Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր անդրադարձել է ԼՂՀ ապագա կարգավիճակին և մասնավորապես ասել է. «Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի առաջացման»,- ասել է նա։
Իր խոսքում Մեդվեդևը շեշտել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»:
«Եվ ես կհիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ մասին, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել հետագայի համար»,- հավելել է Մեդվեդևը։