատա-իրավական բարեփոխումներից հետո, երբ այլևս որևէ մեկի մոտ կասկած չէր կարող առաջանալ գործի օբյեկտիվ ընթացքի մասով կամ գոնե անհրաժեշտ էր ներգրավել միջազգային մասնագետների, փորձագետների՝ քննության պրոֆեսիոնալ բաղադրիչն ապահովելու, ներքաղաքական շահարկումներից խուսափելու համար։
Իշխանությունը տրվեց հեղափոխական էյֆորիային և չգնաց ռացիոնալ լուծումների, ինչի հետևանքով մենք ունենք մի իրավիճակ, երբ բացահայտված չեն տասը սպանությունները, Կոստանյանի դրվագով գործ ունենք սկանդալի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մասով դատավարությունը հայտնվել է փակուղում, ըստ էության՝ ապալեգիտիմացնելով գործընթացը։
Մյուս կողմից, Թագուհի Թովմասյանի երեկվա բացահայտումները միանգամից շահարկվում են հայտնի շրջանակի կողմից, որը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փաստաբանությունը։
Եթե անգամ ընդունենք, որ Ինտերպոլը քաղաքականապես մոտիվացված է համարել Գևորգ Կոստանյանի դրվագը ու նույնիսկ համարենք, թե նա անմեղ է, ապա այդ գնահատականները վերաբերում են Մարտի 1-ի գործի ընդամենը մեկ դրվագին ու չի կարելի այն տարածել ամբողջ գործի վրա, որի գլխավոր ֆիգուրանտը երկրորդ նախագահն է։ Երեկվանից հենց դա են անում հայտնի իրավապաշտպանները՝ պատրանք ստեղծելով, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման զոհ է։
Ի վերջո, կան անհերքելի փաստեր։
Տեղի է ունեցել ոճրագործություն, իշխանության ցուցումով Երևանի կենտրոնում գնդակահարվել է տասը մարդ, բանակը, հակառակ Սահմանադրության պահանջի, ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ցուցումներով գործեր են կարվել ընդդիմադիրների հանդեպ, որոնցից շատերը ավելի ուշ արդարացվել են Հայաստանի դատարանների ու ՄԻԵԴ-ի որոշումներով։ Էլ չեմ ասում, որ զանգվածաբար կեղծվել են 2008-ի նախագահական ընտրությունները։
Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ ցանկանում է «պլստալ» պատասխանատվությունից ու դրան էապես նպաստում է ՀՔԾ-ի «փնթիությունը», սակայն դա այնքան էլ դյուրին գործ չէ, մանավանդ, գործ ունեք իշխանության արյունոտ տրանզիտի հետ։

Սերժ Սարգսյանի կարևոր բացահայտումը․ ո՞վ էր ստվերից «աճեցնում» Փաշինյանի հեղափոխությունը

Սերժ Սարգսյանի կարևոր բացահայտումը․ ո՞վ էր ստվերից «աճեցնում» Փաշինյանի հեղափոխությունը

 

Ինչո՞ւ 2018-ին Սերժ Սարգսյանը հանգիստ հեռացավ՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանի թիմին, արդյո՞ք Փաշինյանը եղել է Սարգսյանի պրոյեկտը։

Սրանք հարցեր են, որոնք երեք տարուց ավելի շրջանառվում են հանրային տրամադրություններում, քաղաքական տարբեր դիսկուրսներում։ Բնականաբար, Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցում այս հարցերը շրջանցվել չէին կարող։ Երրորդ նախագահի պատասխանը բազմաշերտ ու ինտրիգային էր։

«Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար»,- երեկ ասել է Սերժ Սարգսյանը։

Եթե դուրս գանք ընթացակարգային ֆորմալությունից, ապա 2018-ի ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը, Սերժ Սարգսյանը որևէ մեկին իշխանությունը փոխանցել չէր կարող, որովհետև այլևս փողոցն էր օրակարգ թելադրողը, մանավանդ, պետական համակարգի անգործության ու բարոյական մաշվածության պայմաններում։

Հետևաբար, երեկ Սերժ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է այն հարցին, թե ինչու իշխանությունը չի փոխանցել Կարեն Կարապետյանին, հատկապես, որ դա ամենահավանական սցենար էր համարվում 2016-ի սեպտեմբերից սկսած, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայից գործուղվեց Երևան՝ վարչապետի կարգավիճակում Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» լինելու նպատակով։

Սերժ Սարգսյանը երեկ անուղղակիորեն պատասխանել է այդ հարցին․ նա ասել է, որ ԼՂ կարգավորման գործընթացում վտանգավոր էր «գլխավոր բանակցողին» փոխելը։

Եթե հավատանք Սերժ Սարգսյանի վարկածին, նա ԼՂ խնդիրը լուծելու հրամայականով պարտադրված՝ որոշում է կայացրել երկարաձգել իր իշխանությունը վարչապետի պաշտոնում։

Ահա և գալիս է Սարգսյանի հարցազրույցի ինտրիգային տողատակը։

Կարելի է ենթադրել, որ Կարապետյանի Երևան գործուղած մայրաքաղաքին ձեռնտու չի եղել ԼՂ խնդրի կարգավորման այն սցենարը, որը մտադիր է եղել կյանքի կոչել Սերժ Սարգսյանը(հնարավոր է նաև նույն մայրաքաղաքում վստահ չեն եղել, որ Սարգսյանը կպահի խոստումը ու կգնա ԼՂ խնդրի կարգավորմանը) կամ գուցե Կարեն Կարապետյանին չի բավարարել 2018-ի ապրիլից հետո դարձյալ իշխանությունում երկրորդը լինելու կարգավիճակը։ Համենայն դեպս, քաղաքական դաշտում բոլորը գիտեն, որ 2017-ի աշնանը Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք է բերվել ստվերային պայմանավորվածություն, որի իմաստն այն է, որ «Ելք» խմբակցությունը պետք է թիրախավորեր Սերժ Սարգսյանին՝ «կանաչ լույս» վառելով 2018-ի ապրիլի 9-ից հետո Կարապետյանի վարչապետության և ԱԺ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության համար։

Կարապետյանը արել է պայմանավորվածությունների իր մասը՝ Փաշինյանի շարժման համար ապահովելով ռուսահայ և հայաստանյան օլիգարխիայի աջակցությունը։ Դրա շնորհիվ Փաշինյանի շարժումը դարձել է զանգվածային, ինչի հետևանքով վերջինս իքս պահին այլևս չի զգացել որևէ մեկի, այդ թվում՝ Կարապետյանի աջակցության կարիքը ու խախտել է երկկողմանի պայմանավորվածությունը։

Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ իր համակարգի ներսում եփված դավադրության ու դրանում Կարապետյանի մասնակցության մասին և պատահական չէ, որ իշխանությունը նրան «փոխանցել» է այն պահին, երբ «Գազպրոմի» հայտնի ներկայացուցիչն այն պահել այլևս չէր կարող։

Ահա, թե ինչ էր երեկ «բացահայտում» Սերժ Սարգսյանը։

 

«Շպիոնգեյթ»․ երբ մեռնում է քաղաքականությունը

«Շպիոնգեյթ»․ երբ մեռնում է քաղաքականությունը

Եթե 90-ականների սկզբին Հայաստանը հետևեր բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներին ու լյուստրացիա իրականացներ, այսօրվա Հայաստանում, թերևս, քաղաքականությունը չէր կառուցվի շանտաժի ու կոմպրոմատների վրա։

Բայց պահը բաց է թողնված ու հասարակության համար շոկային դարձավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումը՝ Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու մասին։

Բացահայտման բովանդակությանը, բնականաբար, մանրամասն չեմ անդրադառնա, մանավանդ, որ մեր հասարակությունը դրան տեղյակ է։ Նկատեմ միայն, որ Արարատ Միրզոյանի ու ԱԱԾ-ի հերքումները բովանդակային հարթության վրա շատ թույլ էին ու ավելի շատ հաստատեցին կասկածներն այն մասին, որ Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարը «շպիոնական» ինչ-որ հետագիծ, այնուամենայնիվ, ունի։ Նորմալ երկրներում պաշտոնյան առնվազն կդադարեցներ իր լիազորությունների կատարումը՝ մինչև համապատասխան քննության իրականացումը։ Սակայն Հայաստանում նման բան տեղի չի ունենա, որովհետև անցած երկու-երեք տարվա ընթացքում մենք տեսել ենք վարչապետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցների գաղտնալսում, նախկին չեկիստների բաց, հրապարակային գզվռտոց ու այս ամենն՝ առանց քաղաքական հետևանքի։

Հետևանքներ չեն լինելու նաև այս անգամ։

Նույնիսկ ենթադրում եմ, որ ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանին անգամ գոհացնում է։ Ինչքան շատ վարկաբեկված լինեն Արարատ Միրզոյանն ու թիմի մյուս առանքային ներկայացուցիչները՝ նրանք ավելի շատ կհամախմբվեն Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև գործող վարչապետը «քայլողների» համար դառնում է անայլընտրանք «փրկիչ»։

Սակայն գլոբալ հետևությունների չենք հանգելու մենք՝ բոլորս։

Քաղաքականությունը մեռնում է, երբ կառուցվում է կոմպրոմատների ու շանտաժի վրա։ Երեկ դրանցից օգտվում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այսօր նրա լուզեր իշխանության դեմ այդ զենքն օգտագործում են ընդդիմախոսները։

Եվ վերջապես՝ ԱԱԾ-ն, մեր ազգային անվտանգության համակարգը գտնվում են ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամի, կոլապսի մեջ։ Եթե գաղտնի փաստաթղթերն այսպես ազատ «տեղաշարժվում» են՝ դառնալով քաղաքական պայքարի գործիք, ապա կարելի է պատկերացնել իրավիճակի ողբերգականությունը։ Ու սա դեռ վերջը չէ, որովհետև այս ամուլ իշխանությունից հնարավոր չէ պահանջել ԱԱԾ համակարգային բարեփոխում, նրա ինստիտուցիոնալ ապակենտրոնացում։ Ուրեմն, թամաշան շարունակվելու է, սպասենք նոր սկանդալների՝ մի օր իրական, լեգիտիմ հիմքով լյուստրացիա տեսնելու ակնկալիքով։