Էդմոն Մարուքյան

Արտահերթի գործընթացը սկսվեց․ կարևորը՝ որակն է

Արտահերթի գործընթացը սկսվեց․ կարևորը՝ որակն է

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:
Քաղաքական կոնսուլտացիաները մեկ հանդիպմամբ չեն ավարտվում, սակայն այնպիսի տպավորություն է, որ հենց այսօր տրվել է արտահերթ ընտրության գործընթացի մեկնարկը։
Իհարկե, ընտրություն կոչվածն ավելի տարողունակ գործընթաց է, քան՝ ժամկետների հստակեցումը և այլ կառուցակարգային հարցերի քննարկումը։
Քաղաքական ճգնաժամը կհաղթահարվի, եթե հասարակությունն իրական, բովանդակային ընտրության հնարավորություն ստանա։ Սա համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք՝ քաղաքական, օրենսդրական բաղադրիչներով։
Բարեփոխումների անհրաժեշտություն ունի հատկապես Ընտրական օրենսգիրքը, որը պետք է ձերբազատվի ռեյտինգային ընտրակարգից, կայուն մեծամասնության դրույթից։
Բայց նաև կարևոր է, որպեսզի առաջիկա ընտրությունները չդիտվեն «սևի» ու «սպիտակի» հակադրության, գործող իշխանության մեխանիկական վերարտադրության կամ հին համակարգի ռեստավրացիայի ռևանշիստական օրակարգի համատեքստում։ Քաղաքացին պետք է բովանդակային ընտրության հնարավորություն ստանա, որպեսզի մեծանա հասարակության սուբեկտությունը։ Սա է քաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին։

Իշխանությունը վախեցած է․ «Իմ քայլում» շատ են անվստահելիները

Իշխանությունը վախեցած է․ «Իմ քայլում» շատ են անվստահելիները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում՝ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

Եթե իշխանություններն իրապես անկեղծ են ու ձգտում են արտահերթ ընտրությունների, ապա Մարուքյանի այս հայտարարությունը նրանց բացարձակապես չպետք է վախեցնի։ «Իմ քայլն» այս պահին ունի 83 պատգամավոր, այսինքն՝ դրանից դուրս գործող 49 պատգամավորները չեն կարող «7օր+7օր» ռեժիմով վարչապետ ընտրել, եթե անգամ Մարուքյանից բացի՝ այլ առաջադրվող էլ լինի։

Եթե թվաբանական այս պարզ խճանկարում իշխանությունն արտահերթ ընտրության չեղարկման պատասխանատվությունը գցում է ընդդիմության կամ ինչ-որ հուշագիր չստորագրելու վրա, ապա դիմում է էժանագին մանիպուլյացիայի։ Այդ պարագայում՝ լեգիտիմ իրավունք ունենք կարծելու, որ Նիկոլ Փաշինյանն իրականում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի ու այդ մասին հայտարարել է՝ կրքերը հանգստացնելու, այլ խոսքով՝ ժամանակի վրա խաղալու նպատակով։

Կա, իհարկե, երկրորդ վարկած։

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, հասել է այն վիճակին, որ չի վստահում սեփական խմբակցությանը, այսինքն՝ կարծում է, թե իր հրաժարականի ու Էդմոն Մարուքյանի առաջադրվելու պարագայում «Իմ քայլում» կգտնվեն 17 պատգամավորներ, ովքեր կքվեարկեն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի օգտին։

Բայց եթե Նիկոլ Փաշինյանը նման վախեր ունի, ավելի լավ է՝ հենց հիմա հրաժարական տա, որովհետև եթե չի կարողանում անգամ մեկ ֆրակցիա ղեկավարել, ապա ինչպե՞ս է երկիրը դուրս բերելու այս ճգնաժամից կամ մասնակցելու բավականին բարդ արտաքին քաղաքական բանակցությունների։

Գլոբալ հարթության վրա իշխանությունը չի գիտակցել, որ արտահերթ ընտրություններն իրեն պետք են՝ ոչ թե ընդդիմության, այլ՝ հասարակության հետ իր հարաբերությունները վերաիմաստավորելու, ճշտելու համար։ Եթե այս գիտակցությունը լիներ, արտահերթ ընտրությունների տապալման «մեղավոր» ընդդիմությունը չէր «նշանակվի»։