ԴԱԿ

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 «22» մարտ 2023 Երևան

Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի և փետրվարի 20-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.

1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։

2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,

բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,

գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,

դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել  մրցակցային սկզբունքով,

ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ,

զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։

 

  1. Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։

ԾԱՆՈՒՑՈՒՄ 1. ԴԱԿ հաղորդագրություններին կարող եք հետևել daparm.am՝ կուսակցության պաշտոնկան կայքում։

ԾԱՆՈՒՑՈՒՄ 2. ԴԱԿ ինֆորմացիոն հովանավորներն են politcom.am և armenlur.am կայքերը, ինչպես նաև ԱՅՍՕՐTV յութուբյան ալիքը։

«Հայ Ազգային Կոնգրես» և  «Դեմոկրատական այլընտրանք» հանդիպում

«Հայ Ազգային Կոնգրես» և «Դեմոկրատական այլընտրանք» հանդիպում

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության ղեկավար անդամները հյուրընկալեցին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի պատվիրակությանը: ԴԱԿ հունվարի 26-ի հայտարարության շուրջ ծավալվեց համակողմանի ու շահագրգիռ քննարկում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ քաղաքական խորհրդակցությունները շարունակելու մասին:

Կարևորվել է արտահերթ ընտրությունների անցկացումը

Կարևորվել է արտահերթ ընտրությունների անցկացումը

Այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, Քաղաքական խորհրդի անդամներ Արմեն Գևորգյանն ու Սարգիս Լևոնյանը, քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում, հյուրընկալեցին «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանին:
Քննարկման առարկա դարձավ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 2023թ-ի հունվարի 26-ի հայտարարությունը:
Երկուստեք կարևորվեց այնպիսի ինստիտուտների և օրակարգի ձևավորումը, որը կհանգեցնի՝ ա) արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ներկա իշխանությանը հեռացնելու, հին համակարգի վերարտադրությունը բացառելու նպատակով, բ) մրցակցային ընտրությունների անցկացման համար նախադրյալների ստեղծումը, գ) սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ կոնսենսուսի կայացումը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են:

Նոր Հաճնի համայնքապետի թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է

Նոր Հաճնի համայնքապետի թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է

Սիրելի հայրենակիցներ,
Իրազեկում ենք, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։
Նոր Հաճն խոշորացված համայնքում` սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Եղեգնաձոր խոշորացված համայնքում` ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն Դավիթ Հարությունյանն է։
Վարդենիս խոշորացված համայնքում` «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը եւ համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։
Վստահ ենք, որ մեր ցուցակները մրցունակ են ու պայքարելու ենք հաղթանակի, առնվազն` նոր ավագանիներում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար։
Իշխանությանը կոչ ենք անում` ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառման, ՏԻՄ-երն ամեն գնով մոնոպոլացնելու գայթակղությունից` երաշխավորելով օրինական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը։«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ

«Դեմոկրատական այլընտրանքը»՝ որպես հույսի ապավեն, թիկունք մեր քաղաքացուն, համախմբման ու միավորման երաշխավոր․․․

«Դեմոկրատական այլընտրանքը»՝ որպես հույսի ապավեն, թիկունք մեր քաղաքացուն, համախմբման ու միավորման երաշխավոր․․․

Մայրերի ափի մեջ պիտի
փնտրել ազգերի ճակատագիրը․․․
Գարեգին Նժդեհ

«Դեմոկրատական այլընտրանքն» օրեր առաջ իր արտահերթ համագումարում հնչեցրել է այն թեզը, որ մոտ ապագայում հանդես է գալու քաղաքական նոր այցեքարտով, հանրային և սոցիալական համերաշխության նոր բանաձևով, որտեղ առանցքային է լինելու կանանց ինստիտուցիոնալ, ներառական մասնակցությունը քաղաքական-հասարակական գործընթացին։ Այս համատեքստում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Լիլիթ Սիլանյանը «Հավերժ հզոր Հայաստան» ՀԿ-ների դաշինքի համակարգող խորհրդի անդամ Կարինե Այվազյանի հետ քննարկել է փոխադարձ համագործակցության տեսլականը, որի նպատակն է իրազեկման ճանապարհով ՀՀ քաղաքացիներին վերադարձնել հավատը և հույսը ապագայի նկատմամբ, նրանց ընձեռնել հնարավորություն զգալու իրենց հասարակության լիիրավ անդամ, ավելին՝ զգալու սեփական երկրի առաջընթացի մեջ իր կարևոր դերն ու նշանակությունը։
Համավարակն ու 44-օրյա պատերազմը հայաստանյան հասարակությանը, կարծես, էլ ավելի պարփակեցին և մեկուսացրեցին։ Մարդիկ կորցրեցին հավատը վաղվա օրվա և խոստումնալից ապագայի նկատմամբ ու ստեղծված իրավիճակը լրացուցիչ առիթ հանդիսացավ այս երկու սեգմենտների լայն համագործակցության պատրաստակամության համար։
Ուշագրավն այն էր, որ թե՛ քաղաքական և թե՛ հասարակական այս ուժերը բավականին երկար ժամանակ փնտրում էին իրենց գաղափարակիցներին և հանգամանքների բերումով տեղի ունեցավ սպասված հանդիպումը։ Այս միավորումը պատրաստ է համագործակցության բոլոր այն ուժերի հետ, որոնց գլխավոր նպատակներից մեկն է հանրային համախմբումը, քանի որ դա է ճգնաժամի հաղթահարման կարևորագույն ելակետը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 2-րդ(արտահերթ) համագումարի հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 2-րդ(արտահերթ) համագումարի հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը դիտարկում է իր համամասնական ցուցակի մասնակցության հնարավորությունը 2021թ-ի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ նպատակ ունենալով լայն ընդդիմադիր համախմբում ապահովել կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի՝ Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածության առաջադրման հարցում։ Միևնույն ժամանակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում աջակցում է գործընկեր ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներին՝ քաղաքական փոխըմբռնման կամ համերաշխության սկզբունքից ելնելով։ Կոչ ենք անում մեր համակիրներին Դիլիջան համայնքում հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում քվեարկել «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի օգտին, որն առաջնորդում է պահեստազորի փոխգնդապետ Արմեն Օրդինյանը։ Նույն օրը Գորիս համայնքի ընտրություններում մեր համակիրներին կոչ ենք անում աջակցել «Առուշ Առուշանյան» դաշինքի համամասնական ցուցակին։
«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության  երկրորդ(արտահերթ) համագումարի  բանաձևը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարի բանաձևը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարը՝ քննարկելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ձևավորված տարածաշրջանային միջավայրը, Հայաստանի համար առաջացած ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերն, արձանագրում է․
-44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են՝ դրանից բխող քաղաքական ու իրավական հետևանքներով՝ անկախ հանրային կարծիքն ու իրականությունը մանիպուլացնելու նրանց ջանքերից։ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն կարող սրբագրել այս իրողությունը։
-Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով որևէ նոր համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ Ադրբեջանում պահվում են տասնյակ, գուցե հարյուրավոր հայ ռազմագերիներ, իսկ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից։ Նման պայմաններում որևէ նոր համաձայնագիր կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար, հանգեցնել Հայաստանի սուվերենության ամբողջական կամ մասնակի կորստին սեփական տարածքների նկատմամբ՝ միջանցքների ստեղծման կամ անկլավների վերադարձման ձևով։
-Կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարը ռացիոնալ է, եթե դրա նպատակը տարածաշրջանային համագործակցության ու անվտանգային միջավայրի ստեղծումն է։ Պետք է բացառել կոմունիկացիաների ապաշրջափակման որևէ սցենար, որը կարող է ծնել Հայաստանը նոր աքցանի մեջ դնելու ռիսկ։
-ԼՂ կարգավորման գործընթացում պետք է բացառել ցանկացած արկածախնդիր մոտեցում՝ շեշտը դնելով Արցախի բեկորների հայկականության, անվտանգության ապահովման վրա, կարևորելով հումանիտար խնդիրների լուծումը։ Այս հարթության վրա կարևոր ենք համարում Հայաստանի սերտ համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ,
-Հայ-թուքական երկխոսությունն անհրաժեշտություն է։ Դա, մի կողմից, նպաստելու է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մյուս կողմից՝ նվազեցնելու է նոր հնարավոր պատերազմի ռիսկերը։ Հարևան երկրների հետ Հայաստանի բնականոն հարաբերությունները նպաստելու են մեր երկրի սուբեկտության մեծացմանը։ Սա բարդ գործընթաց է, որը գործող իշխանությունը սպասարկել չի կարող՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։
-ԱԺ արտահերթ ընտրությունները չեն հաղթահարել ճգնաժամը, որովհետև խորհրդարանում քաղաքական այն խճանկարն է, որը ճգնաժամի մանրակերտն է։ Այս ընտրությունները ոչ թե գործող իշխանության վստահության, այլ հին համակարգի հետ ասոցացվող նրա հիմնական մրցակիցների հակառեյտինգի ցուցիչ էին, ինչն էլ ապահովեց գործող իշխանության վերարտադրությունը։
Այս խորհրդարանը ներքաղաքական ճգնաժամի ու գործող իշխանության ձախողված քաղաքականության հայելային դրսևորումն է ու ակնհայտորեն չի կարող գործել իր լիազորությունների ամբողջ ժամկետում։ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։
-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խնդիրն է՝ մինչև հնարավոր արտահերթ ընտրությունները, նպաստել որակապես նոր ընդդիմության ձևավորմանը, որն ինստիտուցիոնալ կապ չի ունենալու կապիտուլյացիոն իշխանության և նախկին մերժված համակարգի հետ։
-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցային ժողովրդավարության կողմնակից է և ակտիվ մասնակցություն է ունենալու քաղաքական գործընթացին, բոլոր մակարդակների ընտրություններին։ Բոլոր լեգալ միջոցներով հարկ է կանխել գործող իշխանության՝ ավտորիտար կառավարում հաստատելու, ՏԻՄ-երը մոնոպոլացնելու մտադրությունները։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարը՝ ս․ թ․ սեպտեմբերի 25-ին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարը՝ ս․ թ․ սեպտեմբերի 25-ին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարը տեղի կունենա ս․ թ․ սեպտեմբերի 25-ին, ժամը 13։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում։
Օրակարգում
1․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Կանոնանդրության և Ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկում,
2․ Ընթացիկ քաղաքական իրավիճակի քննարկում, բանաձևի ընդունում,
3․ ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության մասնակցության մասին հարցի քննարկում,
4․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահի, Քաղաքական խորհրդի անդամների և Վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը 2020թ-ի նոյեմբերի 9-ի ամոթաբեր, նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն առաջինն էր, որ 2020թ-ի նոյեմբերի 12-ին հանդես է եկել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով՝ դա համարելով քաղաքական համապարփակ ճգնաժամը հաղթահարելու միակ օրինական միջոց։
Արտահերթ ընտրությունները համարելով քաղաքական ճգնաժամի հաղթահարման պարտադիր պայման, այնուամենայնիվ՝ դեռևս 2021թ-ի մայիսի 24-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրեց, որ ընտրական գործընթացին ուղեկցող քաղաքական միջավայրն ամենևին էլ չի նպաստելու ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը և հայտարարեց, թե չի մասնակցելու ընտրություններին։
2021թ-ի հուլիսի 17-ին, ՍԴ որոշմամբ, ընտրական գործընթացը ստացավ իրավական հանգուցալուծում։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արձանագրում է․
1․ Ի գիտություն ենք ընդունում ՀՀ ԿԸՀ 2021թ հունիսի 27-ի և ՀՀ ՍԴ 2021թ-ի հուլիսի 17-ի որոշումները։ Միով բանիվ, արձանագրում ենք, որ հունիսի 20-ի ընտրությունները միայն ֆորմալ առումով էին ազատ ու մրցակցային, իսկ բովանդակային հարթության վրա հասարակությունը չի ունեցել իրական ընտրության հնարավորություն՝ կաշկանդվելով «կապիտուլյանտ» իշխանության և «կոռումպացված նախկինների» փոխադարձ ագրեսիվ քարոզչության, վարչական ու կորպորատիվ ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստերով։
2․ Գործող իշխանության մեխանիկական վերարտադրությունը և հին համակարգի լեգիտիմացումը՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, միայն խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ներքին ցնցումների ու արտաքին ճնշումների համար։ Պատահական չէ, որ գործող իշխանության ապիկար անգործության պայմաններում այս օրերին շարունակվում է անսքող ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Խորապես համոզված ենք, որ իշխանության վերարտադրության ու խորհրդարանական այսպիսի խճանկարի ձևավորման հարցում գոյություն ուներ արտաքին քաղաքական կոնսենսուս, ինչը նոր անվտանգային ռիսկեր է ծնում Հայաստանի համար։ Եթե առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գնա երկրի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը, Արցախի ինքնորոշման հեռանկարը վտանգող լուծումների(այդ թվում՝ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ լուծման)՝ խորհրդարանական ընդդիմության «անհոգության» պայմաններում, ապա նման հեռանկարի ողջ պատասխանատվությունը՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից զատ, ընկնելու է նաև խորհրդարանական ընդդիմության վրա,
3․ 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները, դժբախտաբար, ավելի են խորացնելու քաղաքական ճգնաժամը՝ դառնալով յուրօրինակ թեստ վերջին երեսուն տարիների քաղաքական համակարգի, մտքի ֆիասկոյի համար։ Նոր ԱԺ-ն լինելու է ժամանակավոր, քաղաքական տեսանկյունից՝ թույլ և ամուլ ու ունենալու է սահմանափակ առաքելություն։ Սակայն այս դժվարին ճանապարհն անցնել է պետք՝ գործող իշխանության քաղաքական սնանկությունն ամբողջովին բացահայտելու, «ընդդիմադիր ազդեցիկ» առաջնորդների միֆը կոտրելու համար։ Միայն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայի այսպիսի էպիկրիզը, միֆերի վերջնական կործանումը կարող են քաղաքական առողջ զարգացումների նախադրյալներ ստեղծել։ Սա է պատերազմի պարտության հետ առերեսվելու, դրանից դասեր քաղելու, հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիային հասնելու բազմափուլ, դժվարին ու փշոտ ճանապարհը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարում է, որ․
– Գործելու է ընդդիմադիր դաշտում՝ որևէ ձևաչափում հնարավոր չհամարելով համագործակցությունը գործող իշխանության հետ՝ նրան համարելով երկրի ինքնիշխանության, Արցախի փաստացի կորստի հիմնական պատասխանատուն,
– Նորընտիր ԱԺ-ի ընդդիմադիր դաշինքների մեջ նույնպես չենք տեսնում գործընկեր ուժեր՝ նրանց նույնացնելով քսանամյա անփառունակ իշխանավարման հետ, որոնց խորհրդանիշներն են դարձել Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունները,
– Իրեն համարում է ինքնիշխան Հայաստանի, բազմավեկտոր, հավասարակշռված արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ արժանապատիվ երկխոսության ու բնականոն հարաբերությունների հաստատման, եվրոպական չափանիշներին համապատասխան ներքին բարեփոխումների իրականացման օրակարգի, 88-ի համազգային շարժման արժեքային համակարգի կրողը ու այդ հենքի վրա փորձելու է կոնսոլիդացնել քաղաքական ուժերին ու հասարակական տարբեր սեգմենտներին։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքում երկրում ձևավորված քաղաքական միջավայրը միայն խորացնելու է ճգնաժամը՝ ժամանակի ընթացքում գրեթե անխուսափելի դարձնելով նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչպես նաև նպաստելու է քաղաքական և հանրային կոնսենսուսին՝ կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալու հարցում։ Համախոհ քաղաքացիների ու քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն կոնսոլիդացիա ստեղծելով՝ մտադիր ենք ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացին, բոլոր մակարդակի ընտրություններին։
Մենք մերժում ենք Նոյեմբերի 9-ն ու Հոկտեմբերի 27-ը։
Մեր ընտրությունը Սեպտեմբերի 21-ն է։
«Դեմոկրատական այլընտրանք» Կուսակցության
Քաղաքական խորհուրդ
19․07․2021

«Դեմոկրատական այլընտրանք»  կուսակցության  Քաղաքական խորհրդի  հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների համաձայնությունը՝ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու վերաբերյալ։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, մարգինալացնել ռևանշիզմը ու նախադրյալներ ստեղծել՝ որակապես նոր իշխանության ու քաղաքական համակարգի ձևավորման համար։
Միևնույն ժամանակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը վստահ է, որ բարձր որակի ընտրություններ, որակյալ քաղաքական համակարգ հնարավոր է կայացնել ընտրական համակարգի բարեփոխման միջոցով ու կոչ է անում խորհրդարանական ուժերին՝ մինչև ընտրական գործընթացի մեկնարկը փոփոխություններ կատարել ԸՕ-ում և հրաժարվել, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից, որը քաղաքական կոռուպցիայի և վարչական ռեսուրսի լեգիտիմացման անթաքույց փորձ է։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրական գործընթացին և հունիսի 20-ի ընտրություններին՝ դրանց քաղաքական, ծրագրային, մրցակցային բաղադրիչներն ուժեղացնելու, նոր իշխանության ձևավորմանը մասնակցելու նպատակով։ Կուսակցության ղեկավար մարմինը սկսում է քննարկումների շարք՝ ընտրություններին մասնակցության ձևաչափը հստակեցնելու համար։19․ 03․ 2021