Միշել

Բրյուսելյան բանակցությունների մասին.

Բրյուսելյան բանակցությունների մասին.

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս անգամ Միշելը հատուկ նշել է Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ ԼՂ-ով հանդերձ,

  • ԼՂ ադրբեջանական պատկանելության ամրագրումն անակնկալ չէ, սա բխում է 44-օրյա պատերազմի արդյունքից կամ հետևանք է Հայաստանի պարտության: Խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, այլ այն, որ դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը ոչ անցած տարի, ոչ էլ հիմա չի պահանջել փաստաթղթավորված երաշխիքներ ԼՂ սուբեկտության կամ քաղաքական ինքնավարության համար: Միշելի երեկվա խոսքի այս հատվածը լղոզված էր, ինչը հուշում է, որ ԼՂ ժողովրդի համար անվտանգության կոնկրետ մեխանիզմներ մշակված չեն,
  • 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը օրակարգ է բերելու, այսպես կոչված, անկլավների հարցը, որն անվտանգային նոր սպառնալիքներ է ստեղծելու Հայաստանի համար,
  • Ադրբեջանին գործնականում չի պարտադրվում նահանջել ՀՀ այն տարածքներից, որոնք նա օկուպացրել է 2021-2022թթ-ին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը պայմանական է,
  • Թույլ լավատեսություն կա գերիների ու դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման հարցերի շուրջ, բայց դարձյալ չկան հստակ երաշխիքներ:

Սուրեն Սուրենյանց

Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին

Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին

✓ Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։✓ Բանակցություններին հաջորդել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունը։

✓ կարևորվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

• Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։

✓ Գերության մեջ պահվող անձանց և անհատ կորածների խնդիրները նույնացվել են` կարեւորելով դրա համակողմանի լուծումը։

• Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ռազմագերիներ կվերադարձվեն Հայաստան։

✓ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է` սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

• պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երեւանի առաջարկություններով։ Ամեն դեպքում` Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

✓ դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նպատակով` որոշվել է` մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը նաև ապահովելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։

• Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին` թեեւ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։

✓ ողջունվել է ապաշրջափակման հարցը, երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը, կարեւորվել է ճանապարհային կապերի վերականգման համար լուծումներ գտնելը։

• Այս հարցում թերեւս էական նորություններ չկան, որովհետև այսքանն ամրագրված էր նաև Միշել- Փաշինյան- Ալիև նախորդ հանդիպման ժամանակ

Եվ վերջապես` բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում` ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման։