ԵԱՀԿ

Ի՞նչ է փոխվել․ պատերազմից հետո առաջին անգամ Փաշինյանը քննադատեց Ալիևին

Ի՞նչ է փոխվել․ պատերազմից հետո առաջին անգամ Փաշինյանը քննադատեց Ալիևին

Պատերազմից հետո Իլհամ Ալիևը հանդես է գալիս ագրեսիվ, ցինիկ հռետորաբանությամբ, ինչին, սակայն, Նիկոլ Փաշինյանի մակարդակով պատասխան չէր հնչում։
Իշխանության ներկայացուցիչները Փաշինյանի նման պասիվ վարքագիծը բացատրում էին մի քանի հանգամանքներով։ Նախ, պատերազմում պարտված կողմը շատ ավելի զուսպ ու զգուշավոր է լինում, բացի այդ, ասվում էր, որ Երևանի զսպվածության պատճառը Բաքվում գտնվող ռազմագերիների վերադարձման գործընթացին չխանգարելն է։ Իշխանության ընդդիմախոսներն, իհարկե, իշխանության այս փաստարկները չեն ընդունում՝ առաջ քաշելով Փաշինյանի «լռության» այլ, այդ թվում՝ դավադրապաշտական վարկածներ։
Ինչևէ, երեկ Փաշինյանը խախտել է իր մարտավարությունը ու պատերազմից հետո, թերևս, առաջին անգամ բաց տեքստով պատասխանել է Ալիևին՝ քննադատական շեշտադրումներով։
Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը ու հենց այս հանդիպման ժամանակ էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանի վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան: Նա շեշտել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախահայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:
Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի մարտավարության փոփոխությունը։
Թերևս, Երևանում գիտակցել են, որ մեղմ հռետորաբանությամբ հնարավոր չէ լուծել ռազմագերիների հարցը, մանավանդ, որ մեր շուրջ 200 հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն, ըստ էության, հրաժարվում է նրանց վերադարձնելուց՝ հղում կատարելով մտացածին հանգամանքների։ Գուցե Փաշինյանը գիտակցել է, որ հակառակորդի հետ պետք է խոսել ավելի կոշտ հռետորաբանությամբ, մանավանդ, որ Բաքվի նկատմամբ այս հարցով մեծանում է նաև միջազգային ճնշումը։
Մյուս կողմից, գուցե որոշակի խնդիրներ են առաջացել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում, ինչից որոշել է օգտվել պաշտոնական Երևանը։
Եվ վերջապես՝ շատերը նկատել են, որ Հայաստանի իշխանության ղարաբաղյան քաղաքականությունն ավելի ակտիվ ու նպատակային է դարձել մարտի սկզբից՝ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցից հետո։
Ամեն դեպքում, մեկ հայտարարության հենքով չի կարելի հեռուն գնացող հետևություններ անել։ Առայժմ բավարարվենք փաստի արձանագրմամբ ու հետևենք ԼՂ խնդրի շուրջ զարգացող իրադարձություններին։

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ դերը»

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ դերը»

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան  հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»:
Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է պատերազմին ու դրա հետևանքներին՝ նշելով, թե Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:
«Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:
Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարի  հայտարարության մեջ:
Տարածաշրջանային իրավիճակը մեր ուշադրության կենտրոնում է․ համատեղ ասուլիսում  հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդենը։
«Աներկբա է, որ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո: Ես ողջունում եմ հրադադարը»,- ասել է նա` իր ափսոսանքը հայտնելով պատերազմում զոհվածների և վիրավորների վերաբերյալ:
Նրա խոսքով` hրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտա առաջ գնալու հակամարտության գործընթացում:
«Ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում։ Մի քանի հարց դեռևս կարոտ է լուծման։ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը՝ որպես մեկ ամբողջություն, կարևոր դեր ունեն խաղաղության ստեղծման և առաջ գնալու գործում:  Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորելը միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքը», – ասել է նա։

ԵԱՀԿ-ում համաձայն չեն Բաքվի հետ

ԵԱՀԿ-ում համաձայն չեն Բաքվի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում նա ասել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագրից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։
Անն Լինդեն հայտարարել է հակամարտության երկարատև կարգավորման անհրաժեշտության մասին։

Ալիևը մնում է իր դիրքորոշմանը

Ալիևը մնում է իր դիրքորոշմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ երեկվա հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել և պետք է առաջ նայել:

«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է ապագային նայենք: Այսօր մենք Ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետներն ապագան կառուցելու մասին: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմի ձգտումը շրջելու էջն ու կենտրոնանալու ապագայի վրա»,-ասել է Ալիևը:

Վերջինս նշել է նաև, որ Բաքուն և Երևանն արդեն բանակցային գործընթաց են սկսել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով:

«Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն մի շարք հանդիպումներ են կայացել տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբոջովին շրջելու համար: Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծի»,- Ալիևին մեջբերել է իր մամուլի ծառայությունը: