Թեգեր-Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն իրեն պահում է ռուսական վասալի պես

Փաշինյանն իրեն պահում է ռուսական վասալի պես

Լիլիթ Մակունցը հաստատել է ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու լուրը։ Նա ասել է, թե «հարցը դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի»: «Ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,-«Ազատություն» հետ զրույցում ասել է նա:
Մինչև վերջին պահը հույս ունեի, որ Տելեգրամ-ալիքներում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետև՝ ինչքան էլ բացասական կարծիք ունենամ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մասին, ինձ թվում էր՝ հնարավոր չէ կառավարման ու կադրային քաղաքականության նշաձողն իջեցնել այդ մակարդակին։
ԱՄՆ նման կարևոր երկրում, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահներից մեկն է՝ անթույլատրելի է դեսպան նշանակել մի մարդու, որի դիվանագիտական փորձառությունը զրոյական է։ Սա Երևանի թափանցիկ ակնարկն է Վաշինգթոնին, որ մեր իշխանությունը չի կարևորում հայ-ամերիկյան հարաբերությունները ու կասկածից վեր է՝ Վաշինգթոնում հենց այդպես էլ արձագանքելու են Մակունցի նշանակմանը։
Մակունցի նշանակումը Փաշինյանի խոստովանությունն է այն մասին, որ Հայաստանը փաստացի կորցրել է իր սուբեկտությունը, վերածվել է Մոսկվայի պրոտեկտորատի և այլևս չունի այլ գործընկերների հետ որակյալ արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտություն։Նիկոլ Փաշինյանը դավաճանել է նաև իր կարևոր սկզբունքերից մեկին․ նա էր անընդհատ ասում, որ այսու դեսպանի պաշտոնում նշանակվելու են փորձառու դիվանագետներ, մասնագետներ ու կադրային քաղաքականության մեջ նվազագույնի է հասցվելու քաղաքական մոտիվը։

Ու նաև տպավորություն է, որ սա փախուստի դիմող, ճողոպրող իշխանության ձեռագիր է․ ասես՝ Փաշինյանը յուր հավատարիմներին դուրս է հանում երկրից՝ իր մոտալուտ հրաժարականից ու փախուստից առաջ։

Ո՞ւմ է ծաղրում իշխանությունը․ նշանակեք արտահերթ ընտրություններ

Ո՞ւմ է ծաղրում իշխանությունը․ նշանակեք արտահերթ ընտրություններ

«Մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, երբ կլինի հանրային հատվածի և քաղաքական ուժերի համաձայնությունը»,- օրեր առաջ ասել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության վարչության ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ հյուրընկալվելով կայքերից մեկին:

Արտաքուստ խիստ տոլերանտ ու կոնսոլիդացիայի տարրեր պարունակող այս նախադասության հիմքում դարձյալ թաքնված է իշխանության մանիպուլյացիան։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո իշխանությունն ակնհայտորեն ապալեգիտիմացել է՝ հատկապես քաղաքական հարթության վրա ու դա բացահայտելու համար նույնիսկ սոցհարցումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Նույն Նիկոլ Փաշինյանն ընդունել է այդ փաստը, երբ հանրայնորեն հնչեցրել է արտահերթ ընտրությունների գաղափարը։

Ընդդիմությունը, որի զգալի մասը միավորված է «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում, քաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին համարեց ու համարում է փողոցով հեղափոխության իրականացումը, որի հաղթանակը պետք է վավերացնի գործող խորհրդարանը՝ 2018-ի օրինակով։

Արդեն տեսանելի է, որ ընդդիմության օրակարգը պարտվեց։ Սակայն այս հանգամանքը ոչ թե վերացնում, այլ ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը, որովհետև փաստում է, որ ինստիտուցիոնալ ճգնաժամ առկա է նաև քաղաքական համակարգի ընդդիմադիր սեգմենտում։

Մյուս կողմից՝ Փաշինյանն առաջարկեց ճգնաժամի հաղթահարման իր տարբերակը, որը ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում։ Եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը այդ նախաձեռնությունը չեն ընդունում, ապա դրա հակառակը հերթական ընտրությունները չեն, որովհետև ներկա ինստիտուցիոնալ համապարփակ ճգնաժամի ռեժիմում հնարավոր չէ երկիրը պահել մինչև 2023թ-ը։

Ուրեմն, պետք չէ պատասխանատվությունն արհեստականորեն գցել ընդդիմության կամ հասարակության վրա։ Եթե իշխանությունը ճանաչում է ճգնաժամի փաստը, պարտավոր է լեգալ ճանապարհով հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Սահմանադրությունը հուշում է կոնկրետ ճանապարհ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ու խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի։

Այս ընթացակարգը կյանքի կոչելու համար իշխանությունը չունի ընդդիմության, առավել ևս՝ հասարակության աջակցության կարիքը։ Փաշինյանի հրաժարականից հետո «Իմ քայլից» դուրս գործող 49 պատգամավորները նոր վարչապետ ընտրել չեն կարող, ուստի՝ արտահերթ ընտրությունների ելքը կանխորոշված է։

Եթե իշխանությունը տարբեր պատճառաբանություններ է փնտրում ու չի գնում այս լուծմանը, ապա, մեղմ ասած, հետ է կանգնել արտահերթ ընտրությունների իր նախաձեռնությունից կամ համարում է, որ դրանցում հաղթելու որևէ շանս չունի։