ժողովրդավարություն

Ժողովրդավարությունն՝ առաջնահերթություն

Ժողովրդավարությունն՝ առաջնահերթություն

Սպիտակ տունը հրապարակել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի ծրագիրը ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում։
24-էջանոց այդ փաստաթղթում Ջո Բայդենի վարչակազմն ընդգծում է՝ առաջիկա չորս տարիներին Վաշինգտոնի առաջնահերթությունն է լինելու ժողովրդավարության ամրապնդումն աշխարհում և Նահանգների վերադարձը միջազգային ասպարեզ։
«Ես խորապես համոզված եմ, որ ժողովրդավարությունը ազատության, բարեկեցության, խաղաղության և արժանապատվության բանալին է: Եվ եթե մենք աշխատենք մեր ժողովրդավար դաշնակիցների հետ՝ վստահությամբ և հաստատակամությամբ, կարող ենք արձագանքել ցանկացած մարտահրավերի», – հայտարարել է նախագահ Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ պատրաստվում է ժողովրդավարության հարցով համաշխարհային գագաթնաժողով հրավիրել, որպեսզի ապահովի դաշնակիցների միջև ընդարձակ համագործակցությունը։

Ապտակ Փաշինյանի իշխանությանը

Ապտակ Փաշինյանի իշխանությանը

Հիշո՞ւմ եք՝ անցյալ տարի Հայաստանի իշխանություններն ինչպիսի աներևակայելի ոգևորությամբ էին միջազգային զեկույցներից մեջբերումներ անում, խոսում Հայաստանի առաջընթացի, իրենց հեղափոխության բրենդի, ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։

Հիմա սրանց ծպտունը չի լսվում՝ չնայած զեկույցներ կրկին հրապարակվում են, բայց «քայլող թավշիստներն» այլևս հպարտանալու առիթ չունեն։ Չունեն նաև քաղաքական լեգիտիմություն, հանրային աջակցություն ու ժողովրդավարությունը թողած՝ մտածում են միայն սեփական աթոռը պահելու մասին։

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը , որից պարզ է դառնում, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը ու նահանջ արձանագրել սանդղակում՝ 86-ից հասնելով 89-րդ տեղը։
Զեկույցը մանրամասնում է՝ 2020 թվականի ընթացքում Հայաստանը 3 հորիզոնականով նահանջել է իր դիրքից և շարունակել է մնալ «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում:

Հայաստանի մասին զեկույցում ուշագրավ մի հատված կա. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

Այսպիսով՝ միջազգային հեղինակավոր զեկույցի մակարդակով արձանագրվում է, որ Հայաստանում շարունակվող ռազմական դրությունն իրավական և իրական հիմքեր չունի ու պահպանվում է՝ բացառապես ընդդիմությանը հալածելու և Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանությունը երկարաձգելու նպատակով։

Սա ապտակ է Փաշինյանի իշխանությանը, բայց ապտակ կդառնա նաև ամբողջ երկրի համար, եթե շարունակենք հանդուրժել բախտախնդիր իշխանությանը։