կառավարություն

Անմեղսունակ իշխանության ուրվականը

Անմեղսունակ իշխանության ուրվականը

Երեկ նորընտիր ԱԺ-ում կառավարությունն առաջին անգամ պատասխանում էր պատգամավորների հարցերին։
Մեծ էր սպասումը, որ ստանալու եք հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ։
Ցավոք, տեսանք այն, ինչը բնորոշ է վերջին երեք տարիներին՝ իշխանության դիլետանտիզմ ու անմեղսունակություն։
Նիկոլ Փաշինյանի «համառությունը» պարզապես զարմացնում է։ Փաստորեն` Գորիս- Կապան ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցրել ենք ոչ թե պատերազմում կրած պարտության, այլ 2010թ-ին ընդունված ինչ-որ ներպետական օրենքի պատճառով։
Երբ պաշտոնյան չի ընդունում իր իշխանավարման ընթացքում տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը, նույնիսկ անիմաստ է նրանից ակնկալել պատասխան, թե ինչպես է պատկերացնում Գորիս- Կապան ճանապարհին ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը։
Փաշինյանն այդ մասին չխոսեց էլ, որովհետև գիտակցում է, որ իր «փայլուն» քաղաքականության հետևանքով Հայաստանն այնքան է կորցրել սուբեկտությունը, որ տարածաշրջանում կորցրել է իր ազդեցությունն անգամ այն գործընթացներում, որոնք կենսականորեն վերաբերում են Հայաստանին ու Արցախին։
Եվ այս համատեքստում «խաղաղության դարաշրջանի» մասին Փաշինյանի անընդհատ պնդումները նմանվում են քաղաքական բովանդակություն չունեցող կարգախոսի, բաժակաճառի։
Ցավն այն է, որ նույն անմեղսունակությունն է նաև այլ հարցերում։
Օրինակ, պարզ չէ՝ արդյո՞ք գազի սակագինը Հայաստանի համար հաջորդ տարի փոխվելու է, թե՞ ոչ ու երկու սցենարներց որևէ մեկի դեպքում ինչ գին է վճարելու Հայաստանը։
Նույն տրամաբանությունն է գործում սոցիալական հարցերում։
Պատգամավորը կառավարությանը հարց է ուղղում, թե ինչու են բուժհիմնարկներում դադարեցվել պետպատվերով ծառայությունները, սակայն բովանդակային պատասխանի փոխարեն՝ լսում ենք առողջապահության նախարարի երկար-բարակ բացատրությունները այն մասին, թե ինչքան «բացառիկ հոգատար» է գործող իշխանությունը։
Գործ ունենք բացարձակ անմեղսունակ ու փնթի իշխանության հետ, որի պաշտոնյաններն արդեն իսկ միջազգային կարևոր միջոցառումներ են բաց թողում՝ ինքնաթիռի անսարքության անհեթեթ պատճառաբանությամբ։ Գործող իշխանությունը բացակա է երկրին ու հասարակությանը հուզող կարևոր հարցերում ու «պարտաճանաչ» է բացառապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեփական արտոնությունների կամ եկամուտների ավելացմանը։

«Պատմական ապստամբության» հետքերով

«Պատմական ապստամբության» հետքերով

Մի քանի օր առաջ Հայ ազգային գվարդիան և մի շարք քաղաքացիական նախա¬ձեռնություններ ստորագրեցին հա-մախմբման հուշագիր՝ Հայ ազգային ճակատը, «Ձայն հայրենյաց»-ը, Մտավորականների խորհուրդը և Կոմանդոսի «Խորհուրդը»: Երեկ էլ այս միավորումը որոշել էր կառավարության շենքի մոտ «հայահավաք» անցկացնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորում։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նման հավաքները և դրանց օրակարգը միանգամայն լեգիտիմ են ու նույնիսկ զարմանալի է, որ ակցիաներին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցում։ Օրինակ, երեկ հավաքին, որը պետք է դներ «ազգային-ազատագրական պայքարի» մեկնարկը, հավաքվել է 2000-ին մոտ մարդ։
Սրանով հանդերձ՝ հավաքը ու նրա պահանջները միանգամայն լեգիտիմ են, սակայն անհասկանալի մնաց, թե ինչու հավաքված 2000 քաղաքացիները որոշեցին «ժողովրդի անունից» ներխուժել կառավարության շենք, մանավանդ, որ այդ պահին շենքում որևէ պաշտոնյա չկար։
Նման «ներխուժումները» ինքնաբուխ չեն լինում և, ըստ էության, ստվերեցին երեկվա ակցիան, որովհետև պայքարի ոչ լեգալ մեթոդները ձեռնտու են միայն իշխանությանը, որը լեգիտիմ ուժ կիրառելու հնարավորություն է ստանում՝ հասարակությանը և միջազգային հանրությանը մատուցելով, որ իր դեմ ընդվզում են մի խումբ մարգինալներ։ Պատահական չէ, որ 5 անձ արդեն ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:
Ըստ երևույթին, կառավարության շենքի երեկվա «ներխուժումը» քաղաքական սցենարի փորձարկում էր։ Ընդամենը։ Սա այն դեպքն է, երբ հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիների անկեղծ զայրույթն օգտագործվեց քաղաքական տեխնոլոգիաների նպատակով։
Շենքեր «ներխուժելու» սցենարի մասին օրեր առաջ Արարատում բարձրաձայնել էր Վազգեն Մանուկյանը՝ դա կոչելով ապստամբություն։ Արդյո՞ք երեկ փորձարկվում էր «Հայրենիքի փրկության շարժման» լիդերի թեզը, թե՞ Ռոբերտ Քոչարյանն էր փորձում ապացուցել, որ իր մեկ հարցազրույցը ու ընտրությունների մասնակցելու մեսիջը նման «խանդավառությամբ» է ընդունվել քաղաքացիների կողմից։
Սրանք ընդամենն առաջ քաշված վարկածներ են, բայց փաստ է, որ ընդդիմադիր գործունեությունը հերթական անգամ դեգրադացվեց, իսկ իշխանությունը հնարավորություն ստացավ փորձարկել իր ուժային պոտենցիալը։

Ցեմենտի ներմուծումն արգելվեց

Ցեմենտի ներմուծումն արգելվեց

Կառավարության որոշմամբ ցեմենտի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։։