կալանք

Աղվան Հովսեփյանը կալանավորվեց

Աղվան Հովսեփյանը կալանավորվեց

Նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։
Ծառայությունը մանրամասնում է՝ Աղվան Հովսեփյանը, 2004-ի մարտի 18-ից մինչև 2013-ի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Գլխավոր դատախազի, իսկ 2014-ի հուլիսի 18-ից մինչև 2018-ի հունիսի 11-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով`190 միլիոն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն:
Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1 միլիարդ 299 միլիոն 404 հազար 414 դրամ գույքը օրինականացնելու համար:
ՀՔԾ-ն քրեական գործի շահերից ելնելով առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նախաքննության ընթացքում:
Երեկ երեկոյան Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։

Նիկոլի օրակարգը․ նա ուժեղ է միայն «նախկինների» դաշտում

Նիկոլի օրակարգը․ նա ուժեղ է միայն «նախկինների» դաշտում

Այսօր կառավարությունը խորհրդարանին է ներկայացնելու իր գործունեության հնգամյա ծրագիրը։ Աշխարհի զարգացած երկրներում նման նախաձեռնությունները, որպես կանոն, ուղեկցվում են քաղաքական երկխոսության միջավայրով, որովհետև կառավարությունները շահագրգիռ են լինում, որպեսզի իրենց ծրագրերի շուրջ ձևավորվի հնարավորինս լայն քաղաքական կոնսոլիդացիա։
Այս հարթության վրա Հայաստանը, թերևս, տրենդից դուրս է, որովհետև դասական քաղաքականության կանոնները մեր երկրում չեն աշխատում։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ կալանավորվեց։
Իրավական տեսանկյունից՝ դատարանի այս որոշումը խիստ վիճահարույց է, եթե չասենք՝ խախուտ է։
Անկախ այն հանգամանքից՝ ինչքանով է իրավաչափ Չարչյանին առաջադրված մեղադրանքը, նրան կալանքի տակ առնելու հիմքերը պարզապես բացակայում են, մանավանդ, որ նախաքննությունն ավարտվել է ու գործը դատաքննության փուլում է։
Մյուս կողմից, Սահմանադրության 96-րդ հոդվածը ենթադրում է, որ պատգամավորն ազատությունից կարող է զրկվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Սակայն Հայաստանում անիմաստ է խոսել իրավունքի ու նրա իմպերատիվի մասին, երբ ակնհայտորեն գործ ունենք քաղաքականապես մոտիվացված որոշման հետ։ Կարևոր չէ՝ ես ինչպես եմ վերաբերում Չարչյանին կամ «Հայաստան» դաշինքին․ դասական չափանիշներով պատգամավորի կալանավորումը քաղաքական է։
Արդյո՞ք հակասություն չկա իշխանության վարքագծի մեջ, որը, մի կողմից, ամեն օր խոսում է տոլերանտության անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ ինքն է դառնում քաղաքական հակադրություն հրահրողը։
Այս հարցը լեգիտիմ կլիներ, եթե խոսեինք ռացիոնալ կառավարության մասին, մինչդեռ Փաշինյանի թիմի «կենսունակությունը» միայն հակադրության ռեժիմն է․ գործող վարչապետը ուժեղ է միայն «նախկինների», նրանց «քլնգելու» դաշտում։
Այսօր խորհրդարանում տեսնելու ենք «սև-սպիտակ» փաստարկմամբ գզվռտոց, գերիշխող են դառնալու «կապիտուլյանտ» ու «թալանչի» արտահայտությունները ու այս «աղմուկի» մեջ կառավարությունն անցկացնելու է իր հիմնազուրկ, բաժակաճառ ու կենաց հիշեցնող, երկրի զարգացման հետ աղերս չունեցող ծրագիրը։

«Ֆեյք» գործի աբսուրդը․ գահավիժում ենք անցյալ

«Ֆեյք» գործի աբսուրդը․ գահավիժում ենք անցյալ

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին «ավանդույթ» էր ընդդիմադիրներին տարբեր պատրվակներով ազատությունից զրկելը՝ հանրահավաքներին ընդառաջ։ 2018-ի հեղափոխություն/իշխանափոխությունից հետո քիչ բան է փոխվել, վերջին օրերի իրադարձությունները դա ապացուցում են կոնկրետ փաստերով։
Հարթակային ընդդիմության հանրահավաքից մեկ օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց:
Դատարանը «կոմպլեմենտար» մարտավարություն ընտրեց՝ Սաղաթելյանին ու Սարգսյանին կալանավորեց, Բեքարյանին ու Ավագյանին ազատ արձակեց։
Սրանից խնդրի էությունը չի փոխվում, որովհետև քաղաքական ակնհայտ ենթատեքստ ունեցող քրեական գործը շարունակում է հարուցված մնալ, իսկ երկու մարդիկ կալանքի տակ են՝ քաղաքական դրդապատճառներով։
Այսպես ասած՝ «Ֆեյքի» գործն ինձ համար ակնհայտ ֆեյք է՝ չհիմնավորված, չմարսված։
Գործի չորս ֆիգուրանտներից Արիկ Սաղաթելյանին ճանաչում եմ շատ վաղուց ու կարծում եմ՝ բավականին լավ, ու չեմ կարծում, թե նա կարող էր նման հանցագործություն կատարել։ Նույն կարծիքին եմ նաև Կարեն Բեքարյանի մասին, նրա հետ մի քանի շփումները ինձ մոտ կարծիք է ձևավորել, որ գործ ունեմ մտավորական, կիրթ մարդու հետ։
Մյուս երկուսին չեմ ճանաչում ու ոչինչ ասել չեմ կարող։
Սակայն առնվազն վատ եմ զգում, ամաչում եմ, որ իմ երկրի ԱԱԾ-ն կարող է զբաղվել նման կարգի գործերով, անհեռանկար ժամավաճառությամբ՝ էապես հարվածելով Հայաստանի հեղինակությանը։
Մարդկանց բռնել ու կալանավորել միայն այն բանի համար, որ հայտնի ֆեյքի օգտագործած VPN-ից են օգտվում՝ մեղմ ասած, արդարադատության ծաղր է։
Կարևոր չէ՝ որս, ինչ քաղաքական դիրքորոշում, համախոհություն և տարաձայնություններ ունենք, բոլորս պետք է պահանջենք անհապաղ ազատ արձակել այս գործով կալանավորված մարդկանց՝ մեր ազատությունների դեմ ոտնձգություններ ու դրանց նոր դրսևորումներ թույլ չտալու նպատակով։

Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը․ Բադասյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Նիկոլ Փաշինյանի քինախնդրությունը․ Բադասյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Վահան Բադասյանը ԱԱԾ կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում: «․․․Իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»,- գրել է արցախյան բոլոր պատերազմների մասնակից հրամանատարը, ով այժմ գտնվում է անազատության մեջ։
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը կալանավորվել էր հունվարի 29-ին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Վահան Բադասյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հունվարի 28-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետին զենքի ուժով հեռացնելու կոչեր է հնչեցրել:
«Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»,- նշել էր Արցախի ԱԺ նախկին պատգամավորը:
Լրագրողների ճշտող հարցին՝ ինչ տարբերակո՞վ, Բադասյանն արձագանքել էր՝ բոլոր տարբերակներով, այդ թվում՝ զենքի։ «Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում։  Ես գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ինքը պետք է վերանա և հեռանա»,- ասել էր Բադասյանը։
Ամենևին նպատակ չունեմ արդարացնել Բադասյանի խոսքը ու միշտ այն կարծիքին եմ եղել, որ բռնությունը, բռնության կոչը քաղաքականության մեջ տեղ չունեն։
Այնուամենայնիվ, ոչ իրավաչափ եմ համարում Վահանի կալանավորումը ու վստահ եմ, որ նա Փաշինյանի քաղաքական քինախնդրության զոհն է։
Նույնիսկ իրավական հարթության վրա Բադասյանին մեղսագրվել է արարք, որը կապ չունի նրա հայտարարության մեջ ու այս գործը փլվելու է, եթե նույնիսկ դատարան հասնի՝ իշխանության քաղաքական կարճատեսության հետևանքով։
Մյուս կողմից, շատ կարևոր է հասկանալ քաղաքական, հանրային այն համատեքստը, որտեղ հնչել է Վահանի խոսքը։ Ոչ մի ահաբեկիչ իր մտադրության մասին չի հայտարարում հեռուստախցիկների առջև ու Վահանի շուրթերով միանշանակ խոսել է հայրենիք, հաղթանակ կորցրած հասարակությունը, հայրենազրկված հայությունը, որն ընդվզում է իշխանության ապիկար քաղաքականության դեմ։
Ընդ որում, Վահանից շատ ավելի արմատական կոչեր հնչեցնում է մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը ու հետապնդելով ճանաչված հրամանատարին՝ իշխանությունը միայն գեներացնում է հանրային դժգոհությունները, հող է նախապատրաստում հանային տրամադրությունների ռադիկալացման համար։
Վահան Բադասյանը արցախյան երեք պատերազմներին, վերջինում ծանր վիրավորվել է ու անտարակույս, անհապաղ պետք է ազատ արձակվի։ Ընդ որում, դա առաջին հերթին բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, որովհետև հաջորդ «Վահան Բադասյանին» իշխանություններն ազատազրկել չեն հասցնի․․․

Նավալնիին դարձրեցին բողոքի խորհրդանիշ Պուտինի կարճաժամկետ հաղթանակը

Նավալնիին դարձրեցին բողոքի խորհրդանիշ Պուտինի կարճաժամկետ հաղթանակը

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով:

Դատարանի որոշումը խիստ կանխատեսելի էր՝ Պուտինի իշխանությունը սրանով, ըստ էության, բացառում է ռուսական ընդդիմության լիդեր Նավալնիի և նրա թիմի մասնակցությունը Պետդումայի ընտրություններին, որոնք անցկացվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Խնդիրն այն չէ, որ Նավալնին այս պահին վայելում է ռուսաստանցիների մեծամասնության համակրանքը, այլ այն բնական վախը, որը բնորոշ է ավտորիտար բոլոր ռեժիմներին։ Կրեմլում համարում են, որ ընտրություններում ցանկացած իրական այլընտրանք կարող է խարխլել համակարգային կայունությունը, որը հիմքում խարիզմատիկ առաջնորդի Պուտինի գործոնն է։

Նավալնիի գործը Կրեմլի համար նաև, այսպես ասած, գաղափարական բաղադրիչ ունի և մաս է կազմում Արևմուտքի հետ գլոբալ հակադրությանը։ Խնդրին նույն տեսանկյունից է մոտենում նաև Արևմուտքը, որի քսան դիվանագետներ երեկ մասնակցում էին Նավալնիի դատավարությանը։ Երեկ երեկոյան արդեն ականատես դարձանք պաշտոնական Մոսկվայի և արևմտյան մայրաքաղաքների դիվանագիտական թեժ պոլեմիկային։

Սակայն խնդիրը Նավալնիի անձը չէ, որ շատ դեպքերում հակասական է, նույնիսկ՝ էպատաժային։ Խնդիրը՝ Ռուսաստանում աճող բողոքական տրամադրություններն են, որոնց տրանսլյատորը դարձել է Նավալնին։ Նրան կարելի է մեկուսացնել ընտրություններից, սակայն դրանով լուծվում է ընդամենը կարճաժամկետ խնդիր, որովհետև Պետդումայի ընտրություններից հետո իշխանության և հասարակության խզումն ավելի է մեծանալու, ի վերջ՝ խորացնելով համակարգային ճգնաժամը։

«Պատրոն Դավոն» կալանավորվեց

«Պատրոն Դավոն» կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊՆ նախկին նախարարի խորհրդական, Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Բադասյանը կալանավորվեց, բայց խնդիրը մնաց․․․

Բադասյանը կալանավորվեց, բայց խնդիրը մնաց․․․

Երեկ ուշ երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել է։
Նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։
Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։
Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Բադասյանի քաղաքական հռետորաբանությունը, բնականաբար, չեմ արդարացնում, որովհետև որևէ պարագայում արդարացված չէ բռնության, հաշվեհարդարի կոչը ու այս համատեքստում քննարկելի չէ նաև դատարանի որոշման իրավաչափությունը։ Բադասյանը, թերևս՝ գիտակցաբար, իր կտրուկ հայտարարությամբ, ինքն էր կանխորոշել իր կալանքը՝ հնարավոր չդարձնելով դատարանի այլ որոշում։
Մյուս կողմից, Փաշինյանին ֆիզիկապես վերացնել կամ նման կոչեր հնչեցնել չի կարելի․ հետքեր մաքրելն անթույլատրելի է, գործող վարչապետը դիվանագիտությունը և պատերազմը ձախողելու վերաբերյալ բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի։
Բայց ինչո՞ւ են ծնվում նման կոչեր։
Վստահաբար՝ Բադասյանը միայնակ չէ ու նրա նման մտածում են մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, մանավանդ՝ պատերազմի բովով անցած տղերք։
Քաղաքական լուծումներ չկան, ունենք դևալվացված իշխանություն և անբովանդակ ընդդիմությունը և ահա, այս համատեքստում տեղի է ունենում հանրային տրամադրությունների ռադիկալացում։
Այսօր միայն կոչ է հնչում, վաղը կարող են հնչել նաև կրակոցներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չգիտակցեն, չհասկանան, որ քաղաքական լուծումներ են պետք։ Ընդ որում՝ քաղաքական լուծումներ, որոնք միտված կլինեն ոչ թե իշխանության վերարտադրությանը, այլ՝ քաղաքական, սոցիալական, բարոյական ճգնաժամի հաղթահարմանը, պետական ու քաղաքական արդյունավետ համակարգերի կայացմանը, ներքին և արտաքին անվտանգային ռիսկերի չեզոքացմանը։
Չգտնվեն լուծումներ, Բադասյանը բացառիկ դեպք չի մնալու, եթե անգամ պետությունը գործի դնի իր ողջ ռեպրեսիվ մեքենան։