ԵԱՀԿ ՄԽ

ՄԽ համանախագահության հայտարարություն՝ հայկական դիվանագիտության պարտության մասին

ՄԽ համանախագահության հայտարարություն՝ հայկական դիվանագիտության պարտության մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության երեկվա հայտարարությունն արտաքուստ ստանդարտ միջնորդական փաստաթուղթ է հիշեցնում ավանդական կոչերով՝ իրավիճակը հանդարտեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչերով։
Սակայն, ըստ իս, համանախագահության երեկվա հայտարարությունը հայկական կողմի համար մի քանի վտանգավոր ուղերձներ է պարունակում, որը մի կողմից, վկայում է մեր դիվանագիտության ձախողման, մյուս կողմից՝ ռուսական ծրագրի շուրջ միջազգային կոնսենսուսի մասին։
«Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները»,- ասված է փաստաթղթում։
Եթե նկատեցիք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի՝ հիշատակվում է «այլ պայմանավորվածությունների» մասին։ Լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ միջազգային դիտորդներն ակնարկում են, որ «այլ պայմանավորվածությունների» չկատարողը հենց պաշտոնական Երևանն է՝ դրանից բխող հետևանքներով։
Եթե մենք ունենք նորմալ խորհրդարանական ընդդիմություն, ապա նրա առաջին պահանջն իշխանություններից պետք է լինի «այլ պայմանավորվածությունների» բացահայտումը, որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է համանախագահության ակնարկը։
Սակայն ավելի վտանգավոր ուղերձներ է պարունակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լակոնիկ հայտարարության հաջորդ հատվածը։
«Նրանք(համանախագահները) կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», – ասված է հայտարարության մեջ:
Այլ խոսքով՝ միջնորդները ֆորմալիզացնում են պատերազմի հետևանքով ստեղծված նոր-ստատուս քվոն, այսինքն՝ ընդունում են, որ պատերազմի միջոցով լուծվել են մի շարք հարցեր։ Հայտարարության տեքստում, ի դեպ, բացակայում են ԼՂ-ին կամ նրա կարգավիճակին վերաբերող հիշատակումները, ինչը հենց մեր կողմից հիշատակված «նոր-ստատուս քվոյի» հետևանք է։
Մյուս կողմից, համանախագահներն, ըստ էության, առաջարկում են ձևավորել բանակցային նոր օրակարգ։ Սա մի պնդում է, որ շատ նման է Ադրբեջանի առաջ քաշած օրակարգին։
Մինսկի խմբի համանախագահության երեկվա հայտարարությունը հաստատում է այն պնդումը, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այլևս վճռորոշ դեր չի խաղում բանակցային գործընթացում։

Մյուս կողմից, առնվազն խոցելի են դառնում ԼՂ խնդրի միջազգայնացման ջատագովների պնդումները, որովհետև երեկվա փաստաթղթով ՄԱԿ ԱԽ երեք անդամներ, ըստ էության, կոնսենսուսի են եկել ռուսական ծրագրի հարցում՝ Մոսկվային վերապահելով առաջնային դերակատարություն կարգավորման գործընթացում։
Ուզենք, թե ոչ, սա է ռեալ պոլիտիկը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը վստահելի ու կանխատեսելի հարաբերություններ պետք է ունենա Ռուսաստանի հետ՝ ձգտելով նաև ուղղակի բանակցություններ վարել Բաքվի ու Անկարայի հետ։ Սա է մեր երկրի սուբեկտությունը վերականգնելու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային հասնելու էվոլուցիոն, դժվարին, սակայն անխուսափելի ճանապարհը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:
«Համանախագահները մտահոգությամբ են հետևում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին միջադեպերին, այդ թվում՝ զոհերի մասին լուրերին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:
Համանախագահները վերահաստատում են առկա բոլոր հիմնական հարցերի շուրջ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո երկկողմ անմիջական խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:
Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված է համանախագահության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ 

Արա Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում: 

Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: 

Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: