Թուրքիա

Հայաստան- Թուրքիա 1:2

Հայաստան- Թուրքիա 1:2

Ցանկացած պարտություն, այդ թվում՝ մարզական, ցավալի է:
Հայաստան- Թուրքիա խաղի 1:2 հաշիվը, սակայն, օրինաչափ է, երբ դիտարկում ենք խաղի ցուցանիշների համատեքստում:
Բոլոր հիմնական ցուցանիշներով(բացի՝ անկյունային հարվածների իրացումը) մերոնք զիջել են մրցակցին:
Այնուամենայնիվ, շնորհակալություն մեր տղաներին: Խաղացին նվիրումով ու մինչև վերջ:

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Դասեր քաղելու ժամանակը. հայ-թուրքական դիալոգի մասին

Արարատ Միրզոյանի երեկվա այցն Անկարա իսկապես կարևոր է:
Բազմիցս ասել եմ՝ առանց հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր չէ խոսել Հայաստանի իրական անկախության, սուբեկտության մասին ու նաև՝ Հայաստանի անկախության հիմնական երաշխիքը հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է:
Սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է:
Մյուս կողմից, Միրզոյան- Չավուշօղլու հանդիպմանը հաջորդած հայտարարություններին պետք է սթափ արձագանքել՝ առանց ավելորդ լավատեսության և էմոցիաների:
Երևանն ու Անկարան համաձայնել են սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին:
Լավ է, հրաշալի է, սակայն այս պայմանավորվածությունը չի ենթադրում, որ արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանը բացելու քաղաքական որոշում:
«Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ենք ստանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում», – հայտարարել է Չավուշօղլուն՝ ակնարկելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը:
Եվ սա բնական է, եթե նույնիսկ Երևանում և Անկարայում օրական հազար անգամ խոսեն նախապայմանների բացակայության մասին:
Ի դեպ, ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը» տապալվեց, որովհետև հայ-թուրքական դիալոգը չամրապնդվեց հայ- ադրբեջանական գործընթացի առաջընթացի բաղադրիչով:
Սա կարևոր է հասկանալ. Հայաստանի այս իշխանությունն էլ կձախողի հայ- թուրքական դիալոգը, եթե դրանում առաջընթաց ակնկալի՝ ձգձգելով հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ապրել խաղաղ գոյակցության մեջ

Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ապրել խաղաղ գոյակցության մեջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ Սիրիան օգնություն է խնդրել իր երկրից՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու նպատակով։ Իսրայելի օգնության ձեռք կմեկնի Սիրիային՝ անկախ այն հանգամանքից, որ երկու երկրները գտնվում են փաստացի պատերազմի ռեժիմում:
Հունաստանի ԱԳ նախարարն էլ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ՝ նրան հայտնելով իր զորակցությունը: Դարձյալ չնայած այն հանգամանքին, որ Անկարայի ու Աթենքի հարաբերություններում խորքային ճգնաժամ է, որը կարող է վերաճել պատերազմի:
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է բոլորին՝ կոնսոլիդացնելով երկրներին, ժողովուրդներին:
Վիշտը, տառապանքն ազգ ու սահման չեն ճանաչում:
Այս ծանր պահին մենք մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Թուրքիայի ու Սիրիայի ժողովուրդներին՝ չնայած, որ մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք առնվազն ընդվզում են, «հայրենասիրություն» են խաղում, երբ լսում են Հայաստանից հնչող ցավակցական տեքստեր՝ ուղղված Թուրքիային ու նրա ժողովրդին:
Ի տարբերություն շատ ընդդիմախոսների, մենք հավատում ենք, որ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ապրել խաղաղ գոյակցության մեջ: Մեր հակամարտությունը քաղաքական է ու մի օր կկարգավորվի:

«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը կեղծ քաղաքական օրակարգ է

«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը կեղծ քաղաքական օրակարգ է

«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը, երկընտրանքը կեղծ քաղաքական օրակարգ է։
Հայաստանը պարտավոր է ռազմավարական գործընկերություն ունենալ Ռուսաստանի հետ, բայց նաև ակտիվ քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Այս հարաբերությունները, որոնք երբեք չի կարելի հարկադրել, մեծ հաշվով` ուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը, անվտանգային սպառնալիքների ու ռիսկերի չեզոքացմանը։
Բա Արցախի հարցը` կհակադարձեն մեզ։
Նայած ինչ եք հասկանում` Արցախի հարց ասելով։
Այս պահին մեզ համար դա ոչ թե անկախության կամ դեօկուպացիայի կեղծ օրակարգ է, այլ Արցախ հայկականության, անվտանգության ապահովում, հայաթափության կանխում։
Արցախի անկախության հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ` Ադրբեջանը դրան դեմ է, բայց դրան դեմ են նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան, անգամ` ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնց պատկերացրած կարգավիճակը միանգամայն այլ բան է ենթադրում։
Անիրատեսական օրակարգով կարող ենք հակադրվել միջազգային, ռեգիոնալ համատեքստին` ունենալով նոր կորուստներ։ Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության թեման օրակարգ է, որը Հայաստանի համար դիալոգի կանալ է բացում` ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ` միջազգային ազդեցիկ խաղացողների հետ։

«Բայրաքթարն»՝ Ուկրաինայում

«Բայրաքթարն»՝ Ուկրաինայում

Թուրքիայի արտգործնախարարը երեկ ժամանել է Լվով, որտեղ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտներում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են մասնավորապես Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում։
«Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ պնդել է, թե կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները ոչ միայն անվտանգության, այլև՝ մյուս ոլորտներում, թե որ՝ չի մանրամասնել։

Եռակողմ հանդիպում

Եռակողմ հանդիպում

Երեկ Վրաստանի Կախեթիի շրջանում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Ջուանշեր Բուրչուլաձեն, Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ծրագրերի անվտանգությունն ապահովելու հարցերն ու եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունը շարունակելու հեռանկարները։
Նշվել է, որ ռազմավարական համագործակցության տվյալ պլատֆորմը հիմնված է փոխվստահության վրա և կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, կայուն զարգացման և ժողովուրդների բարեկեցության համար։
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության պլանի արձանագրություն են ստորագրել։
Թուրք- ադրբեջանական նոր զորավարժություն

Թուրք- ադրբեջանական նոր զորավարժություն

Թուրքական ուժերը շարունակելու են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների և զինվորների վերապատրաստման հարցում: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։
Նա ընդգծել է, որ «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում շարունակվում են համատեղ ուսումնական միջոցառումները:
«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժությունները:  Զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև»,- ասել է թուրք պաշտոնյան։
Ի պատասխան այս գործընթացին, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեծաքանակ տեխնիկա են կենտրոնացրել Նախիջևանի սահմանագծին։

Փաշինյանի ուղերձը, Էրդողանի օպերատիվ արձագանքը

Փաշինյանի ուղերձը, Էրդողանի օպերատիվ արձագանքը

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հեռանկարի մասին։
ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Երեկ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
Փոխադարձ պոզիտիվ հայտարարություններ են, ինչն, անշուշտ, ողջունելի է։
Մնում ենք այն հաստատ համոզմանը, որ Հայաստանի առաջնահերթությունն այժմ ինքնիշխանության ու սուբեկտության վերականգնումն է, ինչն անհնար է առանց հարևան երկրների հետ ուղղակի երկխոսության և Ռուսաստանի հետ կանխատեսելի հարաբերությունների հաստատման։
Մեր հիմնական մտավախությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը չունի կոնցեպտուալ ծրագրեր ու պրոֆեսիոնալ հատկանիշներ՝ տարածաշրջանային քաղաքականության այս օրակարգը, Հայաստանի սուբեկտության վերականգնման օրակարգերը սպասարկելու համար։
Ինչևէ, առայժմ սպասենք զարգացումներին, մանավանդ, երեկ երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» եթերում հասկացրեց, որ գործընթացը դեռևս հրապարակային հայտարարությունների մակարդակում է, այլ խոսքով՝ Երևանն ու Անկարան առայժմ շոշափում են միմյանց տրամադրությունները։

Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը

Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կսկսվեն, որոնց մասնակցելու են երկու երկրների ռազմական անձնակազմերը:
Զորավարժություններն ավարտվելու են ամսի 9-ին։
Զորավարժությունները, որոնք անցկացվելու են Ադրբեջանում, տեղի են ունենալու համակցված ռազմահրապարակներում, որոնք գտնվում են Ադրբեջանի բանակի միացյալ զորամիավորումների պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններում:
Զորավարժությունների հիմնական նպատակը փոխգործակցության ու ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, ինչպես նաև զորավարժությունները նպատակ ունեն օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, նախաձեռնողականության դրսևորումներն ու ստորաբաժանումների ղեկավարման հատկությունները։