Լավրով

Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրանում ներկա կլինի նաև Ադրբեջանը

Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրանում ներկա կլինի նաև Ադրբեջանը

Երբ մեր հայրենակիցները ոգևորված էին Հաագայի միջազգային դատարանի իսկապես կարևոր որոշումից, առիթ ունեցել եմ արձանագրել, որ միջազգային հարաբերություններում իրավունքը չի կարող գերակա լինել քաղաքական որոշումներին, պայմանավորվածություններին, հատկապես՝ համաշխարհային տուրբուլենտության շրջանում:
Այս համատեքստում պետք է անդրադառնալ Լաչինի միջանցքի խնդրին:
Այն, անշուշտ, բացվելու է ու դրան նպաստելու է Լավրովի Բաքու կատարած այցը, բայց միջանցքը այլևս չի ունենալու այն ռեժիմը, որն ուներ մինչև փակվելը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ը:
Լավրովը երեկ Բաքվում հենց դրա մասին էր խոսում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում. երեկ Բաքվում ասում էր Լավրովը ու այս նախադասությունը հաճելի էր մեր ականջներին և պատահական չէ, որ մեր ԶԼՄ-ները ողողված էին այս վերնագրերով, բայց Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքը շարունակություն ունի, որն արդեն հայտնվեց մեր լրահոսի «ստվերում»:
Լավրովը չէր բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։
Սա հենց ադրբեջանական վերահսկողության ինստիտուտի մասին է:
Մի խոսքով՝ Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրանում ներկա կլինի նաև Ադրբեջանը, թեկուզև՝ անուղղակի:
Սրա մասին ասել ենք տասնյակ անգամներ, բայց գիտենք էլի հարցնելու են՝ բա՞ Արևմուտքը:
Արևմուտքի համար ԼՂ-ի հարցն ընդհանրապես երկրորդական է, հայ- ադրբեջանական հարաբերությունների լուսանցքում գտնվող մի հարց, որը գործիք է ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու համար:

Ողջամիտ փաստարկները Ֆեյսբուքի «ֆիդայիների» ու նիկոլապաշտ «դուխովների» համար չեն

Ողջամիտ փաստարկները Ֆեյսբուքի «ֆիդայիների» ու նիկոլապաշտ «դուխովների» համար չեն

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հարցազրույցը ալեկոծություն է առաջացրել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Մի անառողջ մրցավազք է ծավալվել, թե ով ավելի պերճախոս կհայհոյի, կանվանարկի Լավրովին՝ «ազգային նվիրյալների» աստղաբույլում իր տեղը վաստակելու համար:
Լավորվն, իհարկե, մեծ բացահայտումներ չի արել և, ըստ էության, կրկնել է ձևակերպումներ, որոնք Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների շուրթերից լսել ենք վերջին տարիներին:
Այլ խնդիր է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքը որոշակի մանիպուլյատիվ բաղադրիչ ուներ, մի կողմից՝ փորձելով միայն հայկական կողմի վրա թողնել բանակցային գործընթացի անցած շրջանի տապալման պատասխանատվությունը, մյուս կողմից՝ հնարավորինս նույնացնել Մոսկվայի ու Բաքվի օրակարգերը:
Արդյո՞ք Մոսկվայի այսօրվա վարքագիծն ու հռետորաբանությունը պայմանավորված են միայն Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղվածությամբ, թե՞ նաև վերաբերմունք են Հայաստանի այսօրվա իշխանությանը, այլ խոսքով՝ վերջինիս նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակ ունեն:
Սոցցանցային «ազգային- ազատագրական» պայքարի մակարդակը, բնականաբար, թույլ չի տալիս բանավիճային միջավայրում գտնել այս ու այլ կարևոր

հարցերի պատասխաններ:
Փոխարենը, Լավրովի հարցազրույցը ազդակ է դարձել, որպեսզի դարձյալ սիրողական մակարդակում քննարկվի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության անհրաժեշտության հարցը:
Արդյո՞ք նման հիմքեր կան:
Որպես հիմնավորում բերվում է այն փաստարկը, որ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից, գործընկեր չէ:
Եթե նույնիսկ ամբողջովին ընդունենք այս վարկածը, ապա դա բավարար հիմք չէ, այսպես ասած, ճամբարափոխության համար:
Եթե այլ երկիր կամ երկրներ Հայաստանին տվել են անվտանգային երաշխիքներ կամ մտադիր են մեր երկրի հետ ռազմական դաշինք կազմել, ես պատրաստ կլինեմ ոչ միայն քննարկել նման հնարավորությունը, այլ գուցե աջակցել դրան: Ի տարբերություն շատերի, ես կաշկանդված չեմ ռուսական գործոնով, այսպես ասած՝ ռուսամետ չեմ ու առաջնորդվում եմ բացառապես ռեալիստական մոտեցումներով:
Հենց վերջին հանգամանքն էլ հուշում է, որ Հայաստանը անվտանգային որևէ երաշխիք չի ստացել արևմտյան որևէ կենտրոնից ու առհասարակ՝ լուրջ չէ, որ նման առաջարկություն կստանանք որևէ երկրից, քանի դեռ ընթացքի մեջ է հայ- ադրբեջանական հակամարտությունը և կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները: Որևէ պետություն չի ցանկանալու այս իրավիճակում լինել Հայաստանի դաշնակիցը՝ այդպիսով դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հակառակորդը:

Երկրորդ, որևէ երկիր մեզ տվե՞լ է երաշխիք, որ պատրաստ է բավարարել մեր այն հավակնությունները, որոնց չբավարարման հետևանքով հիասթափված ենք Ռուսաստանից:
Իհարկե, նման երաշխիք նույնպես չենք ստացել, ավելին, օրինակ՝ Արցախի հեռանկարի հարցում Արևմուտքի մոտեցումները շատ ավելի մոտ են Բաքվի դիրքորոշումներն:
Եվ վերջապես, ո՞րն է երաշխիքը, որ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության դեպքում, հնարավոր դաշնակիցները մեզ պաշտպանելու են Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունից: Լավագույն դեպքում, Հայաստանին սպառնալու է ուկրաինացման հեռանկարը՝ պետականության կորստի վտանգով:
Բայց այս ողջամիտ փաստարկները Ֆեյսբուքի «ֆիդայիների» ու նիկոլապաշտ «դուխովների» համար չեն:

Սուրեն Սուրենյանց

Չպետք է հանդուրժել Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը

Չպետք է հանդուրժել Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը

Մոսկվան հայտարարում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կազմակերպելու պատրաստակամության մասին։
Այս հարցը քննարկվել է երեկ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուսական կողմը մտադիր է Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի համար։
Ի դեպ, հարկ է նկատել, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին նախորդել է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը ու տակավին անհայտ է՝ արդյո՞ք երկու ղեկավարների մակարդակով քննարկվել է նախարարների եռակողմ բանակցություններ անցկացնելու հարցը:
Դեկտեմբերի վերջին Հայաստանն արդեն մերժել է Մոսկվայի նույնաբովանդակ նախաձեռնությունը, երբ Լավրովն ու Բայրամովը հանդիպեցին առանց Միրզոյանի:
Հայկական կողմի դեմարշը պայմանավորված էր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ թեև անհասկանալի է, թե ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումն ուրիշ ի՞նչ ձևաչափով էր տեսնում Երևանը:
Երևանի այն փաստարկը, թե Հայաստանը մտադիր չէ բանակցել Լաչինի միջանցքի հարցով, որովհետև 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ խնդիրը հասցեագրված է Բաքվին ու Մոսկվային, մեղմ ասած՝ ուժեղ չէ ու պատահական չէ, որ ուժային բոլոր կենտրոններից հենց Երևանին ու Բաքվին են կոչ անում՝ բանակցություններով հաղթահարել առկա ճգնաժամը:
Արդյո՞ք պաշտոնական Երևանը դարձյալ բացահայտ դեմարշ կանի՝ մերժելով Մոսկվայի հերթական հրավերը: Դա մի կողմից, կարող է ավելի խորացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, որոնք, բառիս բուն իմաստով, փակուղային են դարձել Հայաստան քաղաքացիական դիտորդներ ուղարկելու ԵՄ որոշումից հետո, մյուս կողմից՝ Հայաստանը որևէ երաշխիք չունի, որ արևմտյան միջնորդությունն ավելի արդյունավետ կլինի Հայաստանի համար, եթե անգամ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու մտադրություններ ունի:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ բացառել է, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Ասել է թե՝ ավելորդ պատրանքներ պետք չէ ունենալ արևմտյան գործընկերներից:
Նման իրավիճակում ռուսական միջնորդությամբ բանակցությունները մերժելու մարտավարությունը
կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար, ընդհուպ լեգիտիմացնել Բաքվի ագրեսիվ նկրտումները:
Նիկոլ Փաշինյանին բնորոշ է քաղաքական պատասխանատվությունից խույս տալը, բանակցային ճանապարհով փոխզիջումներից հրաժարվելը՝ գերադասելով նվաստացուցիչ զիջումները պատերազմի դաշտում, մեր զինվորների արյան գնով:
Նիկոլ Փաշինյանի նման արկածախնդրությունն արդեն իսկ նպաստել է 44-օրա պատերազմի սանձազերմանը, հիմա Հայաստանի առաջ կարող է հառնել Ալեքսանդրապոլ-2-ի ուրվականը, եթե մենք բոլորս հանդուրժենք Նիկոլ Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը:
Խելամիտ չի լինի՝ հերթական անգամ բանակցություններից խուսափելը: Երբ ունես օրակարգ, բանակցությունները մերժելն ադեկվատ չէ:

Լավրովը՝ 3+3-ի մասին

Լավրովը՝ 3+3-ի մասին

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այլև՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Լավրովը նշել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Պնդելով, թե առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, Լավրովն ասել է՝ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։

 

Լավրովը խոսել է կոնկրետ արդյունքների մասին

Լավրովը խոսել է կոնկրետ արդյունքների մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ օրերս Նյու Յորքում կայացած բանակցությունների  ընթացքում կոնկրետ արդյունքներ են ձեռքբերվել։
«Որքան ես եմ հասկանում, համանախագահները համաձայնեցրել են՝ [Լեռնային Ղարաբաղ] այցելությունների նպատակով տարածաշրջանային շրջագայությունների վերսկսման, տեղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման հարցերը», – TACC -ի փոխանցմամբ՝ նշել է Լավրովը՝ հավելելով, – «հանդիպումներ են նախատեսված նաև Ստեփանակերտում»։
Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը տարածաշրջանում կայունության հաստատումն է։

Լավրովը Վաշինգտոնի բռնած գիծը «հիմար» է որակել

Լավրովը Վաշինգտոնի բռնած գիծը «հիմար» է որակել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում բռնած գիծը «հիմար» է որակել և հավելել, որ դա որևէ արդյունքի չի հանգեցնում:
«Նույնիսկ Վաշինգտոնի կողմնակից կառույցը, ինչպիսին է Ատլանտյան խորհուրդը, արդեն հրապարակում է նյութեր, որոնք քննադատում են Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի նկատմամբ բացարձակ, և նույնիսկ «հիմար» փակուղին, որը որևէ արդյունքի չի հանգեցնում՝ պատժամիջոցների կիրառման ժամանակ հայտարարված նպատակների առումով»,- ասել է նախարարը:
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները անվստահելի գործընկերներ են, և Մոսկվան չի կարող կախում ունենալ նրանց տրամադրություններից:
«Մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ նրա դաշնակիցները հուսալի գործընկերներ չեն, և պետության կենսագործունեության կարևորագույն ոլորտներում մենք չենք կարող ապավինել նրանց տրամադրություններին և նրան, թե առավոտյան «որ ոտքի վրա են արթնացել»», – ասել է նա: 

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ:

Լավրով․ Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում

Լավրով․ Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ԼՂ խնդրին վերաբերող մի շարք հարցերի։

 

Հուզական հայտարարությունների մասին

Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները համարել է անարդյունավետ:
ՌԴ նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ լարվածություն են առաջացնում:
«Կարծում եմ ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից: 44-օրյա պատերազմը սկսելուց առաջ մենք ականատես  ենք եղել Ղարաբաղից արված կամ Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունների. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Բառը ստանում է նյութական ուժ: Այս պարագայում տարբեր կողմերի բառերը դարձել են շատ բացասական նյութական ուժ»,-հավելել է Լավրովը:
Ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչու հայ պաշտոնյաները թույլտվություն չեն հարցնում Ադրբեջանից Ղարաբաղ այցելելու համար, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի կապի խզման հարցը երբևէ չի քննարկվել:  
«Եթե մենք բոլորս համաձայն ենք, իսկ մենք համաձայն ենք, որ Ղարաբաղի հայերը կապ պահեն Հայաստանի հայերի հետ,  ապա որևէ պատճառ չեմ տեսնում դրան խոչընդոտելու համար: Հայ պաշտոնյաները ներգրավված են Ղարաբաղում մարդասիրական ներդրում ունենալու գործընթացում, որը Բաքվի կողմից ոչ մի բացասական արձագանքի չի արժանանում և տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը»,-ավելացրել է ՌԴ նախագահը:

 

ԼՂՀ կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և այն թողնվել է հետագայում լուծելու համար․ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է: Մենք ելնում ենք դրանից Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում: Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության վերաբերյալ մանրամասները»,- նշել է Լավրովը:
Նրա խոսքով `Երևանում և Բաքվում հակասություններ կան կարգավիճակի շուրջ և այդ հակասությունների պատճառով էլ երեք ղեկավարները որոշում են այդ հարցը թողնել հետագայում լուծելու համար:

ՌԴ արտգործնախարար նշել է, որ այդ հարցով նաև պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և նրանք արդեն կապի մեջ են կողմերի հետ, պատրաստվում են այցելել տարածաշրջան:

ՌԴ ԱԳ նախարարն «էկզոտիկ» է անվանել Ղարաբաղն Ռուսաստանի կազմ ընդգրկելու առաջարկը, և ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել:
«Մենք նման մտադրություն չունենք, մենք ելնում ենք նրանից, որ նման խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև` տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար»,- եզրափակել է Լավրովը:

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

 

Ռազմագերիների մասին

Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է նրանց, որոնց անունները եղել են ադրբեջանական ցուցակներում։

Ըստ նրա, սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց և գերություն մեջ գտնվողների ցուցակները և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ:

«Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը ոչ անմիջապես, սակայն վերադարձվել են՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում»,- բացատրել է ՌԴ նախարարը:

Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից:
«Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։

 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին

 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: «Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսում: